Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Երիցյան․ «Գնաճը չարիք է մեր հասարակության բոլոր կողմերի համար»

Օգոստոս 02,2022 17:20

Կենտրոնական բանկի խորհուրդն որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է մի քանի պատճառով։ Երիցյանը նախ նշեց, որ այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումը, մեր երկրի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվությունը դանդաղում է, միջազգային շուկաներում էլ գները բարձր են։ Ներսես Երիցյանի ներկայացմամբ՝ զարգացած երկրների ԿԲ-ներն էլ շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները, ինչը կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը, գնահատվում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն գնաճը առաջիկայում դեռեւս կպահպանվի։

«Պահանջարկը շարունակվում է միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով, բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը։ ՀՀ դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը»,-ասաց Երիցյանն՝ նշելով տոկոսադրույքի փոփոխման պատճառները։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն, ինչպես ասաց ԿԲ փոխնախագահը, վարկային շուկայի վրա էլ որոշակի ազդեցություն կունենա․ «Բայց, կարծում ենք, այն միտումները, որ կան ֆինանսական շուկայում, կպահպանվեն»։

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ԿԲ-ից կոնկրետ ցուցանիշ չնշելով, վստահեցրեցին՝ եթե այլ զարգացումներ չլինեն, ապա աճը դրական է լինելու, այսպես ասած՝ դեպի վերեւ կաճի։

Հունիսին գնաճը շարունակել է աճել, այն կազմել է 10,3%։ Սակայն, ԿԲ փոխնախագահն ասաց, որ տասներկուամսյա գնաճն աստիճանաբար կնվազի, եւ միջնաժամկետ հորիզոնում այն կմոտենա նպատակային 4% ցուցանիշին։ Այդուհանդերձ, ըստ ԿԲ-ի, մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը պահպանվում է։ «Գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման դեպքում ԿԲ խորհուրդը կարձագանքի եւ կապահովի գների կայունությունը»,-ասաց ԿԲ փոխնախագահը։

Ըստ ԿԲ-ի, եթե դրամը չարժեւորվեր, ապա մեկ ամսում գնաճը մեկ տոկոսով ավելի բարձր կլիներ, իսկ երկարաժամկետ հատվածում, շատ ավելի բարձր։

«Մենք ունենք արտաքին պահանջարկի շոկ, մեր երկիր գալիս են զբոսաշրջիկներ, արտահանումն է շատ արագ աճում, 50-70% արտահանման աճ ունենք։ Այսինքն՝ մեր ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկ կա, որի դիմաց մարդիկ արտարժույթ են բերում, որպեսզի այդ սպառումն իրականացնեն։ Քանի որ այդ պահանջարկն ավելի բարձր է, քան առաջարկը, փոխարժեքը ճշգրտվում է, սպառումը նվազում է, որով նաեւ գներն են նվազում»,-ասաց Երիցյանը։

Նա նշեց, որ գնաճի կանխատեսումը պահպանվում է, տարեվերջին՝ 8,5%։

Ըստ Երիցյանի, մեր երկրում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երեւույթներով․ «Բարձր գնաճը երկրորդ փուլով ճնշելու է աշխատավարձերի աճը։ Այսինքն՝ բիզնեսի ծախսերն ավելանալու են, որը նաեւ միջազգային մրցունակության խնդիրներ կառաջացնեն։ Ուստի մենք կարծում ենք՝ գնաճը չարիք է մեր հասարակության բոլոր կողմերի համար, այդ թվում՝ բիզնեսի, արտահանողների, ներմուծողների։ Գնաճը զսպելով մենք կկարողանանք հիմնական խնդիրները՝ երկարատեւ կայուն տնտեսական աճի հետ կապված, լուծել եւ ունենալ աշխատավարձերի իրական աճ՝ պայմանավորված նոր շուկաների մուտքով, արտադրողականության աճով, եւ ոչ թե միան պահանջարկի աճով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031