Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում վերանորոգվում են շատրվանների պոմպերը

Օգոստոս 08,2022 16:07 Share

Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան: Ջրային այս կառույցների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեներում:

«12 պոմպ է այս տարվա ընթացքում վերանորոգվելու, որոնք կազմում են վեց շատրվանի հանգույցները: Դեռևս նախորդ տարի Երևանի քաղաքապետի կողմից որոշում կայացվեց ծրագիրն իրականացնել, որպեսզի խուսափենք հաճախակի խափանումներից: Նախ նախագծի մրցույթ իրականացվեց և հիմա արդեն մեկնարկել է նաև շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

«Խնդիրը մեր պոմպերի ու շարժիչների փոխարինումն էր: Դրանք արդեն ֆիզիկապես մաշվել էին, ամիսը երկու-երեք անգամ վթարվում էին, արդեն հասել էր այն վիճակին, որ այդ պոմպերն անիմաստ էր վերանորոգել: Հիմա դրանք փոխարինվում են, և երկար տարիներ շատրվանը կգործի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

«Ժամանակի ընթացքում կոռոզիայի էին ենթարկվել մետաղական բոլոր կառույցները, միանշանակ է, որ այս պոմպակայանները վերանորոգման կարիք ունեին: Այս պահին կատարվում են ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո ըստ փուլերի կկատարենք համաշինարարական, մոնտաժման ու էլեկտրականության աշխատանքներ և կհանձնենք շահագործման»-, նշում է «ՌԱՖ ՕՋԱԽ» ընկերության ճարտարագետ-հիդրոտեխնիկ Վաչե Գալստյանը:

Գործընթացը մեկնարկել է «Հանրապետության հրապարակ» կայարանի և Գայի արձանի դիմացի հատվածի գեղարվեստական շատրվաններից: Մասնագետները վստահեցնում են. այնպիսի հաշվարկներ են արվել, որ շատրվանները երկար ժամանակ անխափան աշխատեն:

Պոմպերի ու շարժիչների փոխարինմանը զուգահեռ՝ ծրագրով, ի դեպ, նորոգվում են նաև պոմպակայանները:
«Բոլոր պոմպակայաններում նախագծողի հետ ուսումնասիրություններ են արվել, հիդրավլիկական հաշվարկներ և, ելնելով տեղանքից ու շատրվանների բարձրությունից, հիմնարար եզրակացություն ունենք, թե որ կայարանի համար ինչ տիպի պոմպեր ենք տեղադրելու»,- ընդգծում է Վաչե Գալստյանը:

«Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Հուսով ենք՝ 100% արդյունավետություն կապահովվի, և մենք ավարտին կունենանք վերազինված պոմպային համակարգ»,- նկատում է Արսեն Կարոյանը:

Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից: «Ջրախոս» այս կոթողները տարիների ընթացքում դարձան ոչ միայն Երևանի հմայքն ընդգծող խորհրդանիշերից մեկը, այլև առանձնացան կենսական նշանակությամբ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031