Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ծերացող երկիր է․ 2050 թվականին բնակչության 4-ից 1-ը կլինի տարեց․ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները

Օգոստոս 13,2022 19:07

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը երեկ Գյումրիում երիտասարդների տոնին նվիրված իր ելույթում, որը կոչվում էր «Սերունդների համերաշխություն», մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց միգրացիայի, դեմոգրաֆիկ վիճակի, երիտասարդների թվի նվազման մասին։

Նա նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լքել է շուրջ կես միլիոն մարդ։ Ըստ նրա, միայն 2020 թվականին է, որ մեր երկիր ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել։ Ըստ բանախոսի, դա կապված է Քովիդ-19 համավարակի հետ, որը չի թույլատրել մարդկանց իրագործել իրենց պլանները՝ երկրից բացակայելով։

Բանախոսը ներկայացրեց նաև երիտասարդների իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։

Այս վիճակագրությունը ևս տխուր էր․ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում երիտասարդների թիվը պակասել է։

«Կան երիտասարդներ, որոնք ո՛չ կրթության, ո՛չ որևէ վերապատրաստման, ո՛չ էլ զբաղվածության մեջ են, այսինքն՝ երիտասարդ տարիքի բնակիչներ են, որոնք ոչնչով չեն զբաղվում։ Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ ցուցանիշով առաջիններից է ողջ տարածաշրջանում։

Սա շատ կարևոր և ահազանգող ցուցանիշ է, որի վրա ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Եվ մեկ բացասական հանգամանք նշեմ երիտասարդների մասին, որ վերջին 10 տարիների ընթացքում՝ սկսած 2010-2012 թվականներից Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։ Սա մտահոգիչ փաստ է, եթե ավելի պարզ ասեմ՝ ¼-րդ-ով նվազել է երիտասարդների թիվը։ Հիմնական պատճառը, ըստ մեր ուսումնասիրությունների, արտագաղթն է»,-ասաց բանախոսը։

Վերջինս անդրադարձավ նաև ծնելիության թվին։ «Ծնելիության բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չէ, որ կրկնակի, նույնիսկ եռակի անգամ նվազել է, և երբ մենք ունեինք տարիներ, երբ ավերիչ երկրաշարժից հետո ժողովրդագրության մեջ կոչվեց բեյբի-բում, երբ որ ծնվեցին ամենաշատ թվով երեխաները, մոտ 80 հազար էր, համեմատության համար ասեմ, որ վերջին տարում ծնվել է մոտ 35 հազար երեխա, որը շատ և շատ ցածր է նախկին ցուցանիշներից։

Անդրադառնամ նաև կանխատեսումներին, ուղղակի հենց հիմա, նախապես ասեմ, որ ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, ծնելիության թիվը շարունակաբար նվազելու է»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ ծնելիության գումարային գործակցին։

«Ժողովրդագրության մեջ կա մի հասկացողություն, որը կոչվում է պարզ վերարտադրություն, այսինքն՝ դա այն երեխաների թիվն է, որը ծնողները ողջ կյանքի ընթացքում ունենում են»։

Ըստ բանախոսի, ցանկացած երկրում այդ ցուցանիշը պետք է լինի 2,1 տոկոս, ավելի պարզ ասած՝ հայրն ու մայրը պետք է գոնե առնվազն երկու երեխա ունենան, որպեսզի փոխարինեն ծնողներին։ Եթե նրանք ունենում են երկու երեխա, նշանակում է բնակչության թվաքանակը մնում է անփոփոխ։

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ծնելիության գումարային գործակիցը 1,6 է, այսինքն 10 կնոջ հաշվով ընկնում է 16 երեխա կամ այլ կերպ ասած՝ մի ընտանիքում ծնվում է 1-2 երեխա, մի ընտանիքում մեկ, մյուսում՝ երկու, միջինը ստացվում է 1,6 տոկոս։ Իսկ սա նշանակում է, որ մեր բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում է»,-ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում չկա մի երկիր, որի գյուղական բնակչության  շրջանում ծնելիության գումարային գործակիցը լինի ավելի ցածր, քան քաղաքայինում։

«Այսպես ասած ծնունդների համար հիմնական պատասխանատվությունը կրել են գյուղաբնակները, գյուղերում միշտ ավելի շատ բնակիչներ են ծնվել, քան քաղաքներում։ Եվ Հայաստանը բացառություն չէր։ Վերջին տարիներից սկսած՝ մոտավորապես 2012 թվականից Հայաստանի գյուղերում սկսեցին ծնվել ավելի քիչ թվով երեխաներ, քան քաղաքներում։ Սա շատ մտահոգիչ ցուցանիշ է, մեր գյուղաբնակները չեն ցանկանում ունենալ այնքան թվով երեխա, որքան նրանք ուզում էին ունենալ նախկինում։ Այն իր հերթին բերում է բացասական վիճակների, ինչպիսիք են՝ գյուղի արտագաղթ դեպի քաղաքներ, գյուղերի դատարկում, գյուղաբնակների շրջանում տարեցների թվի մեծացում»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։

Բանախոսը խոսեց նաև մահերի թվի մասին։

«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում մահերի թիվը բարձրացավ մոտ 10 հազարով, եթե ոչ ավել, սա պայմանավորված է և՛ պատերազմով, և՛ երկու տարում քովիդ համավարակի բարձր թվերով»։

Բանախոսը տխրությամբ արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր համարվում է  ծերացող բնակչություն ունեցող երկիր, որովհետև կենսաթոշակառուների տեսակարար կշիռը 14 տոկոսից բարձ է։

«Ըստ ՄԱԿ-ի սանդղակի, 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող երկիրը համարվում է ծերացող։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, 2050 թվականին Հայաստանի բնակչության 4-ից 1-ը լինելու է տարեց, ինչը շատ լուրջ մարտահրավեր է զուտ անվտանգության գործակցի և երիտասարդների ուսերին ընկնող սոցիալական, առողջապահական, կենսաթոշակ վճարելու բեռի առումով։ Երիտասարդների թիվը գնալով նվազում է, տարեցների թիվը գնալով աճում է»,-ասաց ՄԱԲՀ «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031