Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը բարդ գործընթաց է, բայց հնարավոր է եւ շարունակվում է առայսօր. Դավիթ Բաբայան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2022 10:34 Share

Հարցազրույց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

– ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը երեկ հայտարարել է, որ «Արցախի անկախության շանս չկա եւ չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։ Իրո՞ք 30 եւ ավելի տարիներ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվել։

– Դա այդ մարդու անձնական կարծիքն է, պարզապես պետք է հասկանալ հետեւյալը․ այո, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը բարդ գործ է, դժվար է։ Բայց դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ։ Նախեւառաջ ուզում եմ հիշեցնել բոլորին․ որպեսզի ավելի ճիշտ ձեւակերպում տանք, ավելի ճիշտ հասկանանք իրավիճակը, պետք է ունենանք համապատասխան փաստեր այդ գործընթացների վերաբերյալ, ունենանք համապարփակ պատկերացում այդ ամենի վերաբերյալ։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը բարդ գործընթաց է, բայց հնարավոր է եւ շարունակվում է առայսօր։ Այսինքն՝ գործընթացը չի վերջացել, Արցախի Հանրապետությունն անցյալում չէ, որ Արցախի մասին խոսենք, որ դա հնարավոր չէ անել, եւ փաստ լինի, որ, իրոք, չկա հիմա Արցախի Հանրապետություն։ Ոչ, դա այդպես չէ, գործընթացը գնում է։ Ավելին, Արցախը մշակել է բազմաշերտ միջազգային ճանաչման գործընթաց։ Մենք սկսում ենք մեր աշխատանքն ամենաառաջնային մակարդակից, ասենք՝ քաղաքների, ինչ-որ մունիցիպալ կազմավորումների մակարդակով, այնուհետեւ անցնում ենք ինչ-որ մարզերի մակարդակ եւ վերջում արդեն՝ պետությունների։ Հիմա, առաջնային մակարդակում մենք ունենք բազմաթիվ քաղաքներ, որոնք ճանաչել են Արցախը։ Ունենք քաղաք, որի բնակչությունը երկու-երեք հազար մարդ է, բայց ունենք նաեւ մեգապոլիս՝ Լոս Անջելեսը՝ 15 միլիոնանոց, որը նույնպես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Երկրորդ մակարդակը՝ տասնյակ նահանգներ՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ֆրանսիայի տարբեր մունիցիպալ շրջաններ, բասկերի երկիրը ճանաչել են Արցախի Հանրապետությունը։ Փա՞ստ է՝ փաստ է։ Եվ վերջապես՝ երրորդ մակարդակով, մենք ճանաչվել ենք, ճիշտ է՝ մասամբ ճանաչված, բայց էլի պետությունների կողմից՝ Հարավային Օսիա, Աբխազիա, Մերձդնեստր։ Սա փաստ է, եւ այդ գործընթացը շարունակվելու է։ Եվ այստեղ շատ բան է կախված նաեւ մեր աշխատանքից։ Այսինքն՝ խնդիրը բարդ է, որովհետեւ միջազգային ճանաչման գործընթացին հիմա հասնում են իրավունքի, պատմության հիմնավորումներով, որը մեզ մոտ անթերի է, այլ աշխարհաքաղաքական շահ կա՝ դրա համար է մի քիչ բարդանում։ Իհարկե, մենք նույնպես արժանի ենք ճանաչման եւ շատ ու շատ ճանաչված երկրներից ավելի նորմալ երկիր ենք դարձել։ Բայց խնդիրը դրա մեջ չէ, սա աշխարհաքաղաքականություն է։ Դրա համար գործընթացը շարունակվում է, եւ նույնիսկ Ալիեւն ինքն էր պնդում, որ իրեն ստիպում են, որ նա ճանաչեր Արցախի անկախությունը, եւ դա 2016 թվականին էր, եթե չեմ սխալվում։ Կարծում եմ, այն, ինչ ես ասացի, արդեն իսկ բավարար է ցույց տալու, թե ինչ էր Արցախի ճանաչման գործընթացը, հնարավոր էր կամ հնարավոր չէր։

– Լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում կադրային փոփոխություններ է նախատեսում, եւ ամենաշրջանառվող անուններից մեկը Ձեր անունն է։ Ձեզ նման լուրեր հասե՞լ են։

– Արցախը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին, Հայաստանը չի միջամտում եւ չպետք է միջամտի Արցախի ներքաղաքական կյանքին՝ սա չգրված օրենք է։ Արցախի Հանրապետության կառավարությունը ձեւավորվում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների միջոցով, սա դարձել է մեզ համար արդեն ձեւավորված պոլիտիկա։ Երկրորդը՝ ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, եւ երրորդը՝ ես երբեք տաբուրետկաների եւ աթոռների համար չեմ պայքարել եւ չեմ պայքարելու, հասկանո՞ւմ եք։ Ես ծառայում եմ իմ երկրին, իմ ժողովրդի շահերին եւ ինչ-որ աթոռների համար չեմ պայքարում ու պատրաստ չեմ դրա համար զոհաբերել իմ արժանապատվությունն ու մեր երկրի շահը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930