ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման, օգտագործման պայմանների կարգը:
Այս թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը այդ նախագիծը շրջանառության մեջ դնելու անհրաժեշտությունը պայմանավորեց այսպես․ «Տվյալ դեպքում հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է ոչ միայն քննչական գործունեությունը, այլ նաեւ ունի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանում, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել օրենսդրական փոփոխություններ եւ ապահովել վերջիններին իրենց ծառայողական պարտականությունների անհրաժեշտությունից ելնելով զենք կրելու հետ կապված կարգավորումները հստակեցնել եւ սահմանել շրջանակը: Անհրաժեշտությունը ընդգծել է, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեն, որն էլ կազմել է սույն նախագիծը, իսկ Արդարադատության նախարարությունը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նախագծի մշակման հարցում»:
Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը հավելեց. «Մեր օրենքում, ըստ էության, օրենսդրական բաց է առկա: Նախատեսելով մեր ծառայողների համար զենք կրելու իրավունք, բաց է այն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ինչպես կարող է այն կիրառել: Եվ ոչ միայն զենքը, այլեւ հատուկ միջոցները, ֆիզիկական ուժը: Հակակոռուպցիոն կոմիտեն, բացի այն, որ քննչական մարմին է համարվում, այլեւ օրենքով նախատեսված կարգով կարող է իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, որի ժամանակ կարող է նույնիսկ մարտական զենք կիրառել: Ճիշտ է, գործող օրենքով մենք ռազմականացված կառույց չենք համարվում, սակայն հավասարեցվում ենք ռազմականացված կառույցներին: Առաջ անցնելով ասեմ, որ զենքի մասին օրենքի նախագիծ է շրջանառվում, որով Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն դառնում է ռազմականացված կառույց ամբողջությամբ: Փաստացի օրենսդիրը Հակակոռուպցիոն կոմիտեին իրավունք է տվել զենք կիրառել, սակայն չկան օրենսդրական այն կարգավորումները, թե որ դեպքում կարելի է կիրառել: Եվ այս նախագիծը ուղղված է հենց դրան, որ կարգավորումները նշվեն, սահմանափակումները հստակեցվեն, թե որ դեպքում ինչ միջոց կարելի է կիրառել»:
«Իրավունքի եւ զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը», սակայն, համաչափության հետ կապված մտահոգություն էր հայտնել, բարձրացրել իրավաչափ լինելու հարցը:Կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը այդ առումով նշեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հակակոռուպցիոն կոմիտեն» ունի նաեւ օպերատիվ ստորաբաժանում եւ նրանց զենք կրելու եւ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը ակնհայտ է, մենք խնդիրը պարզապես դիտարկել ենք, ինչպես ճիշտ նշվեց, համաչափության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես, ներմուծվող իրավակարգավորումները չեն նախատեսում զենքի կիրառման համաչափության սկզբունք: Իհարկե, կան իրավակարգավորումներ, թե որ դեպքում կարող է կիրառվել: Բայց օրինակ, անձի կողմից ձեռքը գրպանը տանելը կարող է հիմք հանդիսանալ մարտական զենքը կիրառելու համար: Չի մասնավորեցվում, թե այդ կիրառումը ինչ սահմանափակումներ ունի: Օրինակ, մարմնի որ մասին կարելի է կրակ արձակել եւ առանց նախազգուշացման զենքը կիրառելու հնարավորություն է տրված: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ավելի մանրամասն կարգավորումներ իմպլեմենտացնել՝ այս հնարավորությունը տալով ծառայողներին: Ըստ էության, մեր մտահոգությունը հենց սա է»:
Կարդացեք նաև
Բանախոսները նշեցին, որ այս օրենքի նախագծի սկզբունքները թեեւ սահմանված են, սակայն շատ բաներ դեռ պետք է լրջորեն քննարկել, եղած առաջարկները վերախմբագրել, վերաձեւակերպել, դեռ պետք է դիտարկել եւ քննարկել բոլոր դիտարկումներն ու առաջարկները անխտիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































