Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ճանապարհներին էլեկտրամոբիլները շատանում են (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2022 21:30 Share

Սեպտեմբերի 9-ը էլեկտրամոբիլի միջազգային օրն է: Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցի սիրահարները Երեւանում այդ օրը նշում են երրորդ անգամ: Մարդիկ իրենց էլեկտրամոբիլներով հավաքվել էին Շահումյան հրապարակում՝ հանրությանը իրազեկելու առանց ներքին այրման շարժիչի աշխատող ավտոմեքենաների հարմարավետությունները եւ առավելությունները:

«Էլեկտրոմոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Կարեն Դերձյանն Aravot.am-ին ասաց. «Տասնյակ, գուցե, նաեւ հարյուրից ավելի էլեկտրամոբիլիստներ այսօր հավաքվել են իրենց մեքենաները ցուցադրելու, միմյանց հետ ծանոթանալու, փորձով եւ տպավորություններով կիսվելու համար: Տարեցտարի մեքենաները շատանալուն զուգընթաց՝ միջոցառման ընդգրկումը մեծանում է: Ավտոշքերթով գնալու ենք Եռաբլուր, եւ խորհրդանշական ծառատունկ ենք անելու՝ ի նշան կանաչ ապագայի:

Ուրախալի է, որ գնալով շատանում են էլեկտրամոբիլներով հետաքրքրվողները: Միայն այս տարի արդեն 600-ից ավելի հետաքրքրված անձ ունենք, որոնք սոցիալական ցանցերով են տեղեկացել այս միջոցառման մասին: Համեմատության համար ասեմ, որ անցած տարի այդ թիվը մոտ 400 էր: Մի կարեւոր դիտարկում եւս: Մարդիկ ոչ միայն հանուն հետաքրքրության կամ հենց այնպես են գալիս տեսնելու էլեկտրամոբիլները, այլեւ շատ դեպքերում իրենք էլ են ձեռք բերում: Եվ այսօրվա մեր միջոցառման մասնակիցների մեջ քիչ չեն այդպիսիները, որոնք անցած տարվա մեր միջացառմանը ներկա լինելուց հետո որոշել են էլեկտրամոբիլ գնել եւ շատ գոհ են»:

Կարեն Դերձյանը նաեւ ասաց, որ ներկայումս Հայաստանում կա մոտ 4000 մարդատար էլեկտրամոբիլ: Միայն վերջին եռամսյակում ավելի քան 770 էլեկտրական մեքենա է ներկրվել Հայաստան: Իսկ ընդհանուր առմամբ՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակը՝ ներառյալ բեռնատարները, մոպեդները, ինքնագլորները, սկուտերները, տրիցիկլերը, արդեն անցնում է 15 հազարից:

Զրույցից պարզ դարձավ նաեւ, որ Հայաստանում ստեղծվել է էլեկտրամոբիլների լիցքավորման բավականին հագեցած ցանց, եւ երկրի ամբողջ տարածքում լիցքավորելու խնդիր չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930