Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի կամ արցախցու անվտանգության մասին խոսել՝ թեկուզ խոշոր կամ նվիրյալ գործարարի տեղափոխվելով, կարծում եմ մեղմ ասած միամտություն է»․ Գագիկ Գինոսյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Սեպտեմբեր 09,2022 23:23

«Չեմ  կարող հիմա ինչ-որ բան ասել, մինչև նրա քայլի հետևանքները չլինեն։ Հիմա ինչ-որ որակավորում կատարելը մի քիչ հապճեպության վտանգ ունի, որովհետև քանի դեռ հասկանալի չէ, թե ինքն ինչ գործունեություն է ծավալելու, կարծում եմ՝ տեղին չէ հիմա որակավորելը»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշումը, այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը։

Ըստ նրա՝ եզակի դեպք չէ, երբ մարդն ինչ-որ երկրի քաղաքացիությունից հրաժարվում և մեկնում է ինչ-որ տեղ։ Նա նշեց, որ ունի բազում ընկերներ, որոնք ԱՄՆ, ՌԴ, ԵՄ քաղաքացիությունից են հրաժարվել։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ նման կտրուկ քայլեր անելիս անձը կոնկրետ հիմնավորում ունի, իսկ այս դեպքում պարզ չէ, թե Ռուբեն Վարդանյանն ինչ նպատակ ունի։

Մեր հիշեցմանը՝ նրա նպատակներից մեկն է Արցախի անվտանգության ճակատ ստեղծելը, Գագիկ Գինոսյանն արձագանքեց․ «Դա էլ շատ հարաբերական միտք է։ Ի՞նչ է նշանակում Արցախի անվտանգության ճակատ․ ռազմակա՞ն, ռազմարդյունաբերակա՞ն, գաղափարակա՞ն, մտավորակա՞ն ուղղությամբ, թե՞ ինքը տնտեսություն է զարգացնելու։ Քանի դեռ հստակեցում չկա, թե դա ինչ է ակնկալում, կարծում եմ՝ հիմա ուղղակի սխալ մոտեցում կլինի պիտակավորելը, եթե ավելի հստակ նա չի հայտարարում իր գործունեության մասին։ Չեմ կարծում, որ ճիշտ է ինչ-որ բան հայտարարելը, քանի դեռ հստակեցում չկա, թե որ տեսանկյունից է այդ անվտանգությունը դիտարկվում»։

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ եթե ուղղակի հետևենք Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին, նրա քայլերը գովելի են, բայց միևնույն ժամանակ նշեց․ «Ասում են՝ աշխարհը գնահատում է կատարված իրողությունները և ոչ բարի ցանկությունները։ Ինչ բարի ցանկություն ինքն ունի, դա մի բան է, թե ինչ կկատարվի, այլ բան է։ Դրա համար ժամանակից բավականին շուտ է գնահատական տալ նրա ընդունած որոշմանը։ Որոշումը մի բան է, իրագործման նպատակն՝ այլ։ Ես 2009-ից որոշում ունեմ ռազմապարը մտցնել հայոց բանակ, բայց մինչև հիմա դա չի իրագործվել։ Ի՞նչ է՝ անընդհատ խոսեմ, որ նման որոշում ունեմ ու հայտարարություն անե՞մ։ Փաստն այն է, որ դա դեռ իրականություն չէ, դրա համար ես լռում եմ»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ չե՞ք կարծում, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում բնակվելը հոգեբանական առումով արցախցիներին վստահություն կներշնչի, նա պատասխանեց․ «Դա դերակատարություն չի ունենա։ Արցախում կա անվտանգության խնդիր, այլ ոչ թե գործարարության։ Այս տեսանկյունից յուրաքանչյուր արցախցու համար անվտանգային գործընթաց է պետք վստահություն ունենալու համար։ Ինձ համար ուղղակի տկար և անհասկանալի քաղաքականություն է, երբ ամբողջովին փակ են Բերձորի և բոլոր ճանապարհները և մյուս կողմից նաև որոշում կա՝ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն ծառայելու։ Ինձ համար անհասկանալի ու ավելի քան քննադատելի է, որ արագ՝ նույնիսկ ծառայությունը չավարտած մեկ ամիս շուտ բոլոր ՀՀ քաղաքացիներին Արցախից հանեցին ծառայությունից՝ թույլ չտալով ավարտել։

Այս պարագայում գործարարի լինելը կարող է մի փոքր այնտեղ ինչ-որ տնտեսական շարժ առաջացնել, բայց այնտեղ մարդիկ լուրջ անվտանգային խնդիր ունեն՝ սպառազինության, բանակաշինության։ Այնպես է իրավիճակը, որ նույնիսկ մեկ գնդացիր հնարավոր չէ տանել Արցախ։ Ենթադրենք հինգ միլիոն դոլար ավել մտավ Արցախ, դա ո՞ւմ է պաշտպանելու։ Այսօր Արցախում մեկ անօդաչու թռչող սարքը կամ գնդացիրն անվտանգային տեսանկյունից շատ ավելին է, քան հինգ միլիոն դոլարը։ Ուղղակի Արցախի անվտանգությունը սահմանազատված է։ Այսինքն՝ արված է ամեն ինչ, որպեսզի Արցախն ինքնապաշտպանվելու որևէ ձև չունենա։ Այս պարագայում իհարկե, եթե մարդն ուզում է ներդրումներ անել, տնտեսություն զարգացնել, ավելի քան խրախուսելի է, բայց դրանից արցախցու և Արցախի անվտանգությունն ընդհանուր առմամբ անգամ փոքր-ինչ չի փոխվելու, քանի որ անգամ մեկ ատրճանակ, ավտոմատ այսօր պետականորեն ոչ տեղափոխում են, ոչ էլ անհատը կարող է տեղափոխել Արցախ։ Անհատը կարող է հինգ միլիոն դրամ, դոլար ներդրում անել, բայց իր օրինական որսորդական հրացանն իր պապին նվիրել չի կարող, որ ասի՝ պապ, Երևանում գործեր ունեմ, ով մտնի բաղչեդ, կգյուլլես, քո ինքնապաշտպանությունը կապահովես։ Այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կան։ Չեմ ասում, որ գործարարի ներկայությունը, այնտեղ լինելու, ներդրումներ անելու փաստը, նոր աշխատատեղի փաստը գովելի չէ, ամեն ինչ էլ պետք է։ Բայց անվտանգության տեսանկյունից դա ոչինչ չի փոխելու, տնտեսական տեսանկյունից, հավանաբար, շատ բան կարող է փոխել, բայց անվտանգության տեսանկյունից՝ ոչինչ։ Արցախի անվտանգության բոլոր ճանապարհները փակված են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարություններով և դրանցից բխող համաձայնագրերով»։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ փաստն այն է, որ Արցախի իշխանությունները ստիպեցին Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանը դուրս գալ։ Նա շարունակեց․ «Ոչ միայն չպաշտպանեցին, այլև հոսանքազրկեցին, հեռախոսակապն անջատեցին և այլն․ այսինքն՝ ստեղծեցին նախապայմաններ, որ ուղղակի ոչ միայն անվտանգային, այլև կենցաղային պայմաններ չունենան։ Նաև Ադրբեջանի համար ապահովեցին, որ այդ շենքերն անվտանգ հանձնվեն, որպեսզի Ադրբեջանը պատրաստի ռազմաբազա ունենա ՀՀ սահմանի տակ՝ անմիջապես հարևանությամբ։ Այս պարագայում Արցախի կամ արցախցու անվտանգության մասին խոսել՝ թեկուզ խոշոր կամ նվիրյալ գործարարի տեղափոխվելով, կարծում եմ մեղմ ասած միամտություն է»։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930