Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ խոստացել, սակայն այդպես էլ չեն հիմնանորոգել. Լոռիում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Սեպտեմբեր 12,2022 23:33

Այսօր Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհի Թումանյանի հատվածը, պահանջելով վերանորոգել իրենց գյուղեր տանող ճանապարհը։ Վերանորոգման կարիք ունեցող ճանապարհը կազմում է 27 կմ՝ Թումանյանից մինչեւ Աթան. «պահանջում ենք, որ կառավարության ներկայացուցիչն ու այն ընկերության ներկայացուցիչը, ով շահել էր ճանապարհի հիմնանորոգման  աշխատանքները կատարելու պարտականությունը, գան եւ ժողովրդին պատճառն ասեին, թե ինչի՞ չի սկսվում ճանապարհի հիմնանորոգումը: Սկզբում Ալավերդու բաժնի ոստիկանապետը եկավ, հետո Լոռու մարզպետը: Ասեց, որ պայմանագիրը խզվել է այդ կազմակերպության հետ, հիմա առաջիկա հինգշաբթի օրը պետք է նորից մրցույթ հայտարարեն:  Մարզպետը խոստացավ, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը այդ շինարարական կազմակերպությունը կլինի Մոտկորում» – մեզ հետ զրույցում ասաց «Ահնիձոր» զարգացման հիմնադրամի տնօրեն, Ահնիձորի բնակիչ Հայկ Մաթեւոսյանը:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց, որ իր կարծիքով՝ շինարարական ընկերության հետ պայմանագիրը խզելու պատճառները քաղաքական են. «Իմ սուբյեկտիվ կարծիքով սա կամ քաղաքական դեմարշ է եղել, կամ երկրորդը, որ մարդիկ շատ տեղերում մրցույթներ են շահել եւ  ֆիզիկապես չեն կարողանում այս աշխատանքներն իրականացնեն»:

Կառավարությունը  դեռ 2021 թվականին գումար էր հատկացրել ճանապարհի վերանորոգման համար, սակայն այդպես էլ մեկնարկը չի տրվել։ Մրցույթը շահել էր «Լեոպոլդ եւ ընկերներ» ընկերությունը, սակայն վերջինիս հետ պայմանագիրը լուծարվել է: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորները եկել, խոստացել են, որ ճանապարհը կվերանորոգվի, սակայն ոչինչ չի փոխվել. «Պատգամավորները մի մասը եկել էին եւ խոստացել, որ օր առաջ սկսելու էին: Դա դեռեւս 2021 թվականն էր, այն ժամանակ նոր էին տենդեր հայտարարել եւ ժողովրդին ասում են, թե սկսում ենք, բայց ոչ մեկը չի եկել, ոչ մի բան չի ասել»,- ասում է Հայկ Մաթեւոսյանը:

Մոտկորի ենթաշրջանի մեջ են մտնում՝  Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ եւ Աթան գյուղերը:  Ակցիայի մասնակիցների խոսքով չեն հիշում թե նշված ճանապարհահատվածը վերջին անգամ երբ է վերանորոգվել: Նրանց խոսքով՝ մոտ 50 տարի առաջ:

Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացելուց հետո նշեցին, որ մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը կսպասեն շինաշխատանքների մեկնարկին, դրանք չիրականացնելու դեպքում ճանապարհը կրկին կփակեն, այդ անգամ արդեն երկար ժամանակով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930