Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ Արցախը տանք, որ հեշտ ապրենք, հետո Սյունիքը տանք․ Ադրբեջանի ախորժակն ուտելուց է բացվում»․ Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 13,2022 21:50

«Իշխանության ընդունած հայտարարությունը կրկնություն էր, մինչդեռ ԱԺ-ն պետք է ուղերձ հղեր՝ ի՞նչ ենք փոխում քաղաքականության մեջ, որ նման դեպքերը բացառվեն, որ զինվորը պաշտպանված լինի։ Այս ամենին էին ուղղված մեր առաջարկները։ Իրենց պնդումները միասնականության մասին երեսպաշտություն են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում այսօր իշխող ուժը ներկայացրեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել տեքստի շուրջ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ»,-ասել է նա։ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ամոթանք էր տվել նրան ու իշխող ուժին։

Խոսելով իրենց առաջադրած կետերի մասին՝ Արմեն Ռուստամյանը շեշտեց․ «Այս ագրեսիան շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի դատապարտել Շուշիի տխրահռչակ հռչակագիրը, որով առաջնորդվում են այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը։ Փաստորեն, իշխանության համար սա նորից տաբու է, չի կարելի խոսել այդ մասին։ Առաջարկել էինք վերանայել ձախողված քաղաքականությունը, որի պատճառով այսօր թույլ ենք։ Խաղաղության դարաշրջան բացելու աբսուրդը վտանգավոր է մեր համար։ Ստացվում է, որ Ադրբեջանից է կախված մեր խաղաղությունը, մինչդեռ խաղաղություն չեն մուրում։ Խաղաղություն լինում է միայն այն դեպքում, երբ պատրաստ ես պաշտպանվել։ Եվ վերջում։ Ի՞նչ բանակցությունների մասին  է խոսքը, երբ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ տարածքի  վրա։ Ահազանգել ենք միջազգային հանրությանը։ Բոլորին պետք է ասել, որ ոչ միայն արձագանքեն, այլեւ ասեն՝ Ադրբեջանը պետք է հետ գնա իր դիրքերը»։

Ռուստամյանի խոսքով, իշխանությունը, փոխանակ դասեր քաղեր, փափուկ բարձ դրեց հասարակության  գլխի տակ․ «Ասում էին՝ Արցախը տանք, որ հեշտ ապրենք, հետո Սյունիքը տանք, որ հեշտ ապրենք։ Ադրբեջանի ախորժակն ուտելուց է բացվում։ Մենք գիտենք իր ախորժակի սահմանը, դա մեր չլինելն է»։

Հիշեցնենք, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դեռեւս 2021 թվականի հունիսի 17-ին հանդես է եկել մեկնաբանությամբ, որով դատապարտելի և սադրիչ է անվանել Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը․ «Թեեւ թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։ Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930