Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կան վթարային վիճակի ավելի քան 600 բազմաբնակարան շենքեր եւ 1000-ից ավելի տներ

Սեպտեմբեր 28,2022 17:15

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու նպատակով կառավարության համար լիազորող նորմեր են սահմանվում։

Արմեն Ղուլարյան

Ինչպես այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, դեռեւս խորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման համար լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել․ «Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը պարտադիր նորմերը չեն կատարել անհրաժեշտ որակով եւ ծավալով։ Խնդիրների լուծումն ավելի շատ կրել է իրավիճակային բնույթ։ Արդյունքում էապես մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը»։

Ղուլարյանը հայտնեց, որ ՀՀ մարզերից եւ Երեւանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ հիմա կան անբավարար տեխնիկական վիճակում գտնվող, այսինքն՝  3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենքեր, ասել է թե 19 000 շենքերի 3,2%-ը․ հիմնական ծավալը բաժին է ընկնում Երեւանին (120), Լոռու (149) եւ Շիրակի (123) մարզերին։ Բացի այդ, ՀՀ-ում առկա են նաեւ քանդման ենթակա՝ վնասվածության 4-րդ աստիճանի ավելի քան 1200 բնակելի տներ, որոնցից մոտ հազարը վնասվել են բնական աղետների հետեւանքով։

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի կանոնակարգման նպատակով նշյալ նախագիծը սահմանում է վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, նաեւ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը։ Այս խնդիրների լուծման նպատակով կառավարության համար լիազորող նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել եւ ընդունել  իրավական ակտեր։ Օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է համապատասխան որոշումներ ընդունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930