Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր՝ դատարան դիմելը քմահաճույք չէր․ դատարանին մեղադրելն արդար չէ»․ «Հ2»-ի փոխտնօրեն

Հոկտեմբեր 10,2022 18:00 Share

«Դուք այսօր մատնանշեցիք, որ մրցույթի արդյունքները չեն բողոքարկել կուսակցությունները կամ միջազգային կազմակերպությունները։ Ճիշտն ասած, օրենքով սահմանված նման լիազորություն չգիտեմ, որ պետք է բողոքարկեն կամ ոչ։ Օրենքով սահմանված է, որ մասնակիցը կարող է բողոքարկել դատարանում, ինչը եւ արել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»,-hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հայտերի ներկայացման ժամանակ այսօր ՀՌՀ-ում հայտարարեց «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը՝ նկատի ունենալով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այսօրվա հայտարարությունը։

Հիշեցնենք, որ hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներն այսօր նորից են հայտեր ներկայացնում, որովհետեւ 2021թ․ հունվարին կայացած մրցույթի արդյունքների առնչությամբ մասնակից հեռուստաընկերություններից «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դիմել էր դատարան․ մի մասով՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, ընկերությունը դատարանում հաղթել էր, իսկ երկրորդ հայցով՝ իրեն հաղթող ճանաչել մրցույթում, գործընթացը դեռ չի ավարտվել։

Այժմ՝ նոր մրցույթում հայտերի ներկայացումից հետո, երկու ամսվա ընթացքում ՀՌՀ-ն պետք է որոշում կայացնի։ Ինչպես այսօր Տիգրան Հակոբյանն էր նշել, որոշում կայացրած դատավորը խավար պատկերացում է ունեցել մեդիայի աշխատանքի վերաբերյալ։

Լեւոն Սուլթանյանը շեշտեց․ «Եթե փորձում եք ներկայացնել, որ այսօրվա մրցույթը տեղի է ունենում, որովհետեւ դատարանն է մեղավոր, ապա դա արդար չի, որովհետեւ իրականում եթե նախորդ մրցույթը կայանար օրենքի պահանջներին համապատասխան, ապա դատարանը դրա արդյունքներն անվավեր չէր ճանաչի։ Դատարանը հիմնավորել է, որ ՀՌՀ-ն օրենքի բազմաթիվ խախտումներով է այդ որոշումը կայացրել, դրա համար մենք այսօր այստեղ ենք՝ նոր մրցույթի պայմաններում։ Ասվեց նաեւ, թե մենք հրաժարվել ենք մայրաքաղաքային սփռման մրցույթում տեղ զբաղեցնելուց։ Այդպես չէ, մենք ուղղակի չենք մասնակցել այդ մրցույթին, որպեսզի մեր՝ մայրաքաղաքային սլոթերը զբաղեցրած գործընկերները խնդիրներ չունենան։ Մենք գնացել ենք դատարան, երկու հայցով մտել, եւ այդ ամենը ՀՀ օրենքով է նախատեսված։ Դա քմահաճույք չէ, մենք այլ ճանապարհ չունեինք, որովհետեւ համաձայն չէինք մրցույթի արդյունքների հետ։ Օրենքն է դա սահմանում։ Մեր գործընկերների եւ հանրության շրջանում չպետք է տպավորություն ստեղծվի, թե «Հ2»-ն ինչ-որ նոր բան է հորինել։ Ոչ, դա օրենքով է նախատեսված»։

Լեւոն Սուլթանյանի համոզմամբ՝ երեք ատյանով օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը պետական մարմնի կողմից կասկածի տակ առնելը խնդիրներ է ստեղծում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության տեսանկյունից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31