Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում խստորեն դատապարտեցին Ադրբեջանին․ «Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, եթե քո վրա կրակում են, սպանում են քեզ, ներխուժում քո տարածք»

Հոկտեմբեր 10,2022 21:03

«Իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ։

Այս քննարկման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Ադրբեջանին, որ նա ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, վայրագրություններ և հանցագործություններ գործել։ Հնչեցին կոչեր, որ Ադրբեջանն անպայման պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակի հայ ռազմագերիներին։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Ադրբեջանի հարձակման պատճառով շատ քաղաքացիներ են զոհվել, բնակավայրեր գնդակոծվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։ Սա տեղի է ունեցել, որովհետև ագրեսորը չի դատապարտվել նախկինում։ Հիշում եմ` նախորդ նստաշրջանին ես այս ամբիոնից խոսում էի Ադրբեջանի կողմից 2021-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին, հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ Ադրբեջանում էին։ Մի քանի ամիս հետո նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ ունենք և նրանցից ոմանք մահապատժի են ենթարկվել։ Սա տեղի է ունենում, քանի որ ագրեսորը չի դատապարտվել նախկինում»։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե հիմա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր այս ելույթից հետո հայտարարելու է, որ իբր հայկական տարածք ներխուժում չկա։ Դա սուտ է, քանի որ ըստ Ռուբեն Ռուբինյանի՝  Սամադ Սեիդովի գործն է իր կառավարության քայլերն արդարացնելը։

 

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ խաղաղության մասին հնարավոր է խոսել, եթե գործընկերներդ էլ են խոսում այդ մասին ու նշեց․ «Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, եթե քո վրա կրակում են, սպանում են քեզ, ներխուժում քո տարածք։ Դա անհնար է։ Ես հասկանում եմ, որ մեր գործընկերները մի կողմ էին քաշվում, երբ խոսքը ԼՂ մասին էր, քանի որ դա խճճված թեմա է, բայց հիմա տարբեր է։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ավտորիտար երկիրը ներխուժել է իր ժողովրդավար հարևանի տարածք, սա պետք է դատապարտվի։ Ադրբեջանական զինված ուժերն անմիջապես պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից և հայ ռազմագերիներրը պիտի անմիջապես ազատ արձակվեն»։

Ռուբեն Ռուբինյանից հետո ելույթ ունեցավ Սամադ Սեիդովը։ Նա վստահեցրեց, թե իբր Ռուբեն Ռուբինյանը փորձ է անում շեղել վեհաժողովին ու ասաց․ «Նա խոսում է ադրբեջանական հարձակման մասին, բայց չի ասում, որ դեռ ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի տարածքում են։ Նա չի նշում, որ մինչև սեպտեմբերի 13-ի իրադարձությունները, հայկական զինված ուժերը ներթափանցել են Ադրբեջանի տարածք և այնտեղ արկեր դրել։ Դրա պատճառով ամեն օր Ադրբեջանը զոհեր է ունենում։ Ցավոք, Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ է։ Տեսանյութերով, մեղադրանքներով, մեր դեսպանատների վրա հարձակումներով փորձ է արվում ցույց տալ, որ միայն մի կողմն է մեղավոր։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի խաղաղ բանակցություններից հետո եղան այս հարձակումները։ Հենց դրական զարգացումներ ենք ուզում անել, ինչ-որ շատ տարօրինակ բան է կատարվում մեր հարևան երկրի կողմից»։

Նա հորդորեց հայերին իրենց զորքերը հետ քաշել իրենց տարածքից և մտածել սահմանագծման ու սահմանազատման մասին։ Ու նշեց, թե իբր վեհաժողովն այն մարդկանց ձեռքին է գործիք դառնում, որոնք մտածում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31