Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ազգային շահերի պաշտպանությունից նահանջի պատասխանատվությունն ուզում են մեկը մյուսի վրա բարդել. «Առերեսում»

Հոկտեմբեր 15,2022 22:00

«Մեր դիրքորոշումը պարզ ու հստակ է: Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն համապատասխան Ադրբեջանի Սահմանադրության: Մենք որևէ կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը: Եվ որքանով ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքում, այդ հարցը քառակողմ հանդիպման որևէ անդամի մոտ տարընթերցում չի առաջացնում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն ասաց. «Ադրբեջանը դա ասում է, որովհետեւ Ադրբեջանն ունի մշակած թե ներքին, թե արտաքին ռազմավարություն: Եվ Իլհամ Ալիեւը երբ աշխատանքի է գալիս՝ նա գիտի, թե ինչ անի: Իսկ մերոնք ամեն օր տնային ինչ-որ աշխատանք են անում՝ փնթի, ոչ համակարգված: Այդ օրն ինչ կասեն, թե ոնց կասեն եւ ժողովրդին ինչ խուճապի ու սթրեսի մեջ կմտցնեն՝ կարեւոր չի. ընդ որում՝ դա թե Երեւանում, թե Ստեփանակերտում: Երեւանն ու Ստեփանակերտն իրենց աշխատանքային փնթիությամբ հասել են մաքսիմումի: Իրենք պետք է կանգ առնեն: Իրոք, ստացել են ծանր ժառանգություն՝ դա էլ պետք է ասենք: Եվ այդ ծանր ժառանգությունից պետք է ձերբազատվեն՝ առաջնահերթ մշակելով ռազմավարություն»:

Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը՝ շրջանառվում է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ շփումների, երկխոսության գաղափարը: Այսպես՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի ընթացքում, համաձայն ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ մտքեր են փոխանակել «Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»: Հաղորդման մյուս հյուրը՝ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն այս առնչությամբ ասաց. «Բանակցությունները Ղարաբաղի կառավարության կամ ժողովրդի վրա գցելը մի նպատակ ունի: Այդ նպատակը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն մի երկու անգամ վերջին տարվա մեջ օգտագործել են»: Ու որպես օրինակ վկայակոչեց. «Ղարաբաղի իշխանության ձեռքով տվեցին Փառուխը, իսկ Բերձորում եւ Աղավնոյում ընդհանրապես «համերգ» կազմակերպեցին: Այնտեղ մի ՏԿԵ նախարար կա՝ ուղարկեցին, որ ինքը ժողովրդին ասի՝ դուրս եկեք.. Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն ձեւ են սովորել՝ Ղարաբաղը որ վաղը կորցնեն՝ ասեն, թե արցախցիք իրենց ձեռքով են կորցրել: Այս է երազանքը: Նրանք չեն ասում՝ Արցախը բանակցի, հասնի հաջողության, ազատագրվի, միանա Հայաստանին: Ոչ: Ձեռքերը լվանալու հին քաղաքականությունն է… Որպեսզի մեզ այստեղ չքարկոծեն՝ կասենք, այս, այս մարդիկ են տվել Արցախը, մենք չենք տվել»:

ՀՀ կառավարությունը էապես կրճատելու է Արցախի աջակցությունը։ 2023 թվականին Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվելու է 144 միլիարդ դրամ վարկ՝ այս տարվա համեմատ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով պակաս։ Մարիամ Ավագյանն այս փաստն այսպես մեկնաբանեց. «Եթե բյուջեի մեջ սկսվում են նման սահմանափակումներ, սա անշուշտ, ինձ համար բացասական է: Բայց նաեւ ասեմ՝ նախորդ երկու տարիներին հետպատերազմյան ջարդուփշուր եղած Արցախի հանրապետությանը շատ մեծ, խոշոր գումար ենք տվել, որը մի քանի անգամ գերազանցել է նախապատերազմական աջակցությանը: Բայց անընդհատ իմ մեջ մի հարց է ծագել՝ այդ բյուջեն ինչպե՞ս է ծախսվում»: Ավելի ուշ հավելեց. «Չեմ հասկացել, թե ինչպես շինարար հայ ժողովուրդը Արցախում մինչ օրս չի կարողացել շատ արագ կառուցել բնակարաններ եւ ապահովել ներքին տեղահանվածներին: Ո՞ւր են գնացել ֆինանսները»:

2023 թվականի բյուջետային ուղերձով և ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է հետևյալով՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը: Արդեն խոսք չկա Արցախի ինքնիշխանության, շահերի և իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։ Մինչդեռ անգամ պատերազմից հետո՝ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՔՊ նախընտրական ծրագրում ամրագրված էր. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»։ Համահունչ արձանագրում կա նաեւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում․ «ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Արցախի Պաշտպանության բանակը»։ Հարցադրմանը ի պատասխան, թե որքանով են այժմ հնչող հայտարարությունները համահունչ ՔՊ-ի եւ կառավարության ծրագրերին՝ Լեւոն Հայրյանը պատասխանեց. «Պարզապես տեղի է ունենում նահանջ՝ ազգային շահերը պաշտպանելուց: Ուզում են այդ նահանջի համար դավաճանությունը մեկը մյուսի գրպանը գցել՝ ուրիշ ոչ մի բան չկա»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31