Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը միջազգային հանրությունը մեզ ստիպի, որ Սյունիքի կեսը տանք Ադրբեջանին, ի՞նչ ենք անելու, տալո՞ւ ենք». Արամ Օրբելյան

Նոյեմբեր 09,2022 16:09

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւում խոսք անգամ չկա այն մասին, որ Ղարաբաղի անջատումն անօրինական է»,- «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Ուստի, ըստ բանախոսի, եթե Հայաստանի իշխանությունները փոխեն Սահմանադրության նախաբանը, ապա դա Հայաստանին չի զրկի հետագայում դրան հղում կատարելու իրավունքից. «Մեր հարեւանները մտածում են, որ ներածությունը փոխելը կարող է խանգարել մեզ։ Բայց անգամ չգործող Սահմանադրության ներածությունը կարող է դեր խաղալ»:

Հիշեցնենք, խնդիրը վերաբերում է նրան, որ Հայաստանի Սահմանադրության ներածությունում կա հղում Անկախության հռչակագրին, ըստ որի՝ Հայաստանը կողմ է 1915թ. Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, ուղիղ հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ՝ անդրադառնալով հարցին, որ իշխանությունները հայտարարում են, թե Արցախի հարցում նշաձողն իջեցնում են միջազգային ճնշման ներքո, ասաց, որ ՀՀ իշխանությունն օգտվում է «սիրողական մակարդակի ժարգոնից» եւ մանիպուլացնում է, քանի որ այդ ուղղությամբ, մենք անգրագետ հասարակություն ունենք, քանի որ հանրության պատկերացումները ղարաբաղյան հարցի մասին մնացել են 1988-ի մակարդակում կամ դրանց մերժումով՝ «ինչպես որ ասել է կարկառուն դեմքերից մեկը՝ բոլորը սխալ է եղել, ղարաբաղյան շարժում եւ այլն»:

«Միջազգային մակարդակով չկա փաստաթուղթ, որը մերժում է ԼՂՀ-ի օրինական կայացմանը եւ երբեւիցէ չի լինելու, որովհետեւ այդ հարցը երբեք չի դրվել Հայաստանի կողմից, ինչը պետք է արվեր»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Նշաձողի մասին հարցին անդրադառնալով՝ փաստաբան Արամ Օրբելյանը պատմական էքսկուրս կատարելով՝ հիշեցրեց, որ դեռ 1996-ին Հայաստանի վրա ճնշում է եղել նշաձողն իջեցնելու, եւ զուգահեռ ճնշում է եղել նաեւ հակառակ կողմի վրա: «Հիմա մեզ ասում են՝ իջեցրեք նշաձողը: Եթե մենք ամեն անգամ, երբ մեզնից մի բան են ուզում, տանք, Հայաստան չի մնա, կամ Հայաստան շատ վաղուց մնացած չէր լինի: Միջազգային հարաբերություներում միշտ էլ դիմացիդ մի բան ուզում է. հիմա եթե վաղը միջազգային հանրությունը մեզ ստիպի, որ Սյունիքի կեսը տանք Ադրբեջանին, ի՞նչ ենք անելու, տալո՞ւ ենք: Եթե մենք գնում, ասում ենք՝ Ադրբեջանը սենց բան արեց, վայ, բա ի՞նչ ենք անելու, հետո վերցնում ենք այդ փաստարկը օգտագործում ենք ներքին օպոնենտների դեմ: Ամեն անգամ կրկնում ենք ադրբեջանական թեզերը եւ ամեն ինչ անում ենք, որ դա լինի, պարզ է, որ պարտվելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930