Լրահոս
Օրվա լրահոսը

Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են․ «Փաստ»

Նոյեմբեր 22,2022 08:30

Երկու տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց իր, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, որում հատուկ ընդգծում էր, թե ստեղծված իրավիճակի հարցում պատասխանատվություն է վերցնում իր ուսերին։ Ըստ այդմ, ճանապարհային քարտեզի միջոցով իր անելիքները նա նախատեսում էր վեցամսյա ժամկետով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված բարդ իրադրությունը՝ շատերը հետահայաց կարգով կարող են արդարացնել նրան, թե 6 ամսում հեշտ չէր կարևոր խնդիրներին լուծումներ տալ, դրա համար տևական ժամանակ էր հարկավոր, ուղղակի այդ ժամանակ Փաշինյանը փորձել է հանգստացնել հանրային բորբոքված կրքերը։ Համոզեցիք:

Բայց արդեն անցել է չորս այդպիսի «վեց ամիս», ու ճանապարհային քարտեզում նախանշված ուղղություններին արդեն կանդրադառնանք 2 տարվա հեռավորությունից։ Թերևս պետք է ընդունել, որ 2 տարին ահռելի ժամանակահատված է անհրաժեշտ քայլեր կատարելու համար, եթե, իհարկե, դրանց իրականացման համար կա անհրաժեշտ տրամադրվածություն և կամք։ Ու ցանկություն:

Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ խնդիր է դրել իր առաջ Փաշինյանի իշխանությունը, ու փաստացի ինչ իրավիճակ ունենք այժմ։ Ճանապարհային քարտեզում առաջնահերթ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական կառույց, ուղղակի չի գործում։ Անգամ վերջերս դրա մասին խոստովանեց ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունը չի աշխատում։

Ճանապարհային քարտեզում Փաշինյանը նաև խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ և վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Բայց մինչև հիմա տեղահանված արցախցիների՝ հայրենի օջախներ վերադարձի հարցը լուծված չէ։ Օրինակ՝ հադրութցիները, որոնք ադրբեջանական բանակի կողմից Հադրութի օկուպացիայի արդյունքում հեռացել են իրենց օջախներից, մինչև հիմա չեն վերադարձել հարազատ բնակավայր։

Ավելին, արցախցիների հայրենազրկումը շարունակվել ու շարունակվում է։ Գումարած՝ Ադրբեջանը Արցախ գնացող նոր ճանապարհի կառուցման և միջանցքի ուղու տեղափոխման միջոցով հասավ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափմանը։ Արդյունքում Արցախից այսօր մնացած մի փոքր հատվածի հայաթափումն ուղղակի ժամանակի հարց կարող է լինել, քանի որ ՀՀ իշխանությունները բացեիբաց խոստովանում են, որ ՀՀ-ն այլևս ներուժ չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։

Բացի այդ, ճանապարհային քարտեզում ներառված է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը, սակայն պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում բոլոր գերիներին, այլև ժամանակ առ ժամանակ սադրանքների է դիմում՝ նոր գերիներ վերցնելով։

…Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են։ Իսկ եթե Փաշինյանը 2 տարի առաջ հայտարարում էր, թե պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, հիմա ինչո՞ւ պատասխան չի տալիս իր տապալումների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930