Այսօր ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նա ասաց, որ այս պահին ՀՀ-ում կա ուսուցչի 250 թափուր հաստիք եւ մինչեւ 100 սովորող ունեցող ուսումնական հաստատությունների թիվը 429 է: Սա հնարավորություն է ստեղծում վարչական աշխատողներին կատարելագործվել ու դասավանդել սահմանամերձ գյուղերում, նաեւ օգտվել ուսուցիչների վարձատրության բարձրացման համար նախատեսված բոլոր մեխանիզմներից:
Առաջարկվում է սահմանել, որ եթե ուսուցչի թափուր տեղ կա, վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչներն ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ եւ թափուր մնացած ժամերի համար առնվազն 2 անգամ հայտարարվել է մրցույթ ու չի համալրվել:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ վարչական աշխատողները առաջին հերթին պետք է զբաղվեն իրենց հիմնական աշխատանքային պարտավորություններով ու դասավանդման գործառույթ նրանց պետք է վերապահվի միայն այն դեպքում, երբ այլ հնարավորություն չկա. «Մենք դպրոցների ֆինանսավորման նոր մոդելներ ենք նախատեսել ներդնել, ինչպես նաեւ տնօրենների ատեստավորման հնարավորություն՝ զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա: Սա նշանակում է, որ վարչական աշխատողները պետք է ամբողջությամբ կենտրոնանան իրենց հիմնական գործառույթների կատարման վրա: Այդուհանդերձ, կան դեպքեր, որտեղ նրանց դասավանդումն ուղղակի անհրաժեշտություն է: Խոսքը վերաբերում է հատկապես գյուղական փոքր դպրոցներին»:
Կարդացեք նաև

Փոխնախարարն ասաց, որ ուսուցիչների համար թեստերի պատրաստման խնդիր ունեն, հատկապես որոշ առարկաների գծով չկան համապատասխան փորձագետներ, որ կազմեն թեստերը:
Ասլանյանն ասաց, որ կողմ է, որ դպրոցի տնօրենները նաեւ դասավանդեն, որովհետեւ երբ տնօրենը մտնում է դասարան, փորձում է հասկանալ ուսուցչի հոգեբանությունը: Նա հորդորեց տնօրենների առաջ սահմանափակում չդնել, ընդհակառակը, պարտադրել, որ տնօրենները գոնե կես դրույքով դասավանդեն, այլապես կստացվի, որ տնօրենը միայն վարչարար է:
Անդրեասյանը պատասխանեց, որ շուրջ 26-27 հազար ուսուցչական դրույք կա, այդ դրույքները այս պահին ծանրաբեռնված են շուրջ 37 հազար մարդով, 37 հազարից շուրջ 7 հազարն ուսուցիչ չէ. «Առաջին հարցը տարրական ռեսուրսների օգտագործման հարցն է: Այսօր պետությունը ուսուցիչների վարձատրության համար հատկացնում է գումար, բայց դա այն ծավալով չի հասնում ուսուցիչներին, որովհետեւ բաշխվում է ոչ թե 26-27 հազար մարդու մեջ, ինչպես նախատեսված էր, այլ ծախսվում է 37 հազար մարդու մեջ, որոնցից 7 հազարը ուսուցիչ չեն, ուղղակի դասավանդում են: Սա կառավարման տեսանկյունից ճիշտ չեմ համարում, ռեսուրսների բաշխման խնդիր կա: Դպրոցում վարչական աշխատանքով զբաղվելը որոշակի դիրք է, ունենք ռիսկեր ու բազմաթիվ ահազանգեր, երբ իրականում առարկան դասավանդում է տվյալ առարկայի ուսուցիչը, բայց դա գրանցվում է վարչական աշխատողի անունով, վարձատրությունն էլ ստանում է վարչական աշխատողը: Տվյալ դեպքերը դժվար բացահայտելի են, որովհետեւ կողմերից որեւէ մեկը հակված չի բացահայտել՝ տարբեր պատճառներով: Պետությունը պարտավորված է այս խնդիրներին արձագանքել: Չեմ կարծում, որ դասավանդելը դպրոցի տնօրենի կամ փոխտնօրենի համար բովանդակային մասնակցության լավագույն ձեւն է»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































