Լրահոս
Օրվա լրահոսը

«1 224 000 տուգանք են դրել վրաս». Թեհմինե Ենոքյան

Դեկտեմբեր 01,2022 13:30

Հայցի համար հիմք էր հանդիսացել լրագրող-բնապահպանի 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում իրականացրած եւ ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակած հրապարակային ելույթը:

«Իմ ելույթի տեքստը եղել է. «Ողջույն….ողջունում եմ … եւ հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը եւ թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները»:

…Ինչպես նաեւ կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաեւ միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի եւ մի շարք այլ համայնքների միջեւ: Այս տեքստին զուգահեռ փաստաբաններս՝ Նինա Հակոբյանը եւ Տիգրան Ստեփանյանը ներկայացրել են ապացույցներ եւ ասածս տեքստի հիմնավորումները: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է 1 224 000 դրամի պահանջը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ նոյեմբերի 9-ին հայցս չի ընդունել վարույթ: Խնդրում եմ ուսումնասիրել փաստաթղթերը եւ եթե հարկ համարեք դիրքորոշում արտահայտել այս հարցով հրապարակայնորեն, շնորհակալ կլինեմ»,-«Առավոտին» դիմելով՝ ասում է լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը (լուսանկարում):

2018 թվականի սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրագրող եւ բնապահպան Թեհմինե Ենոքյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան հերքել ընկերության գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարությունները, վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամ, ինչպես նաեւ՝ փաստաբանի ծառայության համար 300 հազար դրամ։ Ըստ հայցվորի՝ ՖԲ ուղիղ եթերով լրագրող-բնապահպանի այդ ելույթի հատվածները զրպարտել ու արատավորել են ընկերության գործարար համբավը: Ըստ հայցվոր ընկերության (ներկայացուցիչը Ինգա Սարաֆյանն է). «Պատասխանողը, թույլ տալով նման արտահայտություններ, ի սկզբանե հետապնդել է ընկերության գործարար համբավն արատավորելու նպատակ, ինչը հաստատվում է ոչ միայն այն փաստով, որ պատասխանողը ողջամիտ հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, այլեւ չի հիմնավորել ստույգ փաստերով, չի ներկայացրել դրանք հանրությանը, նույնիսկ կոչ է արել, որպեսզի հետեւեն ֆեյսբուքյան էջերին, միանան ցուցարարներին, որոնց անօրինական գործունեության հետեւանքով խափանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը»:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ թիվ ԱՎԴ3/0965/02/18

դատական գործի վերաբերյալ առկա է 2022թ. ապրիլի 4-ի Տեղեկատվական վեճերի խորհրդի «Փորձագիտական կարծիքը»
Ըստ ՏՎԽ Կարծիքի՝ «Վիճահարույց հայտարարությունները սուր քննադատական մտքեր են, որոնք կարող էին արատավորել «Լիդիան Արմենիա»-ի գործարար համբավը, ինչն էլ իր հերթին կարող էր վնասակար ազդեցություն ունենալ ընկերության առեւտրային գործունեության եւ նրա բաժնետերերի եւ աշխատակիցների հարաբերությունների վրա։ Այդուհանդերձ, տվյալ արտահայտությունները ատելության խոսք չեն, եւ ոչ էլ պարունակում են բռնության, թշնամության կոչեր»:

ՏՎԽ-ի մեկ այլ նկատառմամբ. «Խնդրո առարկա արտահայտությունները, մասնավորապես, որ ՓԲԸ-ն կատարել է հանցագործություններ, տարածել թշնամություն եւ հրահրել սադրանքներ, օբյեկտիվորեն կարող են որակվել որպես գնահատող դատողություններ՝ ինչպես ներկայացրել է պատասխանողը դատարանում։ Թեհմինե Ենոքյանն այդ դատողությունները հիմնավորել է նրանով, որ ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեղեկատվական նյութեր սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ www.google.com-ում, որի հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Հայտնի է նաեւ, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության առնչությամբ հարուցվել է քրեական գործ բնապահպանական խնդիրների հիմքով, որի քննությունը շարունակվում է»: Հետեւաբար, ըստ Խորհրդի՝ խնդրո առարկա արտահայտությունները, որքան էլ որ դրանք ուղեկցվել են սուր բնորոշումներով, կարող էին բնորոշվել որպես գնահատող դատողություններ, ոչ թե փաստացի հայտարարություններ: Միեւնույն ժամանակ, Խորհրդի համար էական է, որ հայտարարությունը չի պարունակում առերեւույթ անօրինական եւ հանրային վտանգավորություն ներկայացնող արտահայտություններ, ինչպիսիք են ատելության խոսքը, բռնության կոչերը եւ հայհոյախոսությունը. «Այդուհանդերձ, դատարանը դրանք գնահատել է որպես փաստացի հայտարարություններ՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով իր ընդունած ակտի իրավաչափությունը»:

Վերաքննիչ դատարանի գնահատականը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նոյեմբերի 9-ի որոշումը

Ըստ ՏՎԽ-ի՝ «Դատարանն ընդհանրապես փորձ չի արել խնդիրը դիտարկել հանրային իրավահարաբերութունների լույսի ներքո՝ փոխհավասարակշռելով հանրային եւ մասնավոր շահերը։ Դա հատկապես մտահոգիչ է, քանի որ խոսքն այնպիսի խնդրահարույց իրադարձություններ լուսաբանելու եւ դրանց առնչությամբ իրավապաշտպան գործունեություն իրականացնելու մասին է, ինչպիսին սույն գործի հանգամանքներն են։ Այդ առումով Խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռը չի տրամադրում բավարար երաշխիքներ ՀՀ սահմանադրության 42-րդ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածների հիմքով արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության համար»։

2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (Վեդիի նստավայր) դատավոր Հ.Դարբինյանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ «Պարտավորեցնել պատասխանող Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում եւ ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո: Հայցը մնացած մասով մերժել»։

Վերաքննիչ դատարանի որոշումը, որը նաեւ իմ ձեռքի տակ է, երեսուն էջից է բաղկացած: Որոշումը կայացվել է 2022 թվականի հուլիսի 22-ին: Գործը դատարանում քննվել է գրավոր ընթացակարգով: Ըստ դատարանի՝ «Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքների քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ, հետեւաբար, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքները պետք է քննել եւ դրանց վերաբերյալ որոշում կայացնել գրավոր ընթացակարգով»: Ըստ ՀՀ վերաքննիչ դատարանի իրավական գնահատականների, որը ՏՎԽ-ի կարծիքին է նաեւ վերաբերում. «Մինչդեռ օբյեկտիվ հիմք չունեցող դատողությունը, կարծիքը, գնահատականը չափազանցված է, հետեւաբար՝ փաստական հիմք չունեցող, ինչը բացառում է գնահատողական դատողություն որակելու իրավաչափ հնարավորությունը: Բացի այդ, վիճարկվող արտահայտությունները պատասխանողը հնչեցրել է իր անունից, վերջինիս հրապարակային ելույթը որեւէ հղում չի պարունակում որոշակի նույնականացվող անձանց»: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ. «Անհիմն են նաեւ հայցվորի վերաբերյալ ներկայացրած փաստացի տվյալների առնչությամբ հանրային լայն հետաքրքրության առկայության, հանրության համար զգալիորեն անհրաժեշտ լինելու, հասարակության կողմից դրանց տարածման ընթացքին եւ հետագա հրապարակմանը հետեւելու, պատասխանողի կողմից գնահատող դատողություններ անելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները»:

Հայցվորի վերաքննիչ բողոքի սահմաններում անդրադառնալով «հանցագործ» բառով վիրավորանքի համար փոխհատուցում տրամադրելու պահանջները մերժելու վերաբերյալ դատարանի եզրահանգման իրավաչափությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրել էր նաեւ, որ վիրավորանքի վերաբերյալ հայցվորի պահանջը մերժելու հիմքում դատարանը վկայակոչել է ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի թիվ ԵԴ/7480/02/10 որոշումը՝ արձանագրելով, որ պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է եւ ոչ թե իրավաբան, ուստիեւ կարող էր չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը, հիմք ընդունելով նշված գործի փաստական հանգամանքների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերլուծությունն ու եզրահանգումը: Վերաքննիչ դատարանը՝ նախագահող Մ.Հարթենյան, դատավորներ Գ. Թորոսյան, Դ. Սերոբյան կազմով, բեկանել էր առաջին ատյանի վճիռը, մերժել լրագրող-բնապահպանի բողոքը, որոշել՝ Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500 000 ՀՀ դրամ, որպես զրպարտության դիմաց նյութական փոխհատուցման գումար, բռնագանձել 500 000 ՀՀ դրամ, որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար…200 000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վճռաբեկ դատարանն էլ իր հերթին հանգել էր բողոքը մերժելուն, գտնելով. «Բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու համար»: Ըստ էության, բողոքարկվող դատական ակտում նյութական եւ դատավարական իրավունքների խախտում չտեսնելով՝ դատարանը մերժել է Թեհմինե Ենոքյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել:
Թ. Ենոքյանն իր փաստաբան-ներկայացուցիչների հետ խորհրդակցում է ՄԻԵԴ դիմելու մասին: «ՄԻԵԴ գնալու քայլերը այս պահին մշակման փուլում են»,-ասում է նա: «Առավոտը» երեկ կապվեց նաեւ Ենոքյանի ներկայացուցիչներից Նինա Հակոբյանի հետ, ով ասաց՝ հնարավոր հայտարարությունների մասին կիրազեկեն մեզ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031