Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Նահապետյան. «Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց անդրօվկիանոսյան տերերը խնդիր են էլ դրել, որ Արցախում չպիտի լինեն ռուսական խաղաղապահներ»

Դեկտեմբեր 04,2022 16:20

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը վստահ է, որ Հայաստանի առջեւ ավելի շատ դրված է ոչ թե Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ լինելու, այլ ընդհանրապես լինելու կամ չլինելու խնդիրը:

«Պատերազմից հետո Ադրբեջանը զինանձնակազմի եւ տեխնիկայի բավականաչափ մեծ կորուստներ ունեցավ: Եվ այն, որ հայկական կողմը, փաստորեն, բավականաչափ զինատեսակներ ու նորագույն տեխնիկա թողեց դրանք ոչնչացնելու փոխարեն,, դա բավական չէր Ադրբեջանի համար, որպեսզի  կորուստները համալրի: Երկու տարի Ադրբեջանը համալրվում է: Զորակոչ, մասնագետների պատրաստում, որովհետեւ կորուստների մեջ նաեւ տեխնիկայի մասնագետներ էին: Եվ լավագույն ցուցիչը, թե մինչեւ մարտի դաշտը ինչքանո՞վ են մի կողմից` Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերը, մյուս կողմից` Ադրբեջանը պատրաստ նոր բախումներին, զորավարժությունների թվաքանակն է` մարդկային ուժի ու տեխնիկայի ներգրավմամբ:  Անգամ չափելի չի` որքան զորավարժություն են արել Հայաստանը եւ Արցախը եւ որքան`Ադրբեջանը: Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններին ներգրավվում են իրենց զինված ուժերի կայացման ակունքներում կանգնած Թուրքիան, Պակիստանը, նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ:

Ուստի երբ քննարկվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրվի, թե չէ, կամ որ ձեւակերպումն է լավ` ռուսական տարբերակը, թե արեւմտյան, կարծում եմ, Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց անդրօվկիանոսյան տերերը երբեք նման խնդիր չեն էլ դրել: Այս ամենը ընդամենը ժամանակ շահելու իմիտացիայի համար է: Իրենք այլ խնդիր են դրել: Արցախի հարցի լուծումը ըստ Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքիայի ուղղակի կուրատոր Մեծ Բրիտանիայի եւ այս պատերազմի անմիջական կառավարիչ, Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզության պետ Ռիչարդ Մուրի, մեկ բան է. Արցախում չպիտի լինեն խաղաղապահներ: Եվ դրանով փակվում է խնդիրը:

Այն, որ Լաչինի միջանցքում քաղաքացիական հագուստով անձինք ճանապարհ են փակել, իրական խնդիրը ճանապարհը փակելը չէ: Հիմա փակում են, հետո բացելու են: Խնդիրը այդ տարածքում ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է: Եվ եթե ուշադրությամբ հետեւեք, վարկաբեկման գործընթացը հստակ սկսվեց Սոչիում հանդիպումից հետո: Ըստ այդմ, Արեւմուտքի համար խնդիրը խաղաղապահներին դուրս դնելն է:

Ցավոք, Հայաստանի քաղաքական, փորձագիտական շրջանակները եւս լծվում են այս գործընթացին, մասնավորապես, պահանջելով, որ ռուսական կողմը շատ ավելի ակտիվ եւ գործուն լինի: Արեւմուտքի ուզածն ի՞նչ է այս տարածաշրջանում: Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ` Ռուսաստան-Թուրքիա բախում: Չստացվեց: Հիմա՞ ինչ է: Երկրորդ ճակատ բացել, Հայաստան-Ադրբեջան բախումով: Ընդ որում,որ  ռուսական կողմը ՀԱՊԿ-ի դրոշներով ազատագրում է, ասենք, Հայաստանից օկուպացված որոշ տարածքներ: Արեւմուտքի ուզածը դա է:

Ռուսաստանը ձգտում է ստատուս-քվո պահել: Քանի դեռ արեւմուտքում ինքը հարցերը չի լուծել, այստեղ շատ կարեւոր է ստատուս-քվոի պահպանումը: Ադրբեջանն ամեն ինչ անում է դա փոխելու համար եւ այդ սայլին լծվում են նաեւ օրվա մեր իշխանությունները եւ ընդդիմության մի մասը, փորձագիտական շրջանների մի մասը:

ՀՀ-ին պետք է զինական օգնություն, իսկ դրանում որեւէ մեկը կասկած չունի, պետք են ՀԱՊԿ դրոշի ներքո դիտորդներ, նրանցից հետո խաղաղապահներ, այո, պետք են: Փաշինյան Նիկոլը փայլուն կերպով այդ պետք է-ները ձախողեց: Ինչու չտարանջատվեց քաղաքական գնահատականը ռազմական օգնությունից: Կարծում եմ` պատահական չէր, որովհետեւ գագաթնաժողովում այդ փաստաթղթերը վաղօրոք կային սեղանին դրված: Ինչու Հայաստանը նախապես չէր պահանջում քաղաքական գնահատականն առանձին տալ, առավել եւս, որ իր ուզած քաղաքական գնահատականի կոնսենսուս չկար, իսկ ռազմականը, դիտորդները եւ խաղաղապահները առանձին լինեին: Հետեւաբար, այն, ինչ անում է Ադրբեջանը, նույն դաշտում, երկու լծկան եզերի նման նույն սայլին լծված` Փաշինյանն ու Ալիեւն անում են նույն գործը:

Ասում են` Ադրբեջանը Հայաստանի տարածքներ չի վերցնի: Այդպես չի: Սթափ նայենք: Ադրբեջանը խնդիր է դրել Երեւանն ամբողջությամբ գրավել: Ալիեւը շատ արատներ ունի` պոռոտախոս, մեծամիտ: Բայց Երեւանը գրավելու մասին հենց այնպես չի ասում: Երբ բանակը, զինվորը, սպան կռվում է, մի մոտիվացիա է գրավելը, մի մոտիվացիա` ազատագրելը: Եվ երբ ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր է դնում, իբրեւ, Երեւանն իրենց պատմական հայրենիքն է, ապա այդ զորքի մոտիվացիան լրիվ այլ է լինելու: Մտածելու են, թե ազատագրելու են իրենցը այլ ոչ թե օտարինն են գրավելու: Այնպես որ, այդ վտանգը կա, այդ սուրն այսօր մեր գլխին կախված է:

Ադրբեջանը, Թուրքիան ժամ առաջ պատրաստում են ագրեսիա ոչ միայն Արցախի, որը կանեն, երբ խաղաղապահներին հանեն, այլեւ Հայաստանի Հանրապետության վրա:

Ամփոփեմ: Եթե մենք վտանգը համարժեք չենք գնահատում եւ եթե այդ վտանգը ներս մտնի, խուճապը, կորուստը եւ պարտությունը իրենց սպասեցնել չեն տա: Օրվա իշխանությունը, իր կարճամտությամբ փորձում է իրավիճակը գնահատել այսպես. ինչ որ բան տանք Ադրբեջանին` Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծենք, եւ մնացածը կմնա մերը:

Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կկվի պատմությունը երեւի լավ չգիտեն: Ընդ որում, այդ պատմությունը մեր հայրենիքի համար է ասված: Հերթական ճուտը տալու ես` բոլորն են վերցնելու: Նրա հոգեւոր հայրը ժամանակին ասում էր, թե մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպամվածության մեջ է: Եվ հիմա էլ մեր հայրենիքը, այդ թվում նաեւ Արցախը, զոհասեղանի վրա են: Քաղաքական ուժերին, փորձագիտական շրջանակներին հորդորում եմ գնահատումներ անելիս, այս տեսանկյունից նայեք»,-ասաց ռազմական փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ռուսական ագենտուրան անցել է բացահայտ գրոհի, դիմակներ այլևս չկան։ Սինխրոն գործում են, բոլորին պարզ տեսանք Բաբուխից սկսած։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031