Լրահոս
Օրվա լրահոսը

Դա մե՛ր գործն է

Դեկտեմբեր 15,2022 10:00

Նրանք, ովքեր իշխանությունների քարոզչության ազդեցության տակ ասում են՝ մենք ի՞նչ գործ ունենք ղարաբաղցիների հետ, թող նրանք իրենց հարցերը լուծեն, այդ մարդիկ ոչ միայն պետական մտածելակերպ չունեն, նրանք չունեն որեւէ մտածելակերպ, եւ ավելին՝ ինքնապաշտպանության բնազդ: Այդ մարդկանց կարելի է հարցնել՝ իսկ մենք ի՞նչ գործ ունենք Արեւմտյան Հայաստանում ավելի քան հարյուր տարի առաջ զոհված հայերի հետ: Ինչո՞ւ ենք ամեն տարի ապրիլի 24-ին գնում Ծիծեռնակաբերդ: Ի՞նչ գործ ունենք Սումգայիթում եւ Բաքվում խոշտանգված հայերի հետ: Չէ՞ որ այդ ամենը ուրիշ պետություններում էր տեղի ունենում: Իսկ մերը 29,8 հազար քառակուսի կիլոմետրն է: Երբ գործը հասնի մեզ այդ 29,8 հազար կիլոմետրից քշելուն (իսկ եթե այսպես շարունակվի՝ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ Ջերմուկը, Շորժան եւ մնացածը՝ վկա), ապա մենք կգնանք մեր բարեկամների մոտ՝ ռուսաստաններ կամ ամերիկաներ, ու ինչ-որ մի տեղ Չելյաբինսկում կամ Գլենդեյլում կբացենք «Երեւան» եւ «Գյումրի» անուններով քյաբաբնոցներ:

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 1988 թվականին որեւէ մեկի լեզուն պտտվեր հարցնելու՝ մենք ի՞նչ գործ ունենք: Նման մոտեցումը ոչ մեկի համար ընդունելի չէր լինի: Կենտկոմի առաջին քարտուղարից մինչեւ Ազատության հրապարակում թափառող տարօրինակ կերպարները՝ ամեն մեկն իր ձեւով, իր պատկերացումների շրջանակներում, նույն բանն էր ասում՝ Արցախը մեր կյանքի մասն է, մենք պատասխանատու ենք այնտեղ ապրող հայրենակիցների կյանքի, առողջության, բարեկեցության համար:

Ես շարունակում եմ այդպես մտածել: Շատերն այս 34 տարում մտքափոխ եղան: Շատերն էլ՝ նոր սերունդներից, նույնպես տեղավորվեցին այսօրվա «մենք դրա հետ գործ չունենք» պաշտոնական դոկտրինի մեջ:

Ինձ երբեմն հարցնում են՝ բա ի՞նչ անենք: Ընդհանրական ձեւով դրված այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Կառավարությունը, քաղաքական գործիչները, պատգամավորները՝ ամեն մեկն իր անելիքն ունի: Այլ զբաղմունքի, այլ մասնագիտությունների մարդիկ՝ իրենցը: Որպես լրագրող՝ ես իմ անելիքը պատկերացնում եմ (եթե հետաքրքիր է՝ մի առիթով կպատմեմ):

Բայց այն, ինչ մենք անում ենք, բավարար չէ: Մեր գործունեությունը, որտեղ էլ մենք աշխատենք, պետք է լինի ավելի արցախակենտրոն: Դա չի նշանակում, որ մեր ամեն երկրորդ խոսքը պետք է «Արցախ» լինի: Դա նշանակում է՝ երբեք, ոչ մի հանգամանքներում, երբ հարցը հասնում է ազգային խնդիրներին, չասենք՝ մենք գործ չունենք դրա հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Լիովին համամիտ եմ, պարոն Աբրահամյան
    Ցավոք տարիներ շարունակ հայկական մեդիադաշտում առկա ղարաբաղցի-հայաստանցի ազգակործան դոկտրիններն ահավոր ազդեցություն են թողել անուղեղ և, որն ամենացավալին է, ուղեղով մարդակերպարների վրա։
    Մերժելու, ատելու, ստելու, ֆեյսբուքներում ճշմարտություն փնտրելու,Դոգերով հիանալու ընդունակ բնակիչներով լցոնած պետությունն ապագա չունի։
    Վայելեք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031