Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում 4000-ից ավելի գրանցված ՀԿ-ներ գոյություն ունեն, եթե նրանք գտնում են, որ դա պետք է անեն, ես պատրաստ եմ»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՀՀ կառավարության դիմաց պայքարի հարցի առիթով

Դեկտեմբեր 20,2022 19:00

«Մենք իններորդ օրն է՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ Արտակ Բեգլարյանը նստած է անժամկետ նստացույցի»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ այս ամենի հետևում միայն Ադրբեջանը չէ իր ցեղասպանական շարունակվող և անփոփոխ քաղաքականությամբ ու փաստեց․ «Հայտնի դարձավ, որ Կաշենի բոլոր հանքերը անօրինական ձևով Ադրբեջանի կողմից վաճառվել են Բրիտանիայի ինչ-ինչ կազմակերպությունների»։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս առիթով Լարիսա Ալավերդյանը հայտարարեց․ «Կոչ ենք անում այն մարդկանց, որոնք կարծում են՝ այդ գաղտնի և անօրինական գործողությունները կանցնեն հենց այնպես, թող տեղյակ լինեն, որ բոլորս կանգնելու ենք նրանց առաջ։ Որևէ մեկը հավակնություն չունենա այն հանքերի նկատմամբ, որոնց լիարժեք տերը Արցախի հայությունն է»։

Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց՝ ցեղասպանությունը վտանգում է համայն հայությանը ու ասաց․ «Արցախն ամեն մեկս է, ամեն մեկս պիտի հասկանա սա։ Բոլոր նրանք, ում սիրտը չի ցավում այսօր Արցախի համար, նրանք սոցիալական և քաղաքական ոչնչություն են»։

Նա հավաստիացրեց՝ կարողանալու ենք հասնել մեր նպատակներին ու շեշտեց․ «Արցախը երբեք չի լինելու, չի եղել և չպետք է լինի Ադրբեջանի մաս։ Բայց Ադրբեջանի քաղաքականությունն այնպիսին չէ, որ նա, օրինակ, այսօր, վաղը, մյուս օրը բացի ճանապարհը և ավարտված կհամարի իր գործողությունները։ Իր նպատակները հեռահար են․ վտանգը ստեղծելով՝ այնպես է անում, որ օր առաջ արցախցիներն ինքնուրույն դուրս գան Արցախից»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ ակնկալել ՀՀ իշխանություններից, որոնք Արցախը Լեռնային Ղարաբաղ են համարում, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Իշխանությունն ամբողջ երկիրը չէ։ Այսօրվա իշխանությունն այսպես է մտածում, երեկվանը՝ այնպես։ Երկու հայկական պետություններն իրավունք ունեն մնալու, ապրելու զարգանալու։ Եթե օրվա իշխանությունը դա չի անում, ասեք ինձ՝ ո՞ր մի խումբն է գնացել ՀՀ կառավարության մոտ, ո՞վ է առաջարկել կամ պահանջել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, դադարեցվի ՀՀ իշխանության կողմից»։

Դիտարկմանը՝ շատերը կարծում են, որ ավելի արդյունավետ կլինի պայքարել ՀՀ կառավարության դիմաց, որ թե ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց․ «Եթե որևէ իշխանություն չի ուզում անել այն, ինչ պահանջում է ժողովուրդը, ի՞նչ է՝  ՄԱԿ-ը լո՞ւռ պիտի մնա։ ՄԱԿ-ի դիմաց ակցիան վերին աստիճանի պահանջված է, քանի որ ՄԱԿ-ն ունի պարտավորություն ոչ միայն ճանաչված պետությունների և ժողովուրդների հանդեպ, այլև չճանաչված, աշխարհի ցանկացած վայրում բնակվող մարդիկ ու խումբը պետք է մտահոգի ՄԱԿ-ին։ Այս ակցիան ունի վերին աստիճանի հասցեական պահանջներ։ Ես էլ կարող եմ ասել՝ նրանք, ովքեր դժգոհ են ՀՀ իշխանություններից, թող գնան, կանգնեն ՀՀ կառավարության առաջ»։

Հարցին՝ պատրասվո՞ւմ եք նաև գնալ կառավարության դիմաց ցույց անել, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Չկա մի իշխանություն մինչ այսօր, որն իմ կողմից չի ենթարկվել քննադատության, և փորձել եմ օգնել։ Ես երդվյալ անկուսակցական եմ, կուսակցություններին նման կոչ անել չեմ կարող։ Բայց ՀՀ-ում 4000-ից ավելի գրանցված ՀԿ-ներ գոյություն ունեն, եթե նրանք գտնում են, որ դա պետք է անեն, ես պատրաստ եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031