Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պատշաճ չեն արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին. Ռուբեն Վարդանյան

Դեկտեմբեր 21,2022 00:15

Արցախում զարմացած են, որ Հայաստանի և այլ երկրների իշխանություններից պատշաճ արձագանք չկա Արցախի շրջափակմանը: Այս մասին «Ռուսարմինֆոյի» եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց պետությունների, միջազգային կազմակերպությունների մակարդակով պատշաճ արձագանք չկա: Չնայած, հեռու գնալ պետք չէ, Հայաստանն ինքն էլ չի արձագանքում, և նման անտարբերություն կամ զգուշավորություն ես չէի սպասում»,- ասել է նա:

Վարդանյանը զարմանք է հայտնել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, լինելով պետական հեռուստաալիք, ոչ մի անգամ իրեն կամ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների չի հրավիրել հարցազրույցի:

«Դա պետական ալիք է, որը պետք է որ արձագանքեր Արցախում տեղի ունեցածին: Ինձ հետաքրքիր է՝ ինչպես են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներն ու ղեկավարությունը նայում այս իրավիճակին, ինչպես են նրանք հետո նայում իրենց ընկերների և ծանոթների աչքերին, եթե կարևոր չեն համարում արձագանքել, թե ինչ է տեղի ունենում Արցախում, արցախցիների հետ»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել կամ որոշակի միտումը, կամ անտարբերությունը, երկու պարագայում էլ դա անընդունելի է:

«Մենք գտնվում ենք Հայրենական պատերազմի վիճակում, ճգնաժամ, որը կարող է հանգեցնել ոչ միայն մարդասիրական ճգնաժամի, այլև մեծ մարդկային զոհերի, և ես չեմ հասկանում՝ ինչու է այդքան թույլ մեր կազմակերպությունների, կուսակցությունների, իշխանությունների և ընդդիմության արձագանքը»,- ասել է նա:

Նա նաև անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների արձագանքը: Մեկնաբանելով ռուս խաղաղապահների վարքը ստեղծված իրավիճակում՝ Վարդանյանն ասել է, որ նրանք ընդամենը «փորձում են իրենց դեմքը փրկել»:

«Մենք հերթական անգամ ականատես են լինում այն բանի, որ նրանք ելնում են սեփական շահերից, իսկ մենք լռում ենք: Հայաստանը, ստորագրելով եռակողմ հայտարարություն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, չի պահանջում դրա կատարում: Ադրբեջանը, համապատասխանաբար, խախտում է դրա դրույթները, իսկ Ռուսաստանը Հայաստանի լռության ֆոնին չի կատարում իր պարտավորությունները: Բոլորը հանգիստ հետևում են կատարվողին: Բայց ուզում եմ ձեզ ասել. 30 հազար երեխաներ ամեն օր ձեզ կայցելեն ձեր երազներում»,- ասել է Վարդանյանը:

Նա նաև ասել է, որ Արցախի կառավարությունն աշխատում է օդային մարդասիրական միջանցք բացելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր է, եթե շրջափակումը շարունակվի: Նա ընդգծել է, որ Արցախում որևէ խուճապ չկա, և մարդիկ պատրաստ են հաղթահարել բոլոր փորձությունները:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031