Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթահարել ոգելից խմիչքը չարաշահելուց հետո առաջացած խումարի ախտանշանները

Հունվար 01,2023 09:50 Share

Խումարն (похмелье, hangover) այն է, «ինչ մնում է նախորդ օրվանից», սակայն եթե անգամ նախորդ օրվա զգացողությունները հաճելի են եղել, դրան հաջորդող օրվա զգացումները խումարի պատճառով կարող են, մեղմ ասած, տհաճ լինել։

Խումարն այն վիճակն է, որն առաջանում է ալկոհոլը չարաշահելու պատճառով առաջացած մի շարք ախտանշանների դրսևորմամբ՝ բազմաթիվ անհարմարություններ պատճառելով մարդուն։ Կախված օրգանիզմի առանձնահատկություններից և օգտագործված ալկոհոլի չափից՝ կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները կամ դրանց համադրությունը․

  • Հոգնածություն ու թուլություն,
  • Ծարավ,
  • Գլխացավ ու մկանային ցավեր,
  • Սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր,
  • Քնի խանգարումներ,
  • Լույսի ու ձայների նկատմամբ գերզգայնություն,
  • Գլխապտույտ,
  • Սարսուռ, դող,
  • Կենտրոնանալու հետ կապված դժվարություններ,
  • Տրամադրության փոփոխություններ, դյուրագրգիռություն, անհանգստություն։

Խումարն առաջանում է խմելը դադարեցնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում, երբ արյան մեջ ալկոհոլի խտությունը նվազում է։ Որպես կանոն՝ ախտանշանները 24 ժամվա ընթացքում անհետանում են, սակայն առավել ծանր դեպքերում կարող են ձգվել մինչև 72 ժամ։ Եթե խումարը չի անցնում, ուրեմն տեղի է ունեցել ալկոհոլային թունավորում, որն առավել լուրջ ախտանշաններ է հարուցում, ինչպիսիք են՝

  • Փսխում,
  • Դանդաղ, անկանոն շնչառություն,
  • Գունատ կամ կապտավուն մաշկ,
  • Մարմնի ցածր ջերմաստիճան,
  • Գլխապտույտ, ուշաթափություն։

Եթե ձեզ մոտ նկատվում են այդ ախտանշանները, ապա անպայման դիմեք ընտանիքի անդամների օգնությանն ու բժշկին այցելեք՝ օրգանիզմի հետագա վնասում կանխելու համար։

Ի՞նչն է խումար առաջացնում

Ոգելից խմիչքները էթանոլ են պարունակում՝ անգույն հեղուկ, որը ներծծվում է աղեստամոքսային համակարգում, այնուհետև տարածվում ողջ օրգանիզմով։
Երբ էթանոլը հայտնվում է արյան շրջանառության մեջ, թափանցում է բջջաթաղանթների միջով՝ սովորաբար նստելով գլխուղեղում։ Նյարդային համակարգում այն ճնշող ազդեցություն է գործում՝ կապվելով ռեցեպտորների հետ ու դոֆամինի արտազատում առաջացնելով։

Ալկոհոլի չարաշահումը յուրաքանչյուրի վրա տարբեր կերպով է ազդում՝

  • Ավելացնում է միզարտադրությունը՝ ջրազրկման ախտանշաններ՝ ծարավ, գլխապտույտ, լսողական խանգարումներ առաջացնելով։
  • Գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։ Ալկոհոլային ըմպելիքներն ավելացնում են ստամոքսահյութի արտադրությունն ու դանդաղեցնում ստամոքսի դատարկման գործընթացը, ինչը կարող է սրտխառնոց, փսխում ու որովայնի ցավ առաջացնել։
  • Արյան մեջ նվազեցնում է շաքարի մակարդակը, ինչն առաջացնում է հոգնածություն, թուլություն, դող, տրամադրության փոփոխություններ։
  • Ոգելից խմիչքները լայնացնում են արյունատար անոթները, ինչը հանգեցնում է գլխացավի արթնանալուց հետո։

Ինչպե՞ս թեթևացնել խումարի դրսևորումները

Խումարի դեմ պայքարելու համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ չկան, օրգանիզմին հանգիստ և ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար, սակայն կան մի քանի միջոցներ, որոնք կարող են թեթևացնել խումարի ախտանշանները։

Շատ ջուր խմեք– Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ուստի անհրաժեշտ է վերականգնել ջրային հավասարակշռությունը։ Ջուր խմեք արթնանալուց անմիջապես հետո՝ խումարի՝ հետագայում սպասվելիք դրսևորումները թեթևացնելու համար։

Բանան կերեք– Բանանը մեծ քանակությամբ կալիում է պարունակում՝ սննդանյութ, որը քայքայվում է ալկոհոլ օգտագործելու արդյունքում։

Կոճապղպեղով թեյ խմեք– Կոճապղպեղը վաղուց ի վեր հայտնի է որպես սրտխառնոցի ու ծովային հիվանդության դեմ պայքարող արդյունավետ միջոց և կարող է օգտակար լինել նաև այս դեպքում։

Էներգետիկ վարժություններ կատարեք- Կարճատև, բայց հագեցած մարզումը կօգնի ձերբազատվել ալկոհոլի օգտագործման պատճառով առաջացած տոքսիններից։ Ընդ որում, չմոռանաք ջուր խմելու անհրաժեշտության մասին՝ հետագա ջրազրկումից խուսափելու համար։

Տավարի մսի արգանակ խմեք– Սննդարար արգանակը կօգնի վերականգնել օրգանիզմի էներգիան՝ միաժամանակ նպաստելով մարսողության բարելավմանն ու բորբոքային գործընթացների նվազեցմանը։

Եթե տանն ունեք օդը խոնավեցնող սարքեր, ապա դրանց մեջ մի քանի կաթիլ եթերայուղեր ավելացրեք, որոնք կօգնեն ակտիվանալ, թեթևացնել գլխացավը, սրտխառնոցի զգացումը։ Հատկապես արդյունավետ են նարդոսի, սամիթի, կիտրոնի, սև պղպեղի, անանուխի եթերայուղերը։

Ինչպե՞ս կանխել խումարի առաջացումը

Իհարկե, այստեղ կարող էր լինել հետևյալ խորհուրդը՝ չխմել, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք ոգելից խմիչք օգտագործել, ապա
խմելու ընթացքում նաև ջուր ըմպեք՝ օրգանզիմի ջրազրկումը կանխելու համար։ Քնելուց առաջ նույնպես ջուր խմեք։

Ոգելից խմիչքներ օգտագործելուց առաջ առողջ ու սննդարար կերակուրներ ընդունեք, որոնք հատկապես հարուստ են B, C խմբի վիտամիններով, կալիումով ու մագնեզիումով (այս հանքանյութերը քայքայվում են ալկոհոլի ազդեցությունից)։ Հրաշալի տարբերակ է  հյութալի բանջարեղենը, օրինակ՝ վարունգը, որը հարուստ է ջրի ու B խմբի վիտամինների պարունակությամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ Մարկոլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031