«Առաջինը խմելու ենք մեր պետականության կենացը, մեր պետության, հայ ազգի համար ենք խմելու, մնացածը` ըստ հերթականության», – ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե Ամանորի գիշերն առաջինը ի՞նչ կենաց է խմելու։
Ռոբերտ Ղուկասյանը Ամանորը դիմավորել է հայրենի գյուղում՝ Կալավանում, ծնողների հետ։ Նրա խոսքով՝ տարիների ավանդույթ է, որը չի կարելի խախտել։
Իսկ ի՞նչ է թողնում Ռոբերտ Ղուկասյանը 2022թ.-ին։ «2022-ին նախ հիշողություններ ենք թողնում՝ վատ ու լավ, դժվար աշխատանք, բայց ի օգուտ մարզի։ Հիշողությունները չպետք է մոռանանք, իհարկե դասեր պիտի քաղենք նաեւ։ Սյունիքի մարզի համար միասնությունը 2022-ին առաջնահերթություն էր», – նշեց Սյունիքի մարզպետը։
2023 թվականից սպասելիքները նույնն են, ինչ կցանկանար յուրաքանչյուր հայ։ «Սահմանները լինեն հանգիստ, որ կարողանայինք մտածել զարգացման մասին։ Ամենակարեւորը՝ լինենք միասնական, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
«Սեր, հոգատարություն, բարօրություն՝ էլի առաջնահերթ են, բայց այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ միասնությունն ու ոգին պետք է պահել ու ամրացնել», – խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։
Նշենք, որ Սյունիքի մարզպետին հանդիպել ենք դեկտեմբերի 30-ին՝ սահմանամերձ Ներքին Հանդ գյուղում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































