Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ

Հունվար 05,2023 15:25

Հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարարը ու փոխնախարարները

 Մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը կառավարությունը պետք է որոշի ենթակա մարմինների ենթակայության հարցը: Ըստ այդմ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին և հետևապես Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված։ «Իհարկե, նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորման ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է նշված օրենսդրական փաթեթով։ Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։ «Սա շատ կարևոր և մասշտաբային փոփոխություն է՝ մի քանի ուղղություններով: Մենք 2018 թվականից շարունակաբար որդեգրել ենք կառավարության կառուցվածքն օպտիմիզացիայի ենթարկելու քաղաքականություն: Այս որոշումը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքն անցնցում ապահովելու համար: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ոստիկանության ծառայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում: Եվ կա մի շատ կարևոր հանգամանք ևս, մասնավորապես, ներքին գործերի բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմինն ենք ստեղծում: Ինչպես տեղյակ եք, մինչ այս այդ ոլորտում քաղաքականությունների մշակմամբ զբաղվում էր հիմնականում Արդարադատության նախարարությունը: Հիմա, հաշվի առնելով նաև Արդարադատության նախարարության ծանրաբեռնվածությունը և գործունեության պրոֆիլային լինելու հետ կապված նրբություններն ու անհրաժեշտությունը, մենք ահա կայացրել ենք այսպիսի որոշում: Մյուս շաբաթվանից արդեն գործնականում ոլորտի քաղաքականության մշակմամբ կզբաղվի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության կառուցվածքն ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մոդելը արդեն իսկ կիրառել ենք Պաշտպանության նախարարությունում։ Էությունը նրանում է, որ ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Ներքին գործերի նախարարը նաև կունենա երկու տեղակալ. նրանցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուսը՝ քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս ամենը ոստիկանության, ներքին գործերի համակարգի և փրկարար ծառայության բարեփոխումների շատ մեծ փաթեթի սկիզբն է: «Մեր առաջադրած խնդիրը հետևյալն է, որ և՛ ոստիկանությունը, և՛ փրկարար ծառայությունը, և՛ միգրացիայի, անձնագրային ոլորտներում մեր մատուցած ծառայությունները պիտի համապատասխանեն ժամանակակից լավագույն չափանիշներին: Իհարկե, մենք դա մի քայլով, մի գործողությամբ չենք անի, բայց համոզված եմ, որ այս նպատակին կհասնենք, որովհետև կարծում եմ՝ բարեփոխումների ուղեգիծը շարունակելու կառավարության վճռականությունն է նաև ի ցույց դրվում սրանով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև օր առաջ ոստիկանության և փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը. «Այն ունի երկու կարևոր ուղղություն. առաջինը աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը, և երկրորդ՝ նոր որակի ծառայության ակնկալիքը հանրության կողմից: Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը պարտադիր պետք է զուգորդենք որակական նոր պահանջների և ստանդարտների քաղաքականությամբ, որպեսզի հանրային միջոցների ծախսումը լինի մաքսիմալ արդյունավետ: Հույս ունենք, որ 2023 թվականի ընթացքում, գոնե ապրիլ-մայիսից, արդեն կլինեն առաջին ատեստավորման արդյունքները և առաջին ատեստավորված աշխատողները կստանան մեր կողմից խոստացված և իրենց կողմից վաստակած աշխատավարձը»:

 

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Նախագծերով առաջարկվում է պայմանագրերի գրավոր ձևով կնքման եղանակները հստակեցում՝ առանձին նշելով նաև դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը։ Ընդ որում, էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման դեպքում պետք է ապահովվեն փոխանակվող տվյալների իսկությունը, պայմանագիրը կնքող անձանց նույնականացումը, ինչպես նաև պայմանագիրը պահպանելու և անփոփոխ վերարտադրելու հնարավորությունը, որոնք երաշխիք են նման եղանակով կնքվող պայմանագրերի վավերականության համար: Փոփոխություններով առավել հստակեցվում է միանալու պայմանագրերի շրջանակը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումն և Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով:

 

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություններից օգտվելու թույլտվություններ են տրամադրվել մի շարք ընկերությունների:

«Մետալ Ուորլդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պտուտակավոր (Twist Off) կափարիչների և թիթեղյա տարաների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 49.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 17 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 49.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.9 մլրդ դրամ:

«Դեկորպրոֆ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել պատուհանների և ապակեփաթեթների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.7 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 1.1 մլրդ դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար: Արդյունքում՝ նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 28 նոր աշխատատեղ՝ 330-400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.6 մլրդ դրամ։

«Բետոնագործ» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի մետաղապլաստե դռների և պատուհանների, պատուհանագոգերի, մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում շենք-շինությունների վերանորոգման, նոր արտադրական սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև լրացուցիչ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170-190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 188.8 մլն դրամ:

«Լիկվոր» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար։ Ընկերությունը 2023-2027 թվականներին նախատեսում է վերազինել արտադրական հզորությունները, բարձրացնել արտադրողականությունը, իրականացնել նոր արտադրական շենքի կառուցում, ինչպես նաև զգալիորեն մեծացնել վաճառքի ծավալները ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաներում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.3 մլրդ դրամի ներդրում, որից 800 մլն դրամը ուղղված է շինարարական աշխատանքներին, 278 մլն դրամը հիմնական միջոցների՝ սարքավորումների վերազինմանը, 4.2 մլրդ դրամը՝ հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական և այլ բաղկացուցիչ մասերի ձեռքբերմանը։ Կստեղծվի 9 նոր աշխատատեղ՝ մինչև 490 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 216.5 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով  առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Արմավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 շենք հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 107 200 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 9 252 730 ՀՀ դրամ, իսկ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 5 219 115 ՀՀ դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 621 774 ՀՀ դրամը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031