Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն «Մետրոպոլիտենում» չեմ երգել, այն էլ Քովիդի պատճառով»

Հունվար 11,2023 13:00

Հարցազրույց ճանաչված տենոր Արսեն Սողոմոնյանի հետ

– Հարգարժան Արսեն, նախ ընդունեք «Առավոտի» շնորհավորանքները Ամանորի եւ Սուրբ ծննդյան առիթով։ Մեկ ամիս է, ինչ մեր հանդիսատեսը սպասում է «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)՝ ավելի քան 20 տարի համաշխարհային օպերային գրականության հատընտիր նմուշներից ներկայացվող, այս անգամ՝ Պուչինիի «Տոսկայի» համերգային կատարմանը։ Վերջապես հունվարի 10-ին, օպերային աստղաբույլի՝ սոպրանո Հիբլա Գերզմավայի, բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկիի եւ ձեր, հայաստանցի հիանալի ձայների՝ Հովհաննես Ներսեսյանի (բաս), Հայկ Տիգրանյանի (բաս), Տիգրան Մելքոնյանի (տենոր), Արմեն Գրիգորյանի (բաս), Ֆերդինանդ Մուրադյանի (բաս), Եվա Ազրոյանի (սոպրանո) մասնակցությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) ընկերակցությամբ կվայելենք մեր հանդիսատեսի կողմից այդքան սպասված հիշյալ օպերան։ Ձեզ՝ ռուսաստանաբնակ արվեստագետին տեղեկացնենք, որ Երեւանի օպերային թատրոնում 2016թ. Նաիրե Ստեփանյանի ռեժիսուրայով ու խաղացանկում ընդգրկված այս օպերան մինչ օրս ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում:

Արսեն Սողոմոնյանը, Հիբլա Գերզմավան եւ Վլադիսլավ Սուլիմսկին

– Նախ թույլ տվեք ձեր օրաթերթի միջոցով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին։ Ինչ վերաբերում է «Տոսկայի» հետաձգմանը, տեղեկացնեմ, որ պատճառը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում դեկտեմբերի 3-ին կայացած Վերդիի «Օթելլո» ներկայացումից հետո, որ ղեկավարում էր Վալերի Գերգիեւը, իմ եւ հարգարժան գործընկերներիս՝ Հիբլայի ու Վլադիսլավի առողջական վիճակի վատթարացումն էր։ Ավելին՝ օրերս էլ Հիբլան անձնական մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ նրա սիրելի հորաքույրը եւ, պատկերացնո՞ւմ եք՝ երգչուհին գերբնական ուժ է գտել իր մեջ, ժամանել Հայաստան։ Դա պայմանավորված է նաեւ մեծագույն հարգանքով՝ հանդեպ Հայաստանի ֆիլհարմոնիկն ու անձամբ մաեստրո Թոփչյանը (հանրահայտ սոպրանոն 2022-ին առաջին անգամ մենահամերգով մեր ֆիլհարմոնիկի հետ ներկայացավ հայ հանդիսատեսին։ Ի դեպ, օպերային երգիչների այս աստղաբույլը միասին հանդես է եկել «Տոսկայում»՝ տարբեր հեղինակավոր թատրոններում- Ս. Դ.)։

– Դուք, որ 2009-ից Մոսկվայի Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան օպերային թատրոնի մեներգիչ եք, վերջին տարիներին՝ հուրախություն մեր հանդիսատեսի, հաճախ եք հանդես գալիս հայրենիքում եւ նկատենք՝ բացառապես մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

– Իսկապես այդպես է։ Ասեմ, որ նշյալ թատրոնում ստեղծագործել եմ մինչեւ 2017թ., որից հետո շարունակում եմ գործունեությունս իբրեւ ազատ արվեստագետ… Ինչ վերաբերում է ձեր խոսքով՝ բացառապես ֆիլհարմոնիկի հետ ելույթներին, պատճառը մեկն է. բարձրարվեստ դիրիժորի ղեկավարությամբ պրոֆեսիոնալ նվագախումբ։ Մի բան էլ. իմ մասնակցությամբ ֆիլհարմոնիկի որոշ նախագծեր մաեստրոն իրականացրել է իմ նախաձեռնությամբ եւ խնդրանքով։

– Ի՞նչն էր նման հեղինակավոր թատրոնից հեռանալու պատճառը։

– Ուղիղ կպատասխանեմ. ոչ մի թատրոն չի կարող իր ներկայացումների ժամանակացույցը հարմարեցնել նույնիսկ մեծ պահանջարկ ունեցող արտիստի հյուրախաղերի ժամանակացույցի հետ։ Գիտեք, որ սովորաբար տարի-տարիուկես առաջ է կազմվում հյուրախաղային գրաֆիկը։ Ու թեեւ թատրոնի ղեկավարության պատճառով երբեւէ չի չեղարկվել կամ հետաձգվել հյուրախաղերիցս ոչ մեկը, ավելին՝ թատրոնը այդ հարցում մշտապես ընդառաջել է ինձ, այդուհանդերձ ես էի ինձ այդ հարցում պարտավորված զգում։ 2018-ից ամերիկյան Զեմսկի-Գրին գործակալության արտիստ եմ, ագենտս էլ Ալեն Գրինն է՝ ճանաչված դեմք աշխարհում։

– Ժամանակին մեզ հետ հարցազրույցներում դուք նեղսրտում էիք, թե չի ստացվում հայրենիքում ընտանիքի հետ նշել Ամանորը…

– Այս տարի երկուսը մեկում ստացվեց. Ամանորն ու Սուրբ ծնունդը նշեցի Երեւանում, ինչպես նաեւ երկար տարիներ անց նոր տարվա առաջին բեմելս դարձյալ Երեւանում է կայանալու։

– Հետաքրքիր է՝ հեղինակային թատրոնների սպասված ու ցանկալի երգչին՝ ձեզ, երեւանյան բեմելից հետո որտե՞ղ են սպասում։

– «Տոսկայից» հետո անմիջապես մեկնելու եմ Գերմանիա։ Բավարիայի ազգային օպերային թատրոնում հանդես կգամ Բեզուխովի դերերգով՝ Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայում։

– Աշխարհում կա՞ մի հեղինակավոր թատրոն, որտեղ չեք եղել։

– Մեկը կա (ժպտում է- Ս. Դ.)՝ «Մետրոպոլիտենը», որտեղ պետք է հանդես գայի Կավարադոսի դերերգով՝ դարձյալ «Տոսկայում», բայց չեղարկվեց քովիդի պատճառով։ Ի դեպ, այս տարի ծրագրված է նաեւ այդ ելույթս։

– Վստահ ենք, որ դուք էլ անտարբեր չեք մերօրյա խելահեղ աշխարհում կատարվող իրադարձություններին, օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերջերս հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառելու մշակույթի ռուսաստանցի նշանավոր արտիստների նկատմամբ։ 117 անձանց ցուցակում են նաեւ թատրոնի եւ կինոյի դերասան Դմիտրի Խառատյանը, հումորային ժանրի արտիստ Եվգենի Պետրոսյանը, էլ չնշենք ձեր խաղընկեր Աննա Նետրեբկոյի անունը եւ այլն։ Այդ ցուցակում չհանդիպեցինք ձեր անվանը…

– Ապրելով ու ստեղծագործելով Ռուսաստանում, չունեմ Ռուսաստանի քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ապրում ենք իսկապես անորոշ ու խառը մի ժամանակաշրջանում, ինչը արվեստի մարդուն չի կարող չհուզել։ Մի կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Բերձորի միջանցքի շրջափակումը, Ադրբեջանից մշտապես հնչող սպառնալից հայտարարությունները, օրինակ՝ «էկո ակտիվիստները Լաչինի միջանցքում կմնան մինչեւ արդյունքի հասնելը» … Ստեղծագործականից բացի, նաեւ այս իրադարձությունների մասին են աշխարհի գործընկերներիս հետ իմ մշտական խոսակցությունները… Աստված օգնական։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031