Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլը 2022-ին

Հունվար 29,2023 22:55

Ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ 2022 թվականին հայկական ֆուտբոլը աչքի ընկավ ակնահաճո ձեռքբերումներով և ցավալի ձախողումներով։ Անչափ հետաքրքիր օրացույցային տարի էր՝ լի անսպասելի իրադարձություններով։ Այս հոդվածում ամփոփ կներկայացնենք անցած տարին հայկական ֆուտբոլի համար։

2022-ի ամենատհաճ անակնկալը, թերևս, ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և ավագ Հենրիխ Մխիթարյանի կայացրած որոշումն էր, ըստ որի հայ կիսապաշտպանը պաշտոնապես ավարտեց ելույթները Հայաստանի հավաքականի կազմում։ Անկասկած, հայ ֆուտբոլասերը երբեք չի մոռանա Հենրիխի ներդրած ավանդը հայկական ֆուտբոլում։ Մեր ընտրանու կազմում Մխիթարյանը անցկացրած 95 հանդիպումներում խփել է 32 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում։ Հայ երկրպագուներին բազմաթիվ դրական էմոցիաներ պարգևած կիսապաշտպանը գլուխը բարձր հեռացավ ազգային հավաքականից։ Հատկանշական է նաև այն, որ Մխիթարյանը «Ռոմայի» հետ նվաճեց «Կոնֆերենցիաների լիգայի» գավաթը։

«ԱԱ 2022»-ի ընտրական փուլը ձախողած մեր ընտրանին փորձեց պատկերը բարելավել «Ազգերի լիգայում»։ Կապառոսի սաներին կարգով բարձր մրցակիցներ էին բաժին հասել (Ուկրաինա, Շոտլանդիա, Իռլանդիա), սակայն հայ երկրպագուն հավաքականից սպասում էր առնվազն արժանի պայքար։ Ունեցանք այն, ինչ ունեցանք. Անցկացրած 6 հանդիպումներից միայն մեկում ստացվեց հաղթել, մնացածը պարտություն, որոնցից մեծ մասը խոշոր հաշվով։ Մեր ֆեդերացիան շնորհակալություն հայտնեց Կապառոսին և հրաժեշտ տվեց։ Հավաքականի զարգացման ապագան մնաց օդից կախված…

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով պարզ դարձան հայկական ֆուտբոլի տիտղոսակիրները. Գավաթը նվաճեց «Նորավանքը» և տեղի ունեցավ ցավալին։ Գավաթակիրը անսպասելիորեն դադարեցրեց գործունեությունը։ Նախորդ տարվա լուսավոր կետերից էր «Փյունիկը», որը հաղթելով Հայաստանի առաջնությունում՝ անզիջում պայքար էր մղում եվրագավաթներում։ Այդքան անհաղթահարելի թվացող «Կլուժը» այլևս անցանելի էր, հետո «Դյուդելանժը»։ «Նռնագույնները» դարձան հայկական առաջին ակումբը, որը հանդես էր գալիս «Չեմպիոնների լիգայի» որակավորման երրորդ փուլում։ Հայտնվեցինք այդտեղ առաջին անգամ և հասկացանք, որ դեռ հեռու ենք այդ նշաձողից։ Վերջնարդյունքում «Փյունիկը» հայտնվեց «Կոնֆերենցիաների լիգայի» խմբային փուլում. Անվանի մրցակիցներ էին բաժին հասել՝ «Բազել», «Սլովան» և «Ժալգիրիս»։ «Սլովանի» և «Ժալգիրիսի» դեմ տոնած տնային հաղթանակները վստահություն ներշնչեցին հայ ֆուտբոլասերին, որ երևանյան ակումբը ի զորու է եվրագավաթային գարուն ապահովել Երևանին։ Չափազանց մոտ էինք այդ նվաճմանը, սակայն չստացվեց։ Իհարկե ցավալի էր, սակայն գրանցած արդյունքները արդեն իսկ նվաճում էին հայկական ֆուտբոլի համար։

Ընթացիկ մրցաշրջանում թեժացել է պայքարը Հայաստանի առաջնությունում։ Չորս թիմ անզիջում պայքար է մղում չեմպիոնության համար։ Այս պահին առաջատարը «Ուրարտուն» է, որը գովելի ստաբիլություն ցույց տվեց մրցաշրջանի առաջին հատվածում։ Այժմ ակումբները ակտիվացել են տրանսֆերային թեժ ձմռան շրջանակներում։ Ակումբները համալրվում են նոր ֆուտբոլիստներով և պատրաստվում մրցաշրջանի գարնանային հատվածին։ Ի վերջո. «Հայաստանում միավորները գարնանն են հաշվում», այնպես չէ՞։

Տարվա մայրամուտին ֆեդերացիան հայտարարեց լավագույն ֆուտբոլիստին և լավագույն մարզչին։ Մարզիչների ցանկում լավագույնը ճանաչվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը ակումբին հասցրեց չեմպիոնության և հաջող հանդես եկավ եվրագավաթներում։ Ֆուտբոլիստներից լավագույնը ճանաչվեց Էդուարդ Սպերցյանը, որը արդեն իսկ դարձել է «Կրասնոդարի» առաջատարը և այժմ աղմկում է տրանսֆերային շուկայում։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, որոնցից ամենահավանականը Նիդերլանդների առաջնության գրանդ ակումբ «ՊՍՎ»-ն է։ Բոլորովին վերջերս շշուկներ էին պտտվում, որ Մադրիդի «Ռեալի» սկաուտներն են հետևում Էդուարդի խաղին։ Սակայն «Կրասնոդարի» կիսապաշտպանը ցանկություն է հայտնել ավարտել մրցաշրջանը «ցլերի» կազմում և միայն ամռանը կքննարկի Եվրոպա տեղափոխվելու հարցը։

Արդեն այս տարի հայտնի դարձավ, որ ազգային հավաքականը կգլխավորի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը։ Վերջինս Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Պետրակովն ունի երկու ամսից էլ քիչ ժամանակ, քանի որ մեկնարկում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որտեղ մեր ընտրանին կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Լատվիայի և Թուրքիայի հավաքականների դեմ։ Ընտրական փուլը մեկնարկելու է Թուրքիայի դեմ երևանյան խաղով։ Ավելորդ է նշել, որ Պետրակովը շատ բարդ առաջադրանք ունի։ Երկու ամսում կառուցել այնպիսի թիմ, որը արժանի հանդես կգա չափազանց սկզբունքային դիմակայությանը։

Վստահորեն կարելի է ասել, որ 2023 թվականը նույնքան, գուցե առավել ինտրիգային կստացվի, ինչպես 2022-ը։ Մեզ մնում է հետևել իրադարձություններին և երկրպագել մեր թիմերին…

 Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031