Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի հարցազրույցում պրոհայկական որեւէ բան չեմ տեսնում, ամբողջովին հակահայկական հայտարարություններ էին». Արմեն Վարդանյան

Փետրվար 02,2023 20:35

«Լավրովի հարցազրույցում պրոհայկական որեւէ բան չեմ տեսնում, ամբողջովին հակահայկական, Հայաստանի շահերից չբխող հայտարարություններ էին, բայց միակ թեթեւ դրական կողմն այն է, որ մեր հասարակությունն աչքերը բացում է եւ այլեւս պարզ է դառնում, որ ՌԴ իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում ընդգծված հակահայկական դիրքորոշումներ են որդեգրել ամենատարբեր հարցերով»,- Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն այսպես մեկնաբանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները:

Հիշեցնենք, որ խոսելով այն մասին, թե ինչու ՀԱՊԿ երկրները միանշանակ չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 2022-ի սեպտեմբերին, Լավրովը հայտարարել է. «Ղարաբաղյան այս պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից և երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացված էր պահում Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, և հետո, երբ հուսահատված քաղաքական ճանապարհով հարցը լուծելուց՝ Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել: Հետևաբար` Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»:

Այս հայտարարությունները հայկական մեդիադաշտում տարբեր կերպ են մեկնաբանվում. ոմանք ուրախացել են, որ Լավրովն ասել է՝ Ադրբեջանին վերադարձվել են այն տարածքները, որոնք իրենց են պատկանում, այսինքն, դրանից զատ այլ հավակնություններ կարող է չունենալ, ոմանք վտանգ են տեսնում, որ բաց տեքստով Հայաստանը ԼՂ հակամարտության օկուպանտ կողմ է անվանվում:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ ՀՀ որոշ շրջանակներ, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, Հայաստանի ներկայիս իշխանություններին են մեղադրում ստեղծված իրավիճակի համար, բայց իրականությունն այն է, որ 2016-ի հունվարից է ՌԴ իշխանությունը ՀՀ իշխանությանն առաջարկել վերադարձնել այդ 7 շրջանները, որոնց մասին Լավրովը խոսում էր, դա հայտնի էր որպես «Լավրովի պլան». «Այն, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ ասում են՝ Նիկոլն եկավ, անկեղծ չգտնվեց, խաբեց, հակառուսական շրջանակների պաշտոնների դրեց եւ այլն, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»:

Այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները Լավրովի այս հայտարարությունները ներկայացնում են որպես ապացույց, որ իրենք հող տվող չեն՝ Արմեն Վարդանյանը հակադարձում է. «Նիկոլն էլ հող տվող չի, խի հող տվո՞ղ է: Եթե նա համաձայնվեր այդ պլանին, պատերազմ չէինք ունենա եւ ավելի քիչ կորուստներով կպրծնեինք, Շուշին, Հադրութը մեր վերահսկողության տակ կլինեին: Երկուսն էլ հրաժարվել են Լավրովի պլանից ու հրաժարվել են 7 շրջանները վերադարձնել հենց այնպես եւ տեղի է ունեցել այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի  սեպտեմբերի 27-ից հետո: Բացարձակ որեւէ տարբերություն Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության մեջ այս մասով չկա: Երկուսն էլ հրաժարվել են, բայց մեկը դիվանագիտորեն հույս է տվել, ասել է՝ հիմա չեմ կարող տալ եւ այլն, մյուսն էլ չոր կանգնել ասել է՝ չեմ տալիս ու տեղի ունեցավ պատերազմը»:

Հարցին՝ Լավրովի հայտարարությունների մեջ նոր միտք կա՞, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Որեւէ նոր բան չկա իհարկե: Այս մասին  իրենք բազմիցս ասել են, երբեմն՝ բացահայտ, երբեմն՝ տողատակերով: Նույնիսկ պատերազմից հետո էլ Լավրովը նման արտահայտություն արեց, ասաց հողերը պիտի տրվեին՝ տրվեց, ուղղակի Հայաստանը հրաժարվեց խաղաղ ճանապարհով տալ ու պատերազմով տեղի ունեցավ, որեւէ նոր բան չկա իր ասածի մեջ»:

Հարցին՝ ամեն դեպքում այսպես բաց տեքստով Հայաստանն անվանում է օկուպանտ, հակամարտության կողմ, դաշնակիցը ի՞նչ դրդապատճառներով է դա անում՝ Վարդանյանը պատասխանեց. «Այս թեմայով էլ շատ մանիպուլյացիաներ կան իրականում: Քաղաքական ուժերը իրենց հարմար ձեւով են մեկնաբանում, ոմանք ասում են՝ ՀՀ եկավ հակառուսական իշխանություն, դրա համար են այդպես իրենց պահում, բայց իրականում խնդիրն ավելի խորքային է: Իմ կարծիքով, պատճառն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, տարիներ շարունակ Հայաստանը փուլ առ փուլ պառկեցրեցին Ռուսաստանի տակ, Հայաստանը կախվածության մեջ գցեցին ՌԴ-ից: Ինչ ունեինք-չունեինք տվեցին ռուսներին, ՌԴ-ն էլ, համարելով, որ Հայաստանն այլեւս իր գրպանում է, իր ազդեցության տակ է ամբողջությամբ, չի կարող այլեւս այլ տեղ գնալ, որոշեց, որ հիմա ժամանակն է դա անել Ադրբեջանի հետ, այսինքն՝ Ադրբեջանին պետք է բերել իր ազդեցության դաշտ: Եվ դա անում է մեր հաշվին, որովհետեւ իրենք, եթե իմանային, որ Հայաստանը տեղ ունի գնալու կամ հնարավորություն ունի դուրս գալու ՌԴ ազդեցության տակից, կդողային: Հիմա էլ են դողում իրականում, վախենում են, բայց գիտեն, որ Հայաստանը մեծ հաշվով իրեն չի կարող թույլ տալ Ուկրաինայի կամ մյուսների նման կտրուկ շրջադարձ անել, որովհետեւ կախվածությունը ե՛ւ էներգետիկ, ե՛ւ զենքի առումով շատ մեծ է: Հիմա ՌԴ-ն ուզում է Ադրբեջանին սիրաշահել ու բերել իր ազդեցության ոլորտ ու դա անում են Հայաստանի շահերի հաշվին: Իմիջիայլոց, մի փոքր նյուանս էլ բացեմ՝ մինչեւ 2015-2016-ը հենց ռուսական կողմն է Հայաստանին քաջալերել, որ չգնան որեւէ կերպ զիջումների: Եթե արեւմտյան կողմն ասում էր՝ 7 շրջանները հանձնեք Ադրբեջանին, փոխարենը կճանաչվի Արցախի անկախությունը, այսինքն՝ փոխզիջումների հիման վրա լուծում էր առաջարկում, որ վերջնականապես կոնֆլիկտը լուծվի, ռուսական կողմը միշտ ուզել է, որ այդ կոնֆլիկտը չլուծվի, Հայաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի: Որ պահին որ պետք լինի՝ կոնֆլիկտը կօգտագործի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728