Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընկալման խնդիր է

Փետրվար 10,2023 10:00

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»  միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն արձանագրում է ոչ թե տվյալ պետությունում կոռուպցիայի մակարդակը, այլ այդ երկրում դրա ընկալման համաթիվը: Իսկ ընկալումն, ինչպես հայտնի է, սուբյեկտիվ երեւույթ է: Օրինակ, արագաչափերի եւ փողոցային տեսախցիկների քանակն այս 5 տարում ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է, եւ մարդիկ շարունակում են տուգանքներ մուծել: Բայց մինչեւ 2018 թվականը նպատակաուղղված եւ արհեստավարժ քարոզչության միջոցով հաջողվում էր քաղաքացիներին համոզել, որ «ամեն ինչ Սաշիկի գրպանն է գնում», իսկ հիմա մարդիկ վստահ են, որ իրենց տուգանքները գնում են պետական բյուջե:

Ընկալման խնդիր է՝ կարճ ասած: Իմ սեփական ընկալումը նույնպես  փոխվել է: Երբ հիմա փողոցում տեսնում եմ երիտասարդ պարեկներին, քիչ հավանական եմ համարում, որ նրանք մեքենա կկանգնեցնեն՝ վարորդներից 5000 դրամ կորզելու համար: Բայց, ինչպես հայտնի է, կոռուպցիան միայն հաստափոր «գաիշնիկների» եւ մաքսավորների կաշառակերությունը չի, թեեւ դա՛ է առաջին հերթին մեր՝ շարքային քաղաքացիներիս աչքին զարնում:

Բայց մեր փոքր երկրում վաղ թե ուշ հայտնի են դառնում իշխանությունների հետ կապված այլ փաստեր, որոնք եւ վատթարացնում են  «Թրանսփարենսիի» համաթիվը: Ո՞վ կարող է ասել, որ ներկայիս իշխանավորների եւ նրանց բարեկամների ապրելակերպը ճիշտ նույնպիսին է, ինչպիսին էր 2018 թվականի ապրիլին: Մեքենաները, բնակարանները, ճամփորդությունները, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները, պարգեւավճարները՝ այդ ամենը հնարավոր չէ թաքցնել: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, բայց այդ դեպքում դու պետք է լինես Ալեքսանդր Իվանովիչ Կորեյկոյի նման «ընդհատակյա միլիոնատեր», իսկ նման խառնվածքի մարդ հետխորհրդային տարածքում, կարծես թե, չկա: Եթե կառավարության անդամներն իսկապես ուզում են իմանալ Հայաստանում կոռուպցիայի եւ դրա պատճառների մասին, ապա խորհուրդ եմ տալիս կարդալ hetq.am- ի նյութերը` այնտեղ ամեն ինչ գրված է:

Լուծումներից մեկն, իհարկե, բոլոր քաղաքացիների եկամուտների վերահսկողությունն է: Բայց ոչ՝ կիսատ-պռատ, ինչպես առաջարկվում է, այլ նաեւ՝ գույքի հայտարարագրում, ծախսերի թափանցիկություն: Հուսամ, առաջարկվող նախագծի անկատար լինելը պատահականություն է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հոտած ձուկը գլխից է առողջանում, այդ գլուխը կոչվում է Ուսուցիչ, բախտավոր է այն ժողովուրդը, ով ունի պետական ինստիտուտներ, որտեղ Ուսուցիչներ են ծառայում: Ուսուցիչը նա է, ում ոչ միայն անգիտակից զանգվածն է հարգում, այլեւ գիտակից զանգվածն է հարգում, Ուսուցիչը նա է, ով անգիտակից զանգվածից գիտակից զանգված է կրթում ու դաստիարակում: Մենք շատ ունենք Ուսուցիչներ ռազմի դաշտում՝ նրանք մեր հերոսներն են, իսկ քաղաքական դաշտում պետք է ունենայինք հերոսին արժանի ընդդիմություն եւ իշխանություն, որը չունենք, որովհետեւ խելքը գլխին պետական ինստիտուտների կարիքը չունենք, որովհետեւ անգիտակից զանգվածը դրա կարիքը չունի՝ ո՞ր երեխան ինքնակամ դպրոց կգնա, միայն գիտակից երեխան, որոնք տոկոս էլ չեն կազմում: Նույնքան տոկոս էլ ժողովրդի մեջ է կազմում գիտակից քաղաքացին: Ժողովրդի հերոսներ, միացե՛ք, կրթեք եւ դաստիարակեք մեր անգիտակից քաղաքացիներին, նրանք ձեր անգիտակից երեխաներն են, նրանք ոչ դպրոց են ուզում, ոչ էլ պետություն: Միայն Ուսուցիչը, Ծնողն ու Հերոսն են, որ քաղաքացուց կկրթեն, կդաստիարակեն իրենց նմանին՝ ապագա Ուսուցչին, Ծնողին, Հերոսին, իսկ ժողովրդից՝ ապագա Ազգին: Անգիտակից երեխաների կողմից միայն մեծագույն հարգանքի շնորհիվ է հնարավոր անգիտակից երեխաների կրթությունն ու դաստիարակությունը, իսկ այդ հարգանքը հայտնվում է, երբ մարդն ու ժողովուրդը զգում են, որ աճում են:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված․ Նիկոլ Փաշինյան

    Ժամանակին որոշել էի կոռուպցիայի դեպքերի ծաղկաքաղ անել նիկոլական ընկերներիս համար: Հետո դադարեցրի: Այնքան շատ էին այդ դեպքերը, որ ժամանակ էր խլելու: Նաև, հասկացա, որ այդ ախտը՝ Ալցհեյմերի հիվանդության պես, շատերի մոտ ախտահարում է ուղեղի բջիջները:
    Պատմությունների մեծ մասն, իսկապես, Հետքից էր: Սակայն ամենահատկանշականն ու նողկալին այս պատմությունն է (https://168.am/2022/06/13/1719361.html): Դա արժե կարդալ մինչև վերջ, քանի որ այդ պատմությունն ուղղակի ապացույցն է այն բանի, որ իշխանությունից չէ, որ փչացել է Նիկոլը, ինչպես պատահում է շատերի հետ: Պատմությունը հուշում է, որ դա տեղի է ունեցել անցյալ դարի 70-ականների կեսին:
    Մի բան էլ. Հայաստանի և Ադրբեջանի նորագույն պատմությունը (մեր դեպքում՝ հատկապես վերջին 5 տարիների) ցույց է տալիս, որ պետության երկարաժամկետ զարգացման համար գլխավոր խոչընդոտը ոչ այնքան կոռուպցիան է, որքան տհաս ու ամուլ իշխանությունը:

  3. Հայ says:

    Հայ չինովնիկ հասկացողությունը, հայկական պետականություն չլինելու պատճառով, միշտ եղել է ամոթալի՝ մարդուն ոչ վայել աշխատանք,քանի որ այդ չինովնիկները կեղեքել են իրենց ժողովրդին, հանուն, մեզ զավթած, ուրիշ երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Պարկաստան կարեւոր չի):Այսինքն ոչ թե չինովնիկները իրենց պարտականությունները կատարելիս են զրկվել մարդկային բոլոր արժեքներից,այլ ի սկզբանե չեն ունեցել: Ստալինյան ոեպրեսիաների ժամանակ հո Ստալինը անձամբ չի հավաքել ու դատել մի օրում բոլորին, դա արել են մեր չինովնիկները:Իմ տատիս ու պապիս հայրերին ու նման հազարավորներին,որ տարան մի օրում դատավարություն արեցին,ժողովրդի թշնամի ճանաչեցին ու Զանգվի ձորում գնդակահարեցին ինչու Ստալինի մահից հետո ոչ ոք պատասխանատվության չենթարկեց,ոչ մի դատավոր, ոչ մի քննիչ, ոչ մի դահիճ: Ամեն ինչ բարդեցին Բերիայի վրա ու վերջ ,բայց կեղտոտ չինովնիական ապարատը պահեցին, որովհետեւ այնտեղ հավաքված էին ազգաբնակչության ամենաստոր կամակատարները,որոնց միակ նպատակը վերադասին հաճոյանալն էր: 2 րդ համաշխարհայինի ժամանակ 300 000 զոհ ենք տվել ռուսական հողում, այնինչ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ 120 000:Մի հատ էլ գլուխ են գովում ,արդարանոմ են՝ Եթե Սովետը պարտվեր՝ Թուրքիան մտնելու էր…իբր Հայաստանի համար են ամեն ինչ արել:Սուտ են ասում,Ստալինին հաճոյանալու համար են ազգին մատաղ արել:
    Այսօր էլ նույն չինովնիկներն են՝կամակատար, անգրագետ, անտարբեր քաղաքացու խնդիրներին,մարդկային արժեքներից զուրկ եւ լկտի: Ո՞ր մի նորմալ, ազնիվ երիտասարդը Հայաստանում երազանք կունենա դառնալ, օրինակ, կադաստրի պետի տեղակալ:Իհարկե, միայն այն երիտասարդը, ում քույրն արդեն դատավորի օգնական է ,հայրը դատախազ,սպասվելիք փեսան՝ մաքսայինի պետի տեղակալ, քեռին էլի ինչ- որ մի էդպիսի ջհանդամ: Ու մենք ուզում ենք,որ կոռուպցիա չլինի՞,որ այս կատեգորիայի չինովնիկները ծառայե՞ն մեզ ,սրանց կծիկը, արդեն տեղով կոռուպցիայի արդյունք է եւ սա այն պարագայում երբ սրանց թելը գալիս է սատրապական Հայաստանից:

  4. Blog_H says:

    Այս նիւթին մէջ, իմ խնդիրս ուրիշ է: Եւ ծանր է :
     
    Նիւթականի վերաբերեալ, անցեալի օրինական եւ բարոյական շեղումները հանդուրժելի կը համարէի, համոզուած ըլլալով որ անոնց կողքին՝ լուրջ, խորունկ եւ արդիւնաւէտ պետական աշխատանքներ կը կատարուէին:
     
    Իսկ հիմա… ասենք… շատ նուազ համոզուած եմ, որ այդպէս էր: Ցաւագին զարթնում մըն է:
     
    Միմիայն մէկ էական տարբերութիւն մնաց հիմա, նախկինների եւ ներկաների միջեւ՝ առաջ, Արցախը ունէինք: Որքան որ ալ փտած լինէին, նախորդ վարչակարգերը կարողանում էին գոնէ զայն պահել ու պահպանել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728