Լրահոս
Օրվա լրահոսը

Գորայքի նախկին համայնքի ղեկավարը կառավարող ուժի Սիսիանի ավագանու ընտրացուցակում է․ քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին եռյակները

Փետրվար 25,2023 21:15

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է մարտի 26-ին կայանալիք Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի ներկայացրած թեկնածուներին։ Հիշեցնենք, որ առաջադրվել են երեք կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Քաղաքացու որոշում»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում 30 թեկնածու է ընդգրկված։ Ցուցակի առաջին հորիզոնականում 31-ամյա Ավագ Ասատրյանն է։ Նրան հաջորդում են Հայկ Հակոբյանն ու Աննա Ավետիսյանը, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում։ Ցուցակի առաջին եռյակը  անկուսակցականներ են։ 30 թեկնածուից միայն 21 -ն են «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ։ Կուսակցության քվեաթերթիկի թիվը 3-ն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկը 5-րդն է։ Ընտրացուցակում 33 թեկնածու է։ Այն գլխավորում է ՀՀԿ անդամ, «Հայաստանի  էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի էլցանցի պետ 66-ամյա Ջիվան Մարգարյանը։ Նրան հաջորդում են Սիսիանի էլցանցի գլխավոր ճարտարագետ Դավիթ Դավթյանն ու «Անաստասիա Ինշուրանս»-ի հիմնադիր Անի Հարությունյանը։ Վերջիններս անկուսակցականներ են։ 25 թեկնածու ՀՀԿ անդամներ են, 8-ն՝ անկուսակցական։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 63 թեկնածուից անկուսակցական են միայն երկուսը։ Ցուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական, 41-ամյա Արմեն Հակոբջանյանը։ Նրան հաջորդում են ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական Արմենակ Միրզախանյանն ու Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն, ՔՊ-ական Անիկ Գրիգորյանը։ Ցուցակի երկրորդ անկուսակցական թեկնածուն՝  Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Աղաջանյանն է, որը կառավարող ուժի ընտրացուցակի 5-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլով՝ Գորայք համայնքն  անցած տարի միացավ Սիսիան համայնքին։

«Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկի համարը 6-ն է։

Ընտրացուցակներում ընդգրկված մնացած թեկնածուներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728