Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ողջ մնացածների ցուցմունքներն այսքան հակասություններ առաջացնում. «Հրապարակ»

Մարտ 03,2023 10:48 Share

«Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չեն երեխաների մահվան բուն պատճառները, այսինքն՝ դեռեւս չկա երեխաների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք․ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին, նախնական վարկածով` բենզինով վառարանը վառելու արդյունքում հրդեհ է առաջացել, որի հետեւանքով 15 զինծառայող տեղում է մահացել, մեկը` հիվանդանոցում: Սակայն հարազատներից ոմանց եւ Նորիկյանի պնդմամբ` զինվորները մահացած են եղել հրդեհից առաջ: Մենք մի քանի հարց ուղղեցինք փաստաբանին:

Պարոն Նորիկյան, դեպքից արդեն մոտ երկու ամիս է անցել, սակայն զինվորների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, գոնե չեն հրապարակվում, ինչո՞ւ:

– Գործը երեկ տեղափոխվել է ՀԿԳ վարչություն: Այս պահին սպասում ենք, թե գործը որ քննիչի վրա կմակագրվի: Դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս չենք ստացել, ստացել ենք միայն դատագենետիկական փորձաքննության արդյունքները: Ծնողներից վերցված ԴՆԹ անալիզներով զուտ հիմնավորվել է, թե որ դիակը որ ծնողինն է: Այս ընթացքում ես համապատասխան փաստաբանական հարցումներ եմ ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, թե գործին նախորդած ու հաջորդող իրադարձություններում նրանցից յուրաքանչյուրին ենթակա ստորաբաժանումների կողմից ինչ վարքագիծ է դրսեւորվել, միաժամանակ գրություն եմ ուղարկել քրեական վարույթ իրականացնող քննչական խմբի ղեկավարին՝ նկատի ունենալով, որ դեպքից ավելի քան 40 օր է անցել, սակայն դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չենք ստացել: Հորդորել եմ՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հնարավորինս սեղմ ժամկետում եզրակացությունների արդյունքները տրամադրելու համար: ՀՀ զինվորական դատախազից գրություն ենք ստացել, որ առաջիկայում` մարտ ամսին, զինվորական դատախազը կհանդիպի զոհված զինծառայողների ծնողների հետ: Ութ ծնող արդեն իսկ հարցաքննվել է:

Սպա Եղիշե Կիրակոսյանը, ով նախնական վարկածով` բենզինով վառարան է վառել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել հրդեհը, ցուցմունք է տվել՝ նշելով, որ թեեւ ինքը վառարանն իսկապես բենզինով վառել է, սակայն զորանոցի դուռը բաց է եղել:

– Հակասություններ կան, եւ այդ բոլոր հակասություններն ի մի են բերվում, ֆիլտրվում են: Առաջիկայում ավելի համապարփակ անդրադարձ կկատարենք այս մասով: Այս գործով կենդանի մնացածների ցուցմունքների մեջ կան էական հակասություններ՝ թե՛ զինվորների եւ թե՛ սպաների առումով: Շատ հետաքրքիր է, թե այդ հակասություններն ինչով են պայմանավորված: Ակնհայտ է, որ ծնողների մոտ եւս տարակուսանք է առաջանում` ինչո՞ւ են կենդանի մնացածների ցուցմունքներն այսքան հակասություններ առաջացնում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031