Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտեցել եմ, զարկը շոշափել․ շնչում էր»․ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանին մոտեցած բժիշկ

Մարտ 07,2023 16:45

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց դեպքի վայրում եղած Գարսեւան Մալխասյանը։

Պարզվեց, որ նա այդ ժամանակ Պարոնյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկն է հրավիրված եղել, եւ դեպքից կարճ ժամանակ անց տեսել է Սոնա Մնացականյանին՝ ընկած փողոցի երթեւեկելի մասում։ Նա դատարանին հայտնեց, որ «Նաիրի» ԲԿ-ում աշխատում է որպես բժիշկ, վնասվածքաբան, օրթոպեդ։

Գարսեւան Մալխասյանը պատմեց․ «Անմիջապես չեմ տեսել, բայց բախման ձայնից եմ շրջվել ու լինելով բժիշկ՝ շտապել եմ օգնության հասնել։ Հասկանալով, որ այդ պահին նա ողջ է՝ չեմ փորձել ակտիվություն ցույց տալ, որովհետեւ կարող էի ավելի վնասել վիճակը։ Զանգել եմ շտապօգնություն, որն արդեն տեղյակ էր դեպքից։ Մոտեցավ, տեղավորեցինք, շարժվեցին։ Ռեստորան էի հրավիրված, ներս չէի մտել։ Ես առաջինն եմ մոտեցել աղջկան, տեսանյութերով կա։ Զարկը ստուգեցի․ շնչում էր սովորականից մի քիչ արագ, բայց զարկը կար։ Ձեռք չտվեցի, որպեսզի շտապօգնությունը գար»։

https://www.youtube.com/watch?v=XE8ztTn2KvE

Հանրային մեղադրող Ալավերդյանը հետաքրքրվեց՝ մինչեւ վրաերթը դեպքի վայրում կարգավորող ոստիկան կա՞ր։ Մալխասյանը պատասխանեց․ «Խաչմերուկում կար ոստիկան, կարգավորում էր։ Ավելին չեմ տեսել։ Խաչմերուկի շարժը փակ էր։ Չգիտեմ ինչու։ Լուրերով պարզ էր, որ վարչապետի շարասյան անցնելու առիթով։ Բայց այդ պահին չգիտեի։ Ուշադրություն չէի դարձրել, որովհետեւ ամեն օր էլ լսում ենք նման ազդանշաններ։ Շարասյան անցնելու պահը նկատել եմ, լուսաձայնային ազդանշանները լսել եմ։ Վերջից գնացող մեքենաները տեսել եմ։ Աղջկան մոտեցել եմ շտապելով ու հապաղելով, որովհետեւ մյուս մեքենաները դեռ անցնում էին, ռիսկ կար ճանապարհին մոտենալու»։

Հանրային մեղադրող-ի՞նչ արագություն ունեին մեքենաները։

Գարսեւան Մալխասյան-Ոչ ավելի, քան 60-70կմ/ժամ։

Հանրային մեղադրող-դուք վարո՞րդ եք։

Գարսեւան Մալխասյան-Այո, 2001թ․-ից։

Հանրային մեղադրող-Գիտե՞ք՝ թույլատրելին որքա՞ն է շարասյան համար։

Գարսեւան Մալխասյան-Կարծում եմ՝ ոչ ավել, քան 70կմ/ժամ-ը։

Հանրային մեղադրող-Դեպքի վայրում ի՞նչ էր կատարվում։

Գարսեւան Մալխասյան-Վիճաբանություն էր, քաշքշոց չեմ տեսել։

 

Վկան նաեւ ասաց, որ դեպքի վայրում մեկ այլ բժիշկ էլ է եղել, ներկայացել որպես վիրաբույժ․ «Իրար հետ տուժածին թեքել ենք մեջքի վրա եւ արդեն տեղափոխում էինք դեպի շտապօգնության մեքենան»։ Մալխասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ վրաերթ կատարած մեքենան տեղում կանգնելու հնարավորություն կունենար։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հարցրեց․ «Ասացիք, որ հարվածող մեքենային չեք տեսել։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ ասում եք՝ արագությունը 70կմ/ժամ է եղել»։ Վկան պատասխանեց․ «Ես նկատի ունեի բախումից հետո գնացած մեքենաները»։

 

Գործով մյուս վկա Լիանա Քոչարյանն էլ շտապօգնության բժիշկ էր, որը դեպքի ժամանակ մեկ այլ կանչով էր մեկնել օգնություն ցույց տալու, բայց անցնելով վրաերթի վայրով՝ մոտեցել էր Սոնա Մնացականյանին տեղափոխելու։ «Ողջ էր, բայց գիտակցությունը բացակայում էր»,-դատարանին հայտնեց նա։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ․ երթեւեկության վտանգավոր պահից սկսած (որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող՝ 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել։

Դեպքի ժամանակ խաչմերուկը կարգավորած ոստիկանի ցուցմունքը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031