Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու գիշատիչ կռվում են Վրաստանի համար

Մարտ 09,2023 10:00

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեր երկրում մեկնաբանվում են երկու ծայրահեղ տեսանկյուններից: Առաջին՝ չարամիտ Արեւմուտքը կազմակերպել է խժդժություններ, որպեսզի կործանի մեր հարեւան երկիրը եւ այն դարձնի երկրորդ Ուկրաինան: Երկրորդ՝ չարամիտ Ռուսաստանը խանգարում է Վրաստանի ազատատենչ ժողովրդին՝ տապալել ներկայիս ռուսամետ կառավարությանը եւ հաստատել ժողովրդավարություն:

Մեզանում ընդունված է իրադարձություններին նայել արեւմտամետության եւ ռուսամետության «օպտիկայով», եւ այդ պարագայում հակառակ ճամբարը ներկայանում է որպես չարիքի մարմնավորում, իսկ սեփական բուռն համակրանքի առարկան՝ որպես աշխարհի բոլոր երկրներն ազատագրող եւ զարգացման պայծառ ճանապարհով ուղղորդող ուժ:

Իրականում երկու գիշատիչ, երկու, եթե ուզում եք, կայսրություն, կռվում են այս տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի համար: Ռուսաստանն, այո, շահագրգռված է, որ իշխանության մնա իրեն քիչ թե շատ լոյալ կառավարություն, որը չի միանա իր հանդեպ Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցներին: «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքը, այո, թիրախավորում է վրաստանյան, պայմանականորեն ասած, «սորոսականներին», որոնք կարող են հնարավոր իշխանափոխության շարժիչ ուժը դառնալ:

Բայց այնպես չէ, որ Արեւմուտքի ուշքը գնում է ժողովրդավարության համար: Եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանը, որտեղ բռնապետական ռեժիմ է, եւ իշխանությունը տասնամյակներով մեկ ընտանիքի ձեռքում է, ԵՄ աչքերում պետք է «իզգոյ» պետություն լիներ, մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար Ադրբեջանը «վստահելի գործընկեր է», իսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի համար, ըստ էության, Բերձորի միջանցքում ադրբեջանական ուղեկալներ տեղադրելու ադրբեջանական պահանջն «օրինական» է: Բնականաբար, պարոն Կլաարը հասկանում է, թե ինչ է դա նշանակում:

Այնպես որ, դժվար է հավատալ, թե Արեւմուտքին շատ է հուզում ժողովրդավարությունը Վրաստանում: Նրան պետք է, որ այդ երկիրը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Իսկ թե ինչ խնդիրների առաջ դա կկանգնեցնի Հայաստանին՝ նույնպես պետք չէ երկար բացատրել: Միայն այն, որ ռուս-վրացական սահմանը (այդ թվում՝ օդային) փակման վտանգի տակ կկանգնի՝ արդեն իսկ բավարար է պատկերացնելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Իրավացի եք պարոն Աբրահամյան
    Ինձ ապշեցցնում է թե այդ պայմանականորեն ,,Սորոսականներն,, իրենց ստերով ինչ արագությամբ են միամիտ մարդկանց փողոց հանում, իսկ իրական արժեքների մասին խոսացողներն երբեք չեն կարողանում

  2. Լավատես says:

    Այդ գիշատիչներն իրականում ավելի բարձր քաշային կարգի խաղացողներն են, մենք մեկ թե հինգ կարգ դեռեւս ցածր քաշային կարգում ենք եւ շատ ուրախ եմ, որ կամաց կամաց հասկանում ենք, որ մենք բնական դաշնակիցներ կարող ենք գտնել միմիայն մեր քաշային կարգում եւ ոչ մի դեպքում մենք հավասար դաշնակից չենք կարող լինել բարձրքաշայինների համար: Թող ցինիկ հնչի’ լավ է պարտվել առանց բարձրքաշայինի աջակցության, քան հաղթել բարձրքաշայինի աջակցությամբ եւ սա … սրտի մխիթարանք չի: Մենք երկու ճանապարհ ունենք, առաջինը’ միավորվենք մեր քաշայինների հետ եւ մի միասնական բարձրքաշային կառույց ստեղծենք, որն ինձ համար լավագույն ճակատագիրը կլինի մեզ համար կամ էլ բարձրքաշայինների մեջ դառնալ առանձին միակ ֆունկցիոնալ կառույց, ինչպես Վաշինգտոն ԴՍ Ամերիկայի համար կամ Լիխտենշտեյն ու Շվեյցարիան Եւրոպայի համար: Մենք հայերով ունենք բարձրքաշային հաջողության պատմություն, մնում է մի քիչ ռեալ’ առանց գերա ու թերա գնահատանքների գնահատենք մեր ուժերն ու գործ անենք: Մարդկությանը մենք մեր հայ էությամբ միայն բարին ենք տարածում: Ցանկացած ազգի երջանկությունը’ իր ազգը պահպանելն է, Հայի համար ամենամեծ երջանկությունը հայ մնալն է: Լոռի, Շիրակ, Ջավախք, Լեզգիստան, Թալիշստան, Աբխազիա, ո՞ւր են ձեր քաղհասարակությունները, իսկ վրացի ժողովրդին հայ ժողովուրդը պարտվոր է ձեռք մեկնել, միասին վերպետական բարձրքաշային կառույց ստեղծենք, որ մեզ իրարից չկարողանան բաժանել, թե չէ գիշատիչ բարձրքաշայինները մեզ առանձին առանձին իրար կհրամցնեն: Սա վերաբերում է եւ ռուս ուկրաինական ժողովուրդներին, հույսներդ մի դրեք սրա նրա վրա, ինչպես Գերմանիայից կանցլերակտ ստիպեցին ստորագրել, այնպես էլ նման ակտեր պատերազմի արդյունքում կստորագրեն երկու կողմերն էլ: Հայերը մեծ գործ կարող էին անել նաեւ այս հակամարտությունը ռազմավարական դաշինքի վերածելու գործում, չգիտեմ, հասունացե՞լ ենք դրա համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031