Լրահոս
Օրվա լրահոսը

Անպայման պիտի փոխհատուցի. դու ո՞վ ես, գաս ապրանքս տշես, կնիկդ էլ ավտոյից իջնի, նկարի. առեւտրականը՝ ՔՊ-ական պատգամավորին

Մարտ 09,2023 15:44

Կարտոֆիլի վաճառքով զբաղվող մարտունեցի Արթուր Հակոբյանը պատրաստվում է նյութական փոխհատուցում պահանջել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից իր երկու պարկ կարտոֆիլը վնասելու համար:

Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին Տիգրանյան հասցեում կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել:

«Վաղը չէ մյուս օրը գալու եմ էլի այդ տեղում կարտոֆիլ վաճառեմ: Շատ վաղուց եմ այդտեղ կարտոֆիլ վաճառում։ Առողջական խնդիրներ ունեի, չէի գալիս։ Երրորդ օրն էր, որ եկել էի, ու այդ միջադեպը եղավ: Ինչ վերաբերում է, թե այդ տարածքի նայողն եմ, ես մարտունեցի եմ, Վարդենիկ գյուղից եմ, թե իմ ապրանքն եմ բերում, թե այլ մարդկանցից եմ առնում, բերում՝ վաճառում: Դրանով ենք յոլա գնում: Իմ հասցեին հնչեցրած արտահայտությունն էլ, թե տզրուկ եմ, տզրուկն ինքն է, որ իմ ապրանքը ոտով տալիս, ջարդում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Հակոբյանը:

Նա պատմեց, որ քննչական մարմնում առերեսվել է պատգամավորի հետ, դեպքի որոշ մանրամասները պատգամավորը դժվարությամբ է հիշել. «Ներողություն ինձնից չի խնդրել, դեռ տարածել է, որ ես պետք է խնդրեմ: Չգիտեմ՝ ինչի համար պետք է խնդրեմ ներողություն, որ իմ ապրանքը փչացրեց, դրա համա՞ր: Երկու մեշոկ կարտոֆիլ է տշել, թափել փողոցում: Այդ ընթացքում, որ ոստիկաններն ինձ տարան, չգիտեմ՝ ինչ է եղել այդ կարտոֆիլը: 100-120 կիլոգրամ կարտոֆիլ էր, 25-30.000 դրամ արժեր: Անպայման պետք է փոխհատուցի իր արածի համար… Դու ո՞վ ես, գաս առանց որեւէ մի բանի ապրանքս տշես, կնիկդ էլ ավտոյից իջնի, նկարի: Ասենք՝ նկարածդ ո՞ւր է, հանի՝ ցույց տուր, ասես՝ ջնջել եմ: Ինչի՞ ես ջնջել, եթե կնիկդ նկարել էր: Ես երկու անգամ իրեն ասել եմ՝ քո արածը դիշովկություն է, ինքը ինձ իր կնոջ մոտ հայհոյել է: Չգիտեմ՝ սա պատգամավորի արած բա՞ն է: Նորմալ, խելքը գլխին մարդը նման բան կանի՞ ու ասի՝ լավ եմ անում, որ պատգամավոր ես, ուրեմն կարող ես լավ անե՞լ»:

Պատգամավորը պնդում էր, որ Հակոբյանը մեքենան կայանել է հենց փողոցի մեջտեղում, ինչը չի թույլատրվում: Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ պատգամավորի կանչով դեպքի վայր եկած ոստիկանները տուգանեցի՞ն իրեն սխալ կայանելու համար, ի պատասխան ասաց. «Չեմ տուգանվել, ես քիփ կանգնում եմ մայթին: Այդ տեղով, որ անցնեք, մեքենաները շարված են այդ հատվածում, նույնն էլ իմ ավտոն է կանգնած եղել: Որ իմանամ, ինչ-որ մեկին խանգարում եմ, չեմ կանգնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031