Լրահոս
Օրվա լրահոսը

Ականջավոր գավաթի ֆավորիտները

Մարտ 12,2023 13:09

Չեմպիոնների լիգայի ներկայիս մրցաշրջանն ակտիվ ընթացքի մեջ է։ Երկրագնդի կարևորագույն ակումբային մրցաշարը շուտով կմոտենա իր տրամաբանական ավարտին։ Հետաքրքիրն այն է, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը մասնագետները առավելություն էին տալիս ակումբների, որոնք այժմ լքել են պայքարը և հակառակը. հայտնվել են նորընծա ֆավորիտներ։ Այս հոդվածում կփորձենք ներկայացնել մրցաշրջանի գլխավոր մրցաշարի՝ հիմնական և թաքնված ֆավորիտներին…

Չեմպիոնների լիգայի և Մադրիդի Ռեալի միջև անհասկանալի քիմիա կա, որը չի վերանում։ Արքայական ակումբը, թեկուզ գտնվի վատագույն մարզավիճակում, Չեմպիոնների լիգայում հանդես է գալիս ֆավորիտի կարգավիճակում և անհասկանալի կերպարանափոխության է ենթարկվում։ Ականջավոր գավաթի 14-ակի տիտղոսակիրը այս մրցաշրջանում հանդես է գալիս գործող չեմպիոնի կարգավիճակով և պատրաստվում է պաշտպանել տիտղոսը։ Նախորդ մրցաշրջանում շլացուցիչ ֆուրորից հետո Բլանկոսը անհաջող ելույթներ է ունենում Իսպանիայում։ 9 միավորի տարբերությունը Բարսելոնայի դեմ հետ բերելը անչափ բարդ կլինի մրցաշրջանի մայրամուտին։ Իսպանիայի գավաթում նույնպես ծանր կացության մեջ է մայրաքաղաքային թիմը, քանի որ կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվեցին ոխերիմ մրցակից Բարսելոնային նվազագույն հաշվով, այն էլ՝ սեփական հարկի տակ։ Ռեալը, հնարավոր ձախողումը Իսպանիայում, կարող է արդարացնել՝ հաղթելով Չեմպիոնների լիգան, սակայն դա էլ ամենահեշտ խնդիրը չէ, քանի որ թեժ մրցակցությունն անխուսափելի է։

Չեմպիոնների լիգայի հիմնական ֆավորիտներից է Մյունխենի Բավարիան. Գերմանական մեքենան տպավորիչ վիճակագրություն է գրանցել Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։ Անցկացրած 8 խաղերից հաղթել է 8 անգամ, խփել է 18 գոլ, բաց թողել ընդամենը երկուսը։ Ուշագրավ է, որ բավարացիների մրցակիցներն են եղել՝ Բարսելոնան, Ինտերը, ՊՍԺ-ն և Վիկտորիա Պլզենը, սակայն հենց Պլզենից է Ռեկորդմեյստերը բաց թողել այդ երկու գնդակները։ Չոր խաղերը ՊՍԺ-ի, Բարսելոնայի և Ինտերի դեմ խոսում են գերմանական գրանդի ֆանտաստիկ խաղի մասին։ Գերմանիայում նույնպես խնդիրներ ունի լուծելու Բավարիան. Բունդեսլիգայում նա առաջատարն է, սակայն Դորտմունդը շնչում է նրա թիկունքում և զիջում է ընդամենը երկու միավորով։ Գավաթի խաղարկությունում ևս խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ պայքարում են մնացել մեծամասամբ այն թիմերը, որոնք գտնվում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերին հատվածում։ Չնայած նրան, որ բավարական գրանդը պայքարում է երեք ճակատով, լիովին իրատեսական է հնարավոր թրեբլը, քանի որ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար Բավարիան ունի բավական երկար և անվանի պահեստայինների նստարան։ Հոգնածությունը այս Բավարիային խանգարող հանգամանք դժվար թե հանդիսանա։

Վերջին տարիներին Գվարդիոլայի Մանչեսթեր Սիթին չի բացակայում Չեմպիոնների լիգայի հիմնական ֆավորիտների շարքից։ Ինչպես միշտ՝ քաղաքայիններն ունեն անվանի կազմ, բավարար մարզավիճակ և խոստումնալից ապագա։ Սակայն ամեն անգամ նշածս վերջին հանգամանքը հօդս է ցնդում կոնցենտրացիայի աննշան կորստի պատճառով։ Գվարդիոլան տասը տարուց ավել է, որ չի կարողանում նվաճել բաղձալի գավաթը։ Այս մրցաշրջանում խնդիրները երկնագույնների համար սովորականից շատ են։ Գլխավոր խնդրի անունը Արսենալ է։ Այո, զինագործները անցկացնելով տպավորիչ մրցաշրջան՝ գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ Մանչեսթեր Սիթիի նկատմամբ ունենալով 5 միավորի առավելություն։ Եթե հաշվի առնենք նաև Անգլիայի գավաթը՝ Գվարդիոլայի գլխացավանքը եռապատկվում է, քանի որ այնտեղ պայքարի մեջ է Սիթիի հավերժ հակառակորդ Մանչեսթեր Յունայթեդը։ Միգուցե մարտահրավերների ավելացումը հավելյալ մոտիվացիա դառնա իսպանացի մասնագետի համար, իսկ Մանչեսթեր Սիթին այս անգամ հաջողի եվրոարենայում։ Դժվար է եզրակացություններ անելը, սակայն Սիթին անխոս համարվում է ականջավոր գավաթի հիմնական ֆավորիտներից։

Եվրոֆուտբոլի ԹՈՓ 3 ակումբներից զատ նշմարվում է նաև թաքնված ֆավորիտ, որը այս մրցաշրջանի գլխավոր անակնկալն է ակումբային ֆուտբոլի սիրահարների համար։ Ա Սերիայում չեմպիոնական պայքարը գրեթե ավարտված է։ Նապոլին ակնահաճո հաջողություններ գրանցելով՝ սլանում է դեպի երկար սպասված Սկուդետտոն։ Ներկա պահին նեապոլիտանցիները 18 միավորի առավելություն ունեն հետապնդող Ինտերի նկատմամբ։ Հավատալ, թե որևէ թիմ կշրջանցի Նապոլիին Ա Սերիայի այս խաղաշրջանում, նշանակում է լինել անհույս ռոմանտիկ։ Սակայն ախորժակը ուտելիս է բացվում։ Նապոլին չի հրաժարվի նաև Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ շարժվելուց։ Հանգամանքների հաջող դասավորության դեպքում իտալական ակումբը կարող է նաև հավակնել մրցաշրջանի գլխավոր տիտղոսին։ Իհարկե, դժվար է հավատալ այս ամենին՝ հաշվի առնելով մնացած թիմերի անունները և մարզավիճակը, սակայն ֆուտբոլը անկանխատեսելի է։ Դրանում բազմիցս ենք համոզվել…

Գալիք շաբաթ կավարտվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը և պարզ կդառնան քառորդ եզրափակչի մյուս մասնակիցները և զույգերը։ Արդեն իսկ եվրոֆուտբոլի լավագույն 8 թիմերի շարքում են Միլանը, Բավարիան, Չելսին և Բենֆիկան։ Եվս չորս անուն կիմանանք ընդամենը օրեր անց, երբ պատասխան հանդիպումները անցկացնեն հետևյալ զույգերը. Մանչեսթեր Սիթի 1։1 Լայպցիգ, Պորտու 0։1 Ինտեր, Նապոլի 2։0 Այնթրախտ և Ռեալ Մադրիդ 5։2 Լիվերփուլ…

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանն էլ շուտով պատմություն կդառնա։ Վայելենք այն…

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031