Մարտի 15-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը:
Օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցն էր:
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում Նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
Կարդացեք նաև
Նախագիծը ներկայացնելուց հետո հեղինակը առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկությունների համար ժամկետ սահմանել մեկ շաբաթ:
Նախագիծը նախապես քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և արժանացել էր դրական եզրակացության:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ:
Հաջորդիվ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հրապարակել է Ազգային ժողովի որոշումը.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
2023 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամաբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն»:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին