Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան (Տեսանյութ)

Մարտ 15,2023 22:11

Հրապարակվել է Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա.  տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:

«Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Բրյունետը շատ արտիստիկ է՝ յուրօրինակ ոճով և էներգիայով, որն արտահայտվում է իր յուրաքանչյուր կատարման մեջ: Ես վստահ եմ, որ նա մեզ բոլորիս հպարտանալու առիթներ է տալու և իր տեղն է գտնելու միլիոնավոր երկրպագուների սրտում,- ասում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը և հավելում,- այժմ մենք աշխատում ենք մեր գործընկերների՝ ռեժիսոր Մարվին Դիթմանի և Ռոս Նիքոլսոնի հետ՝ ստեղծելու անկրկնելի շոու: «Future Lover»-ը գեղարվեստական և պատկերավոր բեմադրություն է, և մենք անհամբեր ենք այն ներկայացնել մայիսին եվրատեսիլյան մեծ բեմում»:

Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասում է. «Երբ արտիստը կատարում է հենց իր հեղինակային երգը, նա ավելի ճիշտ է կարողանում փոխանցել իր զգացմունքները հանդիսատեսին, կապն առավել օրգանիկ է դառնում: Այս տարվա մեր երգի կառուցվածքը ստանդարտներից փոքր-ինչ դուրս է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն: Երգում Բրյունետն ամբողջությամբ իր ոճին, տեսակին համապատասխան ներկայացնում է իր ձայնային կարողությունները: Փորձել ենք չշեղվել իր տեսակից, և երգում տեղ է գտնել նաև փոքրիկ ռեփ հատված, որն ամենամոտն է Բրյունետի յուրօրինակ տեսակին»:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031