Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Ֆուտբոլային մեր դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց դիվանագիտության ընթացքում թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»

Մարտ 24,2023 22:40

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ այն համեմատելով իր նախագահության եւ ներկա իշխանության դիվանագիտական աշխատանքների հետ։

«Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած էդ դիվանագիտության ընթացքում, ցավոք սրտի, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում։ Սա է տարբերությունը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Թե ինչ կտա մեր երկրին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Սերժ Սարգսյանը չգիտի․ «Որովհետեւ շատ բան է խառնվել։ Անկեղծ ասած, էն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական ինչ-որ նպատակներ ունեինք։ Մեր հիմնական նպատակն էր Հայաստանի հանրապետության անվտանգությունը ապահովելը, մեր ցանկություն էր, որպեսզի Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց Ադրբեջանին։ Պարզ է, չէ՞, որ եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ի՞նչ է լինելու օգուտը, եթե չստացվի, ինչ է լինելու օգուտը։ Ես կարծում եմ՝ նույնիսկ չստացվելու պարագայում մենք բավական օգուտներ քաղեցինք, որովհետեւ միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք։ Իսկ թե հիմա ինչ կտա, չգիտեմ, նայած, թե ինչ են բանակցում։ Մենք մեր բանակցային փաթեթը հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք, թե նրանք ինչի մասին են բանակցում, ինչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է։ Տենց շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան։ Բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով, որովհետեւ ուրիշ հայտարարություններ էլ են հնչում»։

Հիշեցնենք, որ վաղը Երեւանում սպասվում է Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031