Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանուշակագույն օրվա» խորհրդով․ Էպիլեպսիա ունեցող շատ ու շատ մարդիկ կարող են ապրել լիարժեք կյանքով

Մարտ 27,2023 09:30

Կանադացի իննամյա աղջնակ Քեսիդի Մեգանն իր կյանքի ընթացքում արդեն հասցրել էր զգալ հասակակիցների ու մեծահասակների տարօրինակ, հաճախ՝ ոչ ադեկվատ վերաբերմունքն իր նկատմամբ։ Օրերից մի օր, երբ Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում  Էպիլեպսիայով հիվանդների ասոցիացիայի անդամները սկսում են հիվանդության մասին դասախոսություններ կարդալ Քեսիդիի դպրոցում, աղջկա մոտ մի գաղափար է ծնվում, որի մասին աղջնակը շտապում է հայտնել Էպիլեպսիայով հիվանդների ասոցիացիային՝ գրելով նրանց․ 

«Ողջույն, իմ անունը Քեսիդի Մեգան է։

Ես 9 տարեկան եմ և հիվանդ եմ էպիլեպսիայով։ Ես հորինեցի «Մանուշակագույն օրը», քանի որ ցանկանում եմ պատմել այդ հիվանդության մասին, հատկապես այն մասին, որ էպիլեպսիան կարող է տարբեր լինել, և որ էպիլեպսիա ունեցող մարդիկ մյուսներից չեն տարբերվում։ Ես նաև ցանկանում էի, որ էպիլեպսիայով տառապող մարդիկ իմանան, որ իրենք մենակ չեն, ու միշտ կան մարդիկ, որոնք կաջակցեն իրենց․․․»։

Քեսիդի Մեգանը՝ 2023-ի մարտի 26-ի Մանուշակագույն օրը նշելիս 

Շուտով Քեսիդիի նախաձեռնությունը մեծ արձագանք է գտնում ոչ միայն Կանադայում, այլև ամբողջ աշխարհում, և 2008 թ․-ից ի վեր մարտի 26-ը նշվում է որպես Էպիլեպսիայի համաշխարհային օր կամ Մանուշակագույն օր։ Եվ այսօր ոչ միայն Քեսիդին, այլև տասնյակ հազարավոր մարդիկ են մարտի 26-ը լավ առիթ համարում էպիլեպսիայի մասին խոսելու համար։

Մենք նույնպես, կարևորելով այդ առիթը, զրուցել ենք Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանի հետ։

Ինչպե՞ս է բնութագրվում էպիլեպսիան՝ որպես հիվանդություն։ 

-Նախ եկեք տարբերակենք էպիլեպտիկ նոպան էպիլեպսիայից։

Էպիլեպտիկ նոպան ի հայտ է գալիս գլխուղեղի մի խումբ նեյրոնների ոչ ճիշտ, հանկարծակի, չափազանց բարձր էլեկտրական ակտիվության բռնկման հետևանքով, և կախված այդ նեյրոնների տեղակայումից՝ կարող են առաջանալ կլինիկական ցնցումների տարբեր դրսևորումներ։

Իսկ էպիլեպսիան արդեն համարվում է քրոնիկ հիվանդություն, և Ընդդեմ էպիլեպսիայի միջազգային լիգան այն սահմանում է հետևյալ կերպ՝  «երկու և ավելի չհրահրված ցնցումներ ավելի քան 24 ժամ ընդմիջմամբ, էպիլեպտիկ համախտանիշի ախտորոշում կամ մեկ չհրահրված ցնցում, սակայն հետազոտություններով բավարար տվյալներ, որ ցնցումը կարող է կրկնվել հաջորդ 10 տարիների ընթացքում»։

Չհրահրված ասելով` ի նկատի ունենք ցնցումներ առաջացնող այնպիսի գործոնների բացակայությունը, ինչպիսիք են, օրինակ, գլյուկոզայի ցածր մակարդակը, բարձր ջերմությունը և այլն։

Ընդհանրապես մարդկանց մեծ մասը ցնցումը պատկերացնում է ձեռքերն ու ոտքերն ընդգրկող ծավալուն շարժումների տեսքով, որը գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպան է, սակայն իրականում նոպաները լինում են շատ տարբեր, այդ թվում՝ դրանք կարող են դրսևորվել պարզապես հայացքի հառումով, գիտակցության մթագնումով, դեմքի միայն մի մասի ռիթմիկ կծկումներով, կլման շարժումներով, տհաճ զգացողությամբ, վախի ի հայտ գալով և այլն։

Էպիլեպսիան դասակարգվում է հետևյալ խմբերի՝ ֆոկալ (տեղակայված), գեներալիզացված, կոմբինացված (ֆոկալ և գեներալիզացված) և անհայտ, և անգամ Ընդդեմ  Էպիլեպսիայի միջազգային լիգան  է ընդունում, որ որոշ դեպքերում դժվարություններ կարող են առաջանալ էպիլեպսիայի տարատեսակը որոշելու հարցում։

Էպիլեպտիկ ցնցումներն էլ լինում են ֆոկալ, գեներալիզացված ու անհայտ ծագման։

Որո՞նք է այս հիվանդության և դրա հետևանք հանդիսացող ցնցումների առաջացման պատճառները։

-Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են՝ դրանք կարող են լինել կառուցվածքային, գենետիկ, ինֆեկցիոն, նյութափոխանակային, իմունային և այլն, և էպիլեպսիայի մոտ 50 տոկոս դեպքերում հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ։

Տոկոսային հարաբերակցությամբ էպիլեպսիան ավելի հաճախ  է հանդիպում վաղ մանկական տարիքում և 65 տ․-ից բարձր մեծահասակների շրջանում։

Որո՞նք են համարվում ռիսկի գործոններ։ 

-Ցանկացած մարդ իր կյանքի այս կամ այն փուլում կարող է ունենալ էպիլեպտիկ ցնցումներ կամ էպիլեպսիա, և ոչ մեկն ապահովագրված չէ այդ խնդիրներից, բայց կան որոշակի ռիսկի գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը․ օրինակ՝ ուղեղի ինֆեկցիաները՝ մենինգիտը, էնցեֆալիտը, ընտանեկան պատմությունը՝ առաջին կարգի հարազատների մոտ հիվանդության առկայությունը, ուղեղի վնասումը, որը կարող է լինել նորածինների մոտ թթվածնաքաղցի կամ հղիության ընթացքում մոր ինֆեկցիաների հետևանքով։ Երեխաների դեպքում մեծ տոկոս են կազմում գլխուղեղի կառուցվածքային հիվանդությունները, օրինակ՝ զարգացման արատները և այլն, մեծահասակների համար կարելի է նշել գլխի տրավմաները, անոթային հիվանդությունները, այդ թվում՝ կաթվածի որոշ տեսակներ, որոնցից հետո մարդը կարող է ունենալ ցնցումներ։ Փոքր տարիքում ցնցումների առկայությունը նույնպես մեծացնում է ավելի մեծ տարիքում դրանց առաջացման հավանականությունը։

Հայաստանում էպիլեպսիա ախտորոշում ունեցող երեխաների թիվը մե՞ծ է, և արդյո՞ք դատավճիռ է էպիլեպսիան։ Բուժման ինչպիսի՞ հնարավորություններ կան։ 

-Արաբկիր բժշկական համալիրում գործում է Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսերը, որտեղ հսկվում են ավելի քան 3600 երեխաներ, որոնք ունեն էպիլեպսիա։

Վաղուց կա նման միֆ, որ էպիլեպսիան չի բուժվում, և այն դատավճիռ է ողջ կյանքի համար, բայց այդպես չէ։  Նախ սկսենք նրանից, որ փոքր տարիքում կարող են լինել էպիլեպսիայի անցողիկ տարատեսակներ, որոնք ավարտվում են մինչև երեխայի դեռահասության շրջանը կամ չափահաս դառնալը։ Այդ ընթացքում երեխան ստանում է հակացնցումային դեղորայք, որի կարիքը հետագայում կարող է չզգացվել ընդհանրապես։

Բացի դրանից, կա վիճակագրություն, ըստ որի՝ պացիենտների 65-70 տոկոսը լավ ենթարկվում է դեղորայքային բուժման, և ստանալով հակացնցումային ճիշտ ընտրված դեղորայք՝ ճիշտ դեղաչափով, նոպաներ չի ունենում։ Մոտ 30 տոկոսի դեպքում ցնցումները լավ չեն կառավարվում, այսինքն եթե կոպիտ հաշվարկով ներկայացնենք՝ 3 պացիենտից մեկի մոտ ցնցումները լավ չեն ենթարկվում դեղորայքային բուժման։ Եվ կարող է 2-րդ, 3-րդ դեղորայքի ներմուծման, դեղամիջոցների չափաբաժինների բարձրացման կարիք լինել։ Եվ այս դեղորայքակայուն պացիենտներն են, որոնք կարող են լինել էպիլեպսիայի վիրահատության թեկնածու։  Իհարկե, վիրահատական միջամտությունը ցուցված է գլխուղեղի կառուցվածքային խնդրով պայմանավորված էպիլեպսիայի դեպքում։ Որոշ դեղորայք-կայուն էպիլեպսիայով երեխաներին էլ կարող է օգնել կետոգեն դիետան, որը նշանակվում և հսկվում է միայն բժշկի կողմից։

Հայ վիրաբույժները՝ վիրահատության ժամանակ․ լուսանկարը՝ News.am-ի տեսանյութից

Հայաստանում իրականացվո՞ւմ են այդ տեսակի վիրահատությունները։ 

-Մի քանի տարի է՝ մենք համագործակցում էինք բուլղարացի մեր գործընկերների հետ, որոնք տարին մեկ կամ երկու անգամ գալիս էին Հայաստան ու տեղի նյարդավիրաբույժների հետ վիրահատում էին մեր պացիենտներին, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում վիրահատություններն իրականացնում է հայ նյարդավիրաբույժը, և մեր կենտրոնը գնալով համալրվում է տեխնիկական այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են այդպիսի վիրահատությունների համար։  Օրինակ՝ բոլորովին վերջերս մեր նյարդավիրաբույժներն ինքնուրույն կատարեցին ուռուցքի վիրահատություն, որի պատճառով երեխան ցնցումներ էր ունենում։ Բնականաբար, լինում են շատ բարդ դեպքեր, որոնք մեծ փորձ և գուցե որոշ նորագույն սարքավորումներ են պահանջում, և այդ դեպքերում պացիենտներին մենք ուղղորդում ենք Բուլղարիա մեկնելու և այնտեղ վիրահատվելու, բայց մյուս դեպքերում մեր վիրաբույժները լիարժեքորեն կարող են կատարել այդ միջամտությունները։

Էպիլեպսիան այն հիվանդությունը չէ, որը երկար ժամանակ «աննկատ» կմնա, սակայն որոշ տեսակներ այդքան ակնհայտ դրսևորումներ չեն ունենում։ Ծնողը ինչի՞ն պետք է ուշադրությունը դարձնի՝ խնդիրն ավելի շուտ հայտնաբերելու համար։ 

-Կարծում եմ՝ դա հիմնականում վերաբերում է ֆոկալ ցնցումներին, քանի որ գեներալիզացված մեծ ցնցումները ծնողը, բնականաբար, արագ  տեսնում է և անմիջապես դիմում բժշկի։ Իսկ ֆոկալ՝ փոքր ցնցումների դեպքում մարդը միանգամից կարող է գլխի չընկնել․ օրինակ՝ երբ երեխան հայացքը հառում է մի կետի, հարազատներին չի արձագանքում, ինչը  կարող է տևել մի քանի վայրկյան, ունենում է վերջույթների վերթռնումներ՝ անկախ իր կամքից։ Կրծքի հասակի երեխաների սերիական կծկումները նույնպես ուշադիր լինելու առիթ են։

Մանուշակագույնը էպիլեպսիայի միջազգային գույնն է: Ենթադրվում է, որ այն դրական է ազդում նյարդային համակարգի վրա, նվազեցնում է անհանգստությունը, ֆոբիաներն ու վախերը:

Հիվանդության ընկալումն ինչպիսի՞ն է մեր հասարակության շրջանում։

-Շատ մարդիկ թաքցնում են իրենց երեխայի՝ էպիլեպսիայով հիվանդ լինելու փաստը, ամաչում դրանից, թաքցնում են անգամ դպրոցից կամ մանկաբույժից, որը, չիմանալով, որ երեխան հակացնցումային դեղ է ստանում, կարող է այնպիսի բուժում նշանակել, որը չի կարելի համադրել հակացնցումային դեղորայքի հետ։

Կուզեի, որ մեր հասարակության մտածելակերպը մի քիչ փոխվեր։ Ի վերջո, մարդը, որն ունի էպիլեպսիա, մեղավոր չէ, այնպես, ինչպես մեղավոր չէ դիաբետ կամ կարճատեսություն  ունեցող մարդը։ Էպիլեպսիա ունեցող շատ ու շատ մարդիկ կարող են ապրել լիարժեք կյանքով, ամուսնանալ, երեխա ունենալ, ունենալ լավ աշխատանք, ուստի եկեք մեկս մյուսին աջակցենք ու չպիտակավորենք միմյանց։

-Էպիլեպսիա ունեցող մարդու նոպայի ժամանակ ինչպե՞ս դրսևորել ճիշտ վարքագիծ։ 

-Էպիլեպսիա ունեցող մարդու ընտանիքի անդամներն ու մտերիմները, սովորաբար տեղեկացված են լինում, թե ինչպես վարվեն իրենց հարազատի մոտ ցնցումների դրսևորման դեպքում։ Սակայն լինում են դեպքեր, երբ կողմնակի մարդիկ անակնկալի են գալիս՝ ականատես լինելով մարդու մոտ էպիլեպտիկ նոպայի առաջացմանը։

Շատերին՝ հարևաններին, բարեկամներին թվում է, թե իրենք լավություն են անում, և վախենալով, որ հիվանդի լեզուն կուլ կգնա, իրենց մատները կամ գդալ են մտցնում նրա բերանի մեջ՝ լեզուն պահելու համար։ Նշեմ, որ լեզուն կուլ գնալ չի կարող, և այդպիսի գործողությունների կարիք չկա։  Ամենասկզբում պացիենտի համար պետք է ապահովել անվտանգ միջավայր, նրա մոտից հեռացնել սուր առարկաները, եթե տեսնում եք, որ գլխով հատակին հարվածելու վտանգ կա, գլխի տակ բարակ բարձի նման մի բան է պետք դնել՝ նրան վնասվածքներից պաշտպանելու համար։

Քանի որ ցնցման ընթացքում կարող է լինել փսխում կամ թքարտադրություն, ուստի ցնցվող մարդուն պետք է թեքել կողքի, որպեսզի այդ զանգվածները չանցնեն շնչուղիներ։

Պետք է անպայման ֆիքսել ժամանակը, թե երբ եղավ ցնցումը՝  բժշկին հայտնելու համար և կանչել շտապօգնություն։

Անի Գևորգյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031