Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթական թեկուզ 1-2 անգամ 8000 քայլ կատարելը նշանակալիորեն բարելավում է առողջությունը

Ապրիլ 04,2023 12:34 Share

Ամեն օր 8000 և ավելի քայլ կատարելը կապվում է սիրտ-անոթային և այլ հիվանդություններից մահացության ցուցանիշների նշանակալի նվազեցման հետ։ Սակայն նոր, ընդգրկուն հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ 8000 քայլ կատարելը նույնպես դրական ազդեցություն է ունենում տարատեսակ հիվանդություններից մահացության ցուցանիշների կրճատման տեսանկյունից։

JAMA Network ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 10 տարվա ընթացքում 20-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք շաբաթական 1 կամ 2 անգամ 8000 և ավելի քայլ են կատարել, 14,9%-ով ավելի քիչ են ենթարկվել հիվանդություններից մահացության ռիսկին՝ համեմատած նստակյաց կյանք վարող մարդկանց հետ։

Ընդ որում, մահվան վտանգը գնալով նվազել է ակտիվ օրերի քանակի ավելացմանը զուգահեռ։ Օրինակ՝ շաբաթական 3-7 օր մարմնամարզությամբ զբաղվելը 16,5%-ով նվազեցրել է սիրտ-անոթային և այլ հիվանդություններից մահացության վտանգը։

Մեկ այլ հետազոտությամբ ևս հաստատվել էր, որ 60 տարեկանից ցածր մարդկանց շրջանում օրական մինչև 10000 քայլ կատարելը նվազեցնում է մահացության վտանգը, իսկ 60-ն անց մարդկանց համար՝ մինչև 8000 քայլ կատարելը բավարար է եղել նման արդյունքների հասնելու համար։

«Քայլող մարդը», հեղինակ` Արտո Չաքմաքչյան

Շատերի համար օրական 8000 քայլ կատարելը մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում․ հետազոտության ղեկավարը՝ Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի դոկտոր Կոսուկե Ինոեն մեկնաբանել է, թե ինչու են որոշել անցկացնել այդ հետազոտությունը․ «Իմ պացիենտներից մեկը մի անգամ ինձ հարցրեց՝ ես դժվարանում եմ ամեն օր բավականաչափ քայլելու հարցում։ Կարո՞ղ եմ արդյոք կենտրոնանալ քայլքի վրա միայն ոչ աշխատանքային օրերին»։ Քայլելու արդյունավետությունն ուսումնասիրող հետազոտություններում հիմնականում գնահատվում են շաբաթական կատարված քայլերի ցուցանիշները, և դոկտոր Ինոեն նկատել էր, որ շաբաթական ընդամենը մի քանի օր քայլելու օգտակարության մասին փաստող ապացույցների պակաս կա։

«Հաշվի առնելով, որ մարդկանց մեծամասնությունը չի հասցնում մարզվել ժամանակի անբավարարության պատճառով, մեր ուսումնասիրության արդյունքները կարող են շատ օգտակար լինել նրանց համար, քանի որ այսպիսով մենք տեղեկանում ենք, որ շաբաթական թեկուզ երկու օր բավականաչափ քայլելը նպաստում է մահացության վտանգի նվազեցմանը»։

Հետազոտողներն այս ուսումնասիրության արդյունքները հուսադրող են համարում՝ հիշեցնելով, որ ավելի լավ է անել նվազագույնը, քան չանել ոչինչ։ Եվ եթե շաբաթական 1-2 օր ունեք մարզվելու կամ քայլելու համար, ապա օգտագործեք այդ 1-2 օրը։

Ինչպես է քայլելն ազդում առողջության վրա

Քայլելը դիտարկվում է որպես պարզ և արդյունավետ միջոց նստակյաց կենսակերպի մեջ փոփոխություններ կատարելու համար։ Իսկ նստակյաց կյանքը, ինչպես հայտնի է, կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, հիպերտոնիայի, 2-րդ տիպի դիաբետի, կաթվածի, ճարպակալման, բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգի հետ։ Քայլելն օգնում է մարդուն կարգավորել քաշը, ամրացնել մկաններն ու ոսկորները, նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, զարկերակային ճնշման բարձրացման ու դիաբետի զարգացման ռիսկը։ Քայլելը նաև կապվում է տրամադրության բարելավման հետ։

Հարվարդի բժշկական դպրոցի տվյալներով՝ քայլելը նաև ունի մի քանի այլ առավելությունները, որոնք այնքան էլ ակնհայտ չեն, օրինակ՝ այն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն ու ամրացնում իմունային համակարգը, թեթևացնում է արթրիտի պատճառով առաջացած հոդացավը և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930