Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 7-8 ամիս է՝ ընթանում է «օրենքով գողերի» դատավարությունը։
Այս գործը կարելի է ասել տեղից չի շարժվում․ այդ ամիսների ընթացքում անընդմեջ քննարկվել է ամբաստանյալների խափանման միջոցի հարցը։ Փոխվել է 3 դատավոր, այսօր այն անցել է չորրորդին՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։
Դատարանն այսօր 4,5 ժամ տևած նիստի ընթացքում որոշել է երկու «օրենքով գողերի»՝ գլխավոր մեղադրյալ Սուրեն Ավետիսյանի, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, և Արտյոմ Ղազարյանի՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի»՝ օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդու կալանքը երկարացնել երկու ամսով։ Չնայած որ նրա պաշտպանը միջնորդել էր կիրառել տնային կալանք՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ կամ այլընտրանքային խափանման միջոցի այլ տեսակներ։
Այսօր քննարկվել է նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցը․ դատարանը մեկ ամսով երկարացրել է Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» կալանքի ժամկետը, մնացածինը թողել է անփոփոխ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 8 ամբաստանյալներ, այդ թվում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանն ու ու նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը, որոնք 50 և 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ամբաստանյալներից են Էդմոն Գրիգորյանը, Ցոլակ Գևորգյանը՝ «Տեքստիլի Ցոլոն» և Վահան Տեր-Պողոսյանը։
Դատարանն այս գործով անցնող ամբաստանյալներից երկուսի դեպքում կիրառել է հունվարին ընդունված նոր խափանման միջոցը, այն է՝ տնային կալանքը։
Մեկ ամիս առաջ կայացած դատական նիստին նախորդ դատավոր Անի Մարտիրոսյանը տնային կալանք էր կիրառել Էդմոն Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի նկատմամբ՝ 30 և 35 միլիոն դրամ գրավի համակցությամբ։ Ցոլակ Գևորգյանը որոշակի առողջական խնդիրներ ունի։
Նշենք, որ այս գծով անցնող գլխավոր ամբաստանյալի՝ Սուրեն Ավետիսյանի առողջական վիճակը ևս անհամատեղելի է նրա՝ կալանավայրում գտնվելուն, նա տառապում է ծանր դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, ջերմությունը չի իջնում 37,6-ից, նրան պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց, սակայն նրա խափանման միջոցն այդպես էլ չի փոխվում։ Ու քանի որ նրա վիճակը գնալով ծանրանում է, նրա պաշտպանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Այսօր նրա պաշտպանները դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության միջնորդություն են ներկայացրել դատարանին, որը բավարարվել է։
Սուրեն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում գրված է․ «Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի է դարձել որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսացել քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ։ Նա գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին։ Նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալն է։
2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։
Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին․ նա, ի դեպ, Սուրեն Ավետիսյանի հոր ընկերն է, հեղ․) և Ցոլակ Գևորգյանին։ Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։ Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։
Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։ Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին»։
«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































