Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մինչեւ Ալեն Սիմոնյանի վարքագիծը անհրաժեշտ գնահատական չստանա, նման դեպքերը կարող են կրկնվել ու դառնալ հարցերը լուծելու նախընտրելի տարբերակ». Շուշան Դոյդոյան

Ապրիլ 09,2023 14:13

Ինչպես հայտնի է, մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կասկադում քաղաքացու երեսին թքելու միջադեպի հետ կապված: Նրանք պահանջել էին անհապաղ ձեւավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով եւ քննել Ալեն Սիմոնյանի վարքագիծը:

Հետո ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում ներողություն խնդրեց քաղաքացիներից, իր ձեւակերպմամբ՝ իրեն ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս գալու համար:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», ի թիվս այլ ՀԿ-ների, նույնպես ստորագրել էր հայտարարության տակ ու պահանջել քննել Սիմոնյանի վարքը, ուստի Aravot.am-ը կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին հարցրեց՝ բավարարվա՞ծ են արդյոք այդ ներողությամբ, թե՞ հայտարարության մեջ նշված պահանջը մնում է ուժի մեջ: Նա պատասխանեց, որ այդ միջադեպը պետք է քրեական գործ հարուցելու հիմք դառնար. «Կարծում եմ, ինչպես քրեական գործ պետք է հարուցվի տվյալ դեպքի առիթով, նաեւ էթիկայի հանձնաժողով ձեւավորվի՝ դեպքը քննելու համար, որպեսզի նման միջադեպերը հետագայում բացառվեն: Մինչեւ անհրաժեշտ գնահատական չստանա իշխանությունների կողմից այս վարքագիծը, նման դեպքերը կարող են կրկնվել ու դառնալ հարցերը լուծելու նախընտրելի տարբերակ»:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրել է ՀՀ քաղաքացիներից, բայց ոչ այն կանադահայ քաղաքացուց, որի երեսին թքել էր: Այսինքն, ներողությունը հասցեական չէր:

Եվ հետո Ալեն Սիմոնյանից բացի, միջադեպին մասնակից էին դարձել նաեւ նրա անվտանգության աշխատակիցները, որոնք վճարվում են պետբյուջեի միջոցներով: Փաստացի տեղի էր ունեցել պաշտոնական ռեսուրսների չարաշահում, որովհետեւ այդ ծառայությունը միտված է անվտանգության ապահովմանը, մինչդեռ կոնկրետ այդ դեպքում նրանք քաղաքացուն նվաստացնելու գործընթացի մեջ են ներգրաված եղել, ապահովել են, որ այդ գործընթացն ավելի փափուկ, հանգիստ իրականացնի ու չի եղել որեւէ պատասխանատվություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930