Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինա Վարդանյան․ Պատկերացնո՞ւմ ենք, թե 2500 ծառի հատումը ինչ մասշտաբի փոփոխությունների է հանգեցնելու Երևանում․ «Փաստ»

Ապրիլ 20,2023 09:00

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ եթե ծառը չունի ակներև վնասվածքներ, չի կարելի աչքաչափով նայել և որոշել՝ այն կենսունակ է, թե ոչ:

«Փողոցներում տարբեր տարիքի ծառեր էին: Ուլնեցի փողոցի վրա երիտասարդ ծառեր էին, որոնք աշնանը խոր էտի ենթարկվեցին, իսկ հիմա ամբողջ փողոցի ծառերը հատվեցին: Աշխարհում գոյություն ունի գործիքային հետազոտություն, որն օբյեկտիվ տվյալներ է տալիս բույսերի մասին: Նման մասշտաբի փոփոխությունը՝ 2500 ծառի հատումը, հանգեցնելու է շրջակա միջավայրի ցուցանիշների վատթարացման, ազգաբնակչության առողջության վրա ունենալու է բացասական ազդեցություն: Ունենք ուլտրամանուշակագույն ճառագայթների հավելյալ քանակ, որը չի փոքրացվելու ծառի սաղարթի հաշվին, փողոցներում կունենանք մեքենաների արտանետումների գերազանցում, օրինակ՝ մարտի վեցին 22 անգամ գերազանցվել էր փոշու մակարդակը: Այս ծրագիրն անպայման պետք է անցներ ՇՄԱԳ: Ավագանու 36 որոշման մեջ որևէ տեղ գրված չէ, որ կարելի է փողոցներում իրականացնել ծառերի զանգվածային հատում: Գոյություն ունի օբյեկտիվ մեթոդաբանություն՝ հատուկ սարքով ծառի բնից հանում եք միջուկը, դրա վրա պարզ երևում է, թե որքան է փտախտի մակերեսը: Կախված նրանից, թե որքան է փտախտի մակերեսը, փոփոխվում է ծառի կենսունակությունը, որովհետև ծառն ապրում ու պայքարում է և նույնիսկ փտախտի պարագայում կարող է մնալ: Հիմա չունենք որևէ օբյեկտիվ գնահատական»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վարդանյանը:

Ասում է՝ պատկերացնո՞ւմ ենք, թե 2500 ծառի հատումը ինչ մասշտաբի փոփոխությունների է հանգեցնելու Երևանում: «Բազմիցս նշել եմ, որ սակուրան չի կարող համեմատվել մեր հացենու հետ: Կամ հիմա գնդաձև սոսիները տեղադրել ենք Սայաթ-Նովա փողոցում կիզիչ արևի տակ՝ ծառին դատապարտելով երկարատև սթրեսի: Եվս մեկ բան՝ այդտեղ դրված էին լայնասաղարթ ծառեր, հիմա բերվում են պատվաստ տեսակի ծառեր, դրանք բարձրանալու հնարավորություն այլևս չեն ունենալու: Պետք է ձևավորվի ծառի արմատային համակարգը, հետո սաղարթը և այլն: Սրա համար ժամանակ է անհրաժեշտ: Այս ընթացքում մի շարք ռիսկեր են ի հայտ գալու՝ արտանետումներ, ասֆալտի գերտաքացում, որի հետևանքով գուդրոն է առաջանում, որ քաղցկեղածին նյութ է: Դատապարտում ենք ազգաբնակչությանը լուրջ խնդիրների: Նման ծրագրերն արվում են պիլոտային տարբերակով:

Օրինակ՝ պետք էր Երևանում վերցնել երեք փողոց, հատել ամեն երրորդ ծառը, փոփոխել այլ ծառատեսակով, երկու տարի անել մոնիտորինգ՝ հասկանալու համար, թե այդ ծառն ինչպե՞ս է հարմարվում Երևանի պայմաններում, լիարժեք կատարո՞ւմ է իր ֆունկցիան, թե՞ ոչ: Առանց ՇՄԱԳ-ի, առանց պետական լիազոր մարմնի թույլտվության՝ ՀՈԱԿ-ը որոշել է հատել այդքան ծառ: 20 տարի է՝ գիտության ոլորտում եմ, զբաղվում եմ կանաչապատումով, միջազգային փորձագետ եմ, որևէ տեղ չեմ տեսել, որ կարելի է շոգ հարավային քաղաքում հատել տարբեր տարիքային գոտում գտնվող ծառատեսակներ և բոլորի պարագայում անխտիր ասել, որ այդ ծառերը փտած էին: Ես հակառակն եմ ասում՝ Ուլնեցի փողոցի ծառերը նորմալ վիճակում էին»,-եզրափակում է Վարդանյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930