Առաջարկվող փոփոխություններով գլոբալ խնդիրներ չեն կարգավորվում, դրանք քաղաքացիական դատավարության բարեփոխումներին չեն նպաստում՝ փոխարենը որոշակի փոփոխություններ էլ ավելի կծանրաբեռնեն ողջ դատավարական գործընթացը: Այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Նպաստո՞ւմ են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունները արդար դատաքննության իրավունքի իրացմանը» թեմայով քննարկմանը:
Փաստաբանի դատարկմամբ, առաջարկվող փոփոխություններով դատարաններում առկա գործերի ծանրաբեռնվածությունն ու գործերի ոչ արդյունավետությունը չի լուծվում: Անդրադառնալով նոր կարգավորումներով ծանրաբեռնվածության ավելացմանը՝ Հովհաննիսյանը կոնկրետ օրինակներ բերեց. «Նախկին կարգավորումներով դատավարական փաստաթղթերի ներկայացման, այսպես ասած 2 ռեժիմ կա, դատական նիստից դուրս և դատական նիստի ընթացքում: Եթե անձը փաստաթուղթը ներկայացնում է դատական նիստից դուրս, ապա անձը ստիպված է այդ փաստաթղթի կրկնօրինակները փոստով ուղարկել գործի մասնակիցներին և փոստի առաքանիների կտրոնները կցել դատարան ներկայացվող փաստաթղթերին: Կա բացառություն 2-րդ ռեժիմով՝ փաստաթղթերը ներկայացվում են դատական նիստի ընթացքում, որի ժամանակ պետք է փաստաթղթերը պարզապես ներկայացնել գործին մասնակցող տվյալ դատական նիստին ներկա անձանց: Նոր փոփոխություններով առաջարկվում է դատական նիստի ընթացքում անգամ, այդ փաստաթղթերը հետագայում ուղարկվեն գործին չմասնակցող մյուս անձանց, ովքեր դատական նիստի ժամանակ պատշաճ ծանուցված լինելով՝ իրենց իրավունքներից ելնելով որոշել են չմասնակցել: Սա իմաստազրկում է հենց գործերի բանավոր քննության նշանակությունը, այսինքն` մենք որդեգրել ենք, որ գործերը պետք է քննվեն բանավոր ընթացակարգով՝ դատական նիստի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումներն արտահայտեն, ինչը չի սահմանափակում նաև այդ դիրքորոշումները: Կողմը, որը օգտվելով իր իրավունքից, որոշել է, որ չպետք է ներկա գտնվի դատական նիստին՝ ինքնըստինքյան զրկում է իրեն դատական նիստի ընթացքում ներկայացվող փաստաթղթերին այդ պահին ծանոթանալու իրավունքից, նա կարող է հետագայում դիմում գրել և ծանոթանալ գործի նյութերին: Դա ավելի քան տրամաբանական է, որ դու չպետք է կրես պարտավորությունը դատական նիստին չներկայացած անձանց փաստաթղթերով ապահովելու պարտականությունը»:
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ըստ հիմնավորումների՝ նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը կիսելով նախորդ բանախոսի տեսակետը՝ տպավորություն հայտնեց, թե դատարանում առկա պրակտիկ խնդիրները պարզապես օրենսդրական ամրագրումներ են ստացել:
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի փաստաբանների համակարգող Ցոլակ Մարգարյանը ևս այն կարծիքին է, որ թեպետ որոշակի փոփոխություններ արվել են, բայց դրանք էական, անկյունաքարային փոփոխություններ չեն կարող մտցնել քաղաքացիական դատավարության գործընթացում և չեն նպաստում դատավարության պրակտիկայում առկա խնդիրների կարգավորմանը
Քննարկումը կազմակերպվել էր «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































