Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կկրճատվեն Շիրակի մարզպետարանից․ մանրամասնում է Շիրակի մարզպետը

Մայիս 05,2023 19:15

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան այսօր ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր օրը՝ բավական մանրամասն ներկայացնելով Շիրակի մարզի տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքները։

Նա անդրադարձավ քաղաքաշինությանն՝ առանձնացնելով ճանապարհաշինությունն ու վթարային շենքերի հիմնախնդիրը, խոսեց սուբվենցիոն ծրագրերից, գյուղատնտեսությունից, ջրամբարների լցված լինելուց, քաղաքացիներ ընդունելուց ու նրանց կողմից բարձաձայնվող հարցերից։ Մուշեղ Մուրադյանն անդրադարձ կատարեց նաև ծնունդների թվի աճին, առանձնակի հպարտությամբ խոսեց սպորտային ոլորտում մարզի ունեցած հաջողությունների, Հայաստանի դրոշն աշխարհով մեկ ծածանող չեմպիոնների մասին։

Մարզպետը տեղեկացրեց, որ 2023-ին քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով կիրականացվի 22,1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Ըստ բանախոսի, շուրջ 4,5 մլրդ դրամ կուղղվի կրթական, մշակութային և մարզական 16 օբյեկտների կառուցմանն և հիմնանորոգմանը, 3 մլրդ դրամ՝ բնակարանաշինությանը։ Ըստ նրա, 1 մլրդ դրամի մասնավոր ներդրումներ են կանխատեսվում։

Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ գումարի առյուծի բաժինը ճանապարհաշինությանն է հատկացվում՝ 13,5 մլրդ դրամ, որից 10 մլրդը շուրջ կուղղվի 66 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգմանը։

Մարզպետը շեշտեց, որ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտներն ավելացել են, եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում կատարվել է 80 տոկոս, ապա այժմ՝ 87,8 տոկոս է։ Թեև ըստ մարզի ղեկավարի, այդ աճն էլ բավարար չէ ու դեռ անելիքներ ունեն այս առումով։

Aravot.am-ը Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեց, թե մարզպետարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ի՞նչ հաստիքներ են կրճատվելու և աշխատակիցների քանի՞ տոկոսն է անաշխատանք մնալու։ Մենք հիշեցրեցինք, որ ի սկզբանե խոսվում էր 20 տոկոս կրճատումների մասին։

Մարզպետը պատասխանեց․ «Կառուցվածքային փոփոխություններն աշխատանքի որակի բարձրացմանն են միտված։ Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, ինչպես իմ պաշտոնավարման հենց սկզբի օրերին եմ ասել՝ այո՛, լինելու են, բայց այն քանակը, այն մտահոգիչ մասը չի կարող լինել, որովհետև մենք այսօր ունենք նաև թափուր հաստիքներ, որոնք չենք համալրվում և հնարավոր կլինի մեկը մյուսով փակելու։ Իսկ կառուցվածքային փոփոխությունները կլինեն ստորաբաժանումների վերամիավորմամբ»։

Մարզպետը նշեց, որ դեռ ծանուցումներ չեն տվել աշխատակցներին, քանի որ վաղ է այս մասին խոսելը, դեռ պիտի հաստատվի թվաքանակը։

Նա տեղեկացրեց, որ գործընթացը պետք է ավարտվի հունիսի մեկին, բայց այս պահին դեռ իրավակարգավորման գործընթացի մեջ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031