Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կողքին է Սասուն Միքայելյանը՝ Շուշին ազատագրողի՞, թե՞ հանձնողի. Էդուարդ Շարմազանով

Մայիս 09,2023 14:47

«Դառնություն ենք զգում, ափսոսանք ենք զգում, միաժամանակ հպարտություն ենք զգում կենդանի երկինք գնացած մեր հերոսների համար։ Հպարտ ենք մեր պապերի համար, ովքեր հայրենական պատերազմում կռվեցին հանուն Հայաստանի ազատագրության։ Ես պատահական չեմ ասում՝ հանուն Հայաստանի ազատագրության, որովհետև ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում՝ Թուրքիան բացելու էր երկրորդ ֆրոնտը և Հայաստանը վերածվելու էր թուրքական վիլայեթի։ Փառք ու պատիվ 314 հազար զոհված հայ հերոսներին, Խորհրդային միության 114 հերոսներին, 5 մարշալներին, 100-ից ավելի գեներալներին, 27 փառքի շքանշանակիրներին։ Ի դեպ, այսօր այստեղ մեզ հետ հանրապետականների շարքերում է Հայկը Սևոյան, որի պապը եղել է փառքի շքանշանակիր։ Ուզում եմ ասել, որ Բեռլինը գրավող, Ստալինգրադն ու Լենինգրադն ազատագրող հերոսների թոռները հետո ազատագրեցին Շուշին։ Ցավոք, 2018 թվականին Հայաստանում եղավ աշխարհաքաղաքական գույնզգույն հեղափոխություն, որի արդյունքն այն կորուստներն են, որոնք ունեցանք»,- այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իշխանություններն այսօր խոսում են դավաճանության մասին, բայց Շուշին հանձնել են իրենք։

Այսօր մայիսյան Եռատոնի առիթով, Հաղթանակ զբոսայգի այցելեցին նաեւ ՀՀԿ անդամները:

«Հանձնել են, երբ չեն համաձայնել Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկին, որով, ըստ Պուտինի, Շուշին մնալու էր հայկական։ Հանձնել են, երբ Հայաստանը բաժանել են սևերի ու սպիտակների, կազմաքանդել են հայոց բանակը, Արցախի նախագահ Բակո Սահակյանին անվանել են մարզպետ։ Ցավով եմ ասում, քանի դեռ այս կապիտուլյանտ իշխանությունն է Հայաստանում, մենք եղածը պահելու խնդիր ունենք։ Տեսնում ենք, որ արդեն Հայաստանի գոյությունն է վտանգի տակ, թուրքը հասել է Գեղամա սարեր»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։

Հարցին՝ ի՞նչ է պետք սպասել ընթացիկ բանակցություններից՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ Նիկոլն է բանակցում, ոչ մի լավ բան պետք չի սպասել։ Ինչ սպասել մի մարդու բանակցածից, ում ուղեղին միայն զիջելն է։ Ես ասել եմ ու ասում եմ, նա զիջելու է մինչև իր աթոռը։ Կանգառը կլինի այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կբռունցքվի ու կհասկանա, որ փրկությունը Նիկոլից ազատվելու մեջ է»։

Լրագրողները նկատեցին, որ փորձ է արվում Մոսկվային դուրս թողնել բանակցություններից: Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «2018 թվականն ունեցել է երկու նպատակ. նախ՝ ուրանալ Արցախյան ազատագրական շարժումը, Արցախը թողնել Ադրբեջանի կազմի մեջ, ինչն այսօր «հաջողությամբ» արվում է, և երկրորդը՝ Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային վեկտորը Ռուսաստանից փոխել դեպի Թուրքիա, Եվրոպա էլ չէ, Թուրքիա։ Հայաստանի պետական շահի տեսանկյունից նման փոփոխությունը տգիտություն է, որովհետև մեր ժամանակ Հայաստանը դաշնակցում է Մոսկվայի հետ, իսկ հիմա պետք է մտնի Անկարայի տակ, հետ չէ, տակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ռուսների դեմ խոսելու տեղ չունի, որովհետև կանգնել ու հայտարարել է, որ Ռուսաստանն է մեր սպառնալիքը, ոչ թե Թուրքիան։ Իսկ ես համաձայն եմ ՌԴ դեսպանի երեկվա այն ասածին, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին՝ Ստեփանակերտն այսօր լրիվ այլ տեսք կունենար, կլիներ Խանքենդի։ Միգուցե Նիկոլը դժգոհ է ռուսներից, որովհետև Շուշին կարողացավ Շուշա դարձնել, բայց չկարողացավ Ստեփանակերտը Խանքենդի դարձնել։ Չի ստացվելու։ Հայաստանի ապագան ազատագրական պայքարն է’ Ռուսաստանի ու Իրանի հետ դաշնակցության զարգացմամբ, բայց Նիկոլով դաշնակցություն չի լինելու, որովհետև դաշնակցում են վստահելի մարդու հետ, ոչ թե նրա, ով առավոտյան գնում է Վաշինգտոն, ցերեկը գնում է Մոսկվա, երեկոյան՝ Պրահա։ Բա եթե համաձայն էր ռուսների տարբերակին, Շարլ Միշելի հետ ինչ էր բանակցում։ Մոսկվայի տարբերակին կողմ լինողը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ինքնորոշման իրավունքից է խոսում։ Լավրովն ասաց, որ ռուսական պլանով կարգավիճակի հարցը թողնվում է ապագային, իսկ արևմտյան պլանով նման հարց ընդհանրապես չկա։ Էդ պայմաններում ուր է գնում, ինչ է բանակցում։ Չի կարող չէ Լավրովը Փաշինյանից ավելի հայ լինել»։

Լրագրողները հիշեցրին նաև Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ Շուշին ազատագրում են գործով, ոչ թե խոսքով: Էդուարդ Շարմազանովը պնդեց, որ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ազատագրել են, իսկ Նիկոլը տվել է։ Նա լրագրողներին հորդորեց Սասուն Միքայելյանից ճշտել, թե նա ո՞ւմ կողքին է։

«Այսօր մենք գտնվում ենք մեր պատմության դժվարագույն էջերից մեկում, սակայն պիտի համախմբվենք ու հասկանանք, որ փրկությունը մեր ձեռքերում է, ոչ ոք կուզիկին չի օգնելու, մենք պետք է ուժեղ լինենք։ Պետք է գիտակցել, որ առաջին քայլը այս կապիտուլյանտ իշխանության հեռացումն է, եթե Նիկոլը մնաց Հայաստանի ու Արցախի պետականությունների պահպանման դռները փակվելու են»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031