Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու. Մանե Թանդիլյան

Մայիս 15,2023 12:16

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով հանգանակության երեկոյին։

Փաստավավերագրական ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի մոտիվներով, ռեժիսորը՝ Լիլիթ Մխիթարյանն է։ Պատմությունը որբանոցներում միասին մեծացած 34 կանանց մասին է, որոնք վավերագրվում են նրանց ժառանգների պատմածի շնորհիվ․ Գյումրու որբանոցներում ապաստան գտած հայ կանայք, փրկվելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից, կարողացան ապրել և սերունդ թողնել։

Միջոցառման վայրն էլ պատահական չէ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է․ ամենայն հայոց բանաստեղծը հայոց վիշտն իր սրտում կազմակերպում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի կեցության հարցերը։

Գրքի հեղինակ Անի Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, որ մահը հաղթած մարդկանց պատմությունները չմոռացվեն, գրվեն, դրանց մասին ֆիլմեր լինեն։ «Մենք պիտի օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը մեր պատմության մասին»։ Նա նաև շեշտեց․ «Պատահական չէ գրքի անվանման ընտրությունը, որտեղ շեշտը դրված է հենց «հաղթել» բառի վրա, որովհետև ես ուզում եմ, որ մարդկանց, որոնք ապրեցին, մենք վերաբերվենք որպես հաղթողների և ոչ որպես զոհերի»։

«Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով հայ ժողովրդի ցուցաբերած բացառիկ կամքի և ուժի դրսևորման մասին, նշեց․

«Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նույն սխալները՝ մեր կողմից: Այս օրերին մեր աչքի առջև մեր պատմությունը կրկնվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին ևս սխալվեցինք՝ ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի։ Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել»:

Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ ուժեղ և կարող պետություն ստեղծելու գործում Ցեղասպանությունից հետո ձևավորված մեծ Սփյուռքը ունեցել է անչափելի ներուժ, որը մենք, որպես պետություն, տարիներ շարունակ սխալ նպատակով ենք օգտագործել՝ակնկալելով հիմնականում նյութական աջակցություն և ոչինչ ավելին:

Իր խոսքի վերջում նա հավելեց, որ մենք պարտական ենք ստեղծել այն ամուր պետությունը, որը թույլ չի տա, որ 1915թ. տեղի ունեցած ոճիրը երբևէ կրկնվի հայ ազգի նկատմամբ:

Սփյուռքի կարևորության մասին իր ելույթում խոսեց նաև ավստրալահայ հայրենադարձ Մասիս Ինգիլիզյանը, որը ևս Ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է և տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակն է եկել սփյուռքում ունեցած հայապահպան մոտեցումը վերաիմաստավորել և վերաձևակերպել: Հայերեն խոսելուց, հայի հետ ամուսնանալուց զատ, Մասիսը Սփյուռքին կոչ է անում հնարավորինս ակտիվացնել և մեծացնել կապը հայրենիքի հետ, ավելին՝ հետևել իր օրինակին և վերադառնալ ու ապրել Հայաստանում:

«Հայաստանը սիրելը դժվար չէ: Այո՛, կան դեռ շատ խնդիրներ հայրենիքում, սակայն դրանք լուծել կարող ենք միայն բոլորս միասին՝ համատեղ ուժերով», – նշեց հայրենադարձը:

Անդրադառնալով գրքում զետեղված պատմությունները էկրանավորելու իր մոտիվացիային՝ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանն էլ ասաց․ «Ֆիլմը չի լինելու որբանոցում մեծացած լալկան աղջիկների մասին, այն լինելու է ուժեղ հայ կանանց պատմություն, որոնք, անցնելով ցեղասպանության ճանապարհը՝ մնացել են ուժեղ և չեն ընկրկել»:

Երեկոյին ելույթ ունեցավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով պատմեց մեծ բանաստեղծի՝ հայ որբերին ապաստան տալու և Հայ դատի տարածման մեջ ունեցած ահռելի հայրենանվեր գործի մասին։

«Արհավիրքի շրջանում, պատերազմական իրավիճակում, կազմակերպված գործելը քո վաղվա հարատևության կարևորագույն գործիքն է,- նշեց նա՝ գրողի մասին խոսելիս, ապա հավելեց, -Թումանյանը իր ազգի ոգին փրկելու կարիք ուներ»։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031