Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան․ «Բանակցային սեղանի վրա արդեն դրված է ադրբեջանական համայնքների, այսպես կոչված, վերստեղծման հարցը ՀՀ-ում՝ ուժային զուգորդմամբ»

Մայիս 23,2023 17:10

«Բանակցային սեղանի վրա արդեն դրված է ադրբեջանական համայնքների այսպես կոչված՝ վերստեղծման հարցը ՀՀ-ում, այդ թվում՝ ուժային զուգորդմամբ, որպեսզի Ադրբեջանի ուժայինները ներկա լինեն Հայաստանի տարածքում։ Այսպիսով` մտածել, որ Արցախով կարելի է պրծնել, սխալ է»,-այս մասին այսօր «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Presentation of the ‘Free Artsakh-Hayakve’ legislative initiative took place at Alexander Hotel of Yerevan, Armenia

Նախաձեռնության նպատակն է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարել հետեւյալ բովանդակությամբ՝ ՀՀ անունից պաշտոնատար անձի կողմից Արցախի ինքնիշխանությունը շրջանցող, Արցախն այլ պետության կազմի մեջ ճանաչող հայտարարություններն ու գործողությունը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը պատժվում են 10-15 տարի ազատազրկմամբ։ Որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը անցկացվի ԱԺ-ում, ինչպես ասում են նախաձեռնության անդամները, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն, ինչի համար էլ ստորագրահավաք են սկսում։

Միքայելյանի ներկայացմամբ՝ կա կարծիք, թե եթե զանգվածային ընդվզումներ չկան, ապա ժողովուրդն ամեն ինչ ընդունում է, իրականում դա այդպես չէ, քանի որ ավելի շուտ առաջարկն է ծնում պահանջարկ, քան հակառակը։

Նրա խոսքով՝ 2018-ից մեր երկրում ստեղծվեց անձի պաշտամունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, եւ շատերին թվում է, թե դա օրգանիկ գործընթաց է, սակայն դա կառավարվում էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, «նույնը Ստալինն է արել»

«Ցանկացած քաղաքական կամ սոցիալական գործընթաց միշտ ինչ-որ կառավարում է պահանջում, նույնը վերաբերում է Հայկական իրավունքների վերականգնման գործընթացին, դա աբստրակտ գործընթաց չէ, դա կոնկրետ գործողություն է»,-ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց Հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնք փաստում են, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ այս իշխանության քաղաքականությունը Արցախի վերաբերյալ ճիշտ չէ․ «Այդ վերջին հարցումներից մեկում տրվել են հարցեր, թե ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունենք այս իշխանության ներքո, 43%-ը ասել է, որ չկա որեւէ ձեռքբերում, 21%–ը չի կարողացել որեւէ ձեռքբերում նշել, եւ միայն 6 %-ն է ասել, որ կորուստ չկա։ Սա լավագույն ցուցիչն է, թե իրականում ինչ տրամադրություններ կան։ Այսինքն, զանգվածային գիտակցությունն առ այն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է, կա։ Բայց դա պետք է գործողության վերածվի, որին կարող է լավ օրինակ լինել «Ազատ Արցախ- Հայաքվեի» գործընթացը»։

Միքայելյանի խոսքով՝ մարդկանց մոտ կա սպասելիք, որ գործընթացը, որի մեջ իրենք կարող են ներգրավվել, չի լինելու մարգինալ, եւ չի լինելու էքսկլյուզիվ, այլ լինելու է ինկլյուզիվ, այսինքն, այն բաց է լինելու բոլորի ներգրավվածության համար։

Նրա դիտարկմամբ՝ իշխանության դեմ գործընթացը պետք է լինի ոչ թե ներքին քաղաքական պայքարի շրջանակում, այլ՝ Արցախի հարցով։

Վերադառնալով հարցմանը, քաղաքագետը նշեց՝ փորձել են ճշտել՝ արդյոք արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, թե ոչ, հարցվածների 97․2 %-ն ասել է` ոչ․ «Մյուս հարցը՝ արդյոք սատարում եք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն Արցախի հարցում, ընդամենը 2%-ն է ասել, որ սատարում է, ե 53 %-ը դեմ է եղել»։

Նրա համոզմամբ՝ այս իշխանությունները իրենց քաղաքականության, այդ թվում՝ հակաարցախյան, օգտագործել են զանգվածային կեղծիքի եւ հետճշմարտության գործիքակազմը․ «Այսպես կոչված՝ Perfect TV եւ նման ալիքներ»։

Միքայելյանի ներկայացմամբ՝ հայկական շարժման համար հաղթանակներ են հարկավոր․ «Թող լինեն միջանկյալ հաղթանակներ, դա արդեն փոխելու է ամբողջ իրավիճակը երկրում, պարտադիր չէ բոլոր հարցերը միանգամից լուծել։ Հայ ազգի պատմական լինելիության հարց է դրված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից եւ ներկա իշխանությունները, տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիաի տրամաբանությամբ են գործում»։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքը․ «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Կարեւոր է այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031