Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն․ Արայիկ Հարությունյան

Մայիս 28,2023 10:30

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:

Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելիության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության  ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։

Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու,  աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։

Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031