Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

Մայիս 30,2023 13:23

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։

«Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաեւ շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Եվ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Հարցին, թե Ադրբեջանը շարունակո՞ւմ է պնդել «միջանցքի» մասին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ինքներդ գնահատեք, այդ թվում՝ վերջին խոսակցությունն ու հայտարարությունները դրա շուրջ»։

Նա հավելեց․ «Ես հույսով եմ, որ նման քննարկում չի լինի, որովհետեւ մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվի եռակողմ հանդիպում եւ նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետեւ առնվազն դա անիմաստ է, մենք չենք քննարկում այդ հարցը»։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը․ «Այդ սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանը եւ ի վերջո ապաշրջափակմանը, ինչն իմ կարծիքով կարեւոր նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի հայկական կողմը, երբ հայտարարում են, որ ՀՀ ճանապարհներին մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նման քննարկում այս պահին չկա։ «Օրակարգում նման հարց մենք չենք մշակել։ Նման գաղափարներ եղել են, շրջանառվել են, բայց մշակված ձեւաչափ այս պահին չկա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031