Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ՝ բան չի տալիս, բացի բարոյական շոյվածությունից. Զարեհ Սինանյան

Մայիս 31,2023 18:45

«Մեկնաբանելու բան չկա, մարդիկ կան, որ դժգոհ են տարբեր բաներից»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են իրեն վատ ընդունում Սփյուռքում:

Սինանյանը նաեւ ակնարկեց, որ իրեն վատ են վերաբերվում հատկապես Սփյուռքի ավանդական կուսակցությունները, մասնավորապես՝ դաշնակցականները. «Դա հիմնականում մեկ կուսակցություն է, որը  նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել եւ շատ վատ հետք է թողել իր հետեւից: Նրանց կողմից է կազմակերպվում ամեն բան: Թե ինչու են այդպես անում, իրենց հարցրեք: Մյուս կատեգորիան էլ մարդիկ են, որոնք Հայաստան հիմնադրամին տված գումարներն են պահանջում»:

Զարեհ Սինանյանն ասաց, որ այնուամենայնիվ  կշարունակեն աշխատել Սփյուռքի հետ, որտեղ ըստ նրա, անաչառ տեղեկատվության մեծ պակաս կա: Հարցին՝ Սփյուռքում ինչպե՞ս են ընդունել վարչապետի հայտարարությունը՝ Արարատ լեռան հետ կապված, պաշտոնյան այսպես պատասխանեց. « Սփյուռքի 7 միլիոնից որ հատվածի մասին եք ասում…Այո Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամենաբարձր լեռը Արագածն է, դուք երեւի վարչապետի ասածի հոգեբանական պահը չեք հասկացել կամ գուցե հասկացել եք: Տեսեք՝ մարդն ասել է՝ Արագածն էլ է մեր լեռը, մանավանդ մեր տարածքում է, եկեք Արագածն էլ սիրենք, ինչ վատ բան է ասել»:

Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին, որը կարծես հետին պլան է մղվել, այս մասին էլ Զարեհ Սինանյանն ասաց. «Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը, ճանաչվել է, գործընթացը վերջացավ, ավարտվեց…Մեր ցեղասպանության հարցը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, որը մնացել է եւ ապրում է իր հայրենի պատմական հողի վրա, այդ ժողովրդի անվտանգության հետ:

Այսինքն պետք է ասենք՝ ոչ թե Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ու կարեւոր է ճանաչելը, որովհետեւ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածքներում…Ցեղասպանության ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք միայն մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…Մենք այդ հարցը պետք է կապենք միայն մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում»:
    Ուղղակի դուք ո՛չ բավականաչափ շնորհք ունեք դրա համար, ո՛չ գիտելիքների պաշար ու ո՛չ էլ ցանկություն: Սակայն Դուք մի նեղացեք. այսքան տարի վարչապետի կողքին գտնվողն ըստ սահմանմա՛ն չի կարող երկրի համար լավ գործ անելու ունակ չինովնիկ լինել: Նա դատապարտված է հլուհնազանդ միջակություն լինելու, ինչպիսին, հազար ներողություն, Դուք եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031